«Մենք չորսն էինք և ապրում էինք Նեսեում երջանիկ, այնքան, որքան երջանիկ են իմ պատմությունների երեխաները»,- իր մանկության մասին գրել է Աստրիդը:

Աստրիդ Լինգրենը, ում հարյուրամյակը ողջ աշխարհում նշվեց 2007թ.-ին, ծնվել է 1907թ.-ի նոյեմբերի 14-ին հարավային Շվեդիայում գտնվող փոքրիկ Վիմմերբյու քաղաքում, ֆերմերի ընտանիքում:
Հարևանները զարմանում էին, թե որքան սիրառատ ընտանիք էր նրանց ընտանիքը:
Աստրիդի ծնողները մինչ խոր ծերություն պահպանում էին միմյանց հանդեպ սերն ու կապը:

Էրիկսոնների ընտանիքում (աղջկական ազգանունը ' Աստրիդ) երեխաներին չէին նախատում չարաճճիությունների համար, բայց նաև չէին խրախուսում ծուլությունը: Աստրիդը 6 տարեկանից սկսած եղբոր ու քույրերի հետ միասին օգնում էր ծնողներին ֆերմայում աշխատելիս: Նա հիանալի սովորում էր, հատկապես լեզուներ ու գրականություն: Մի անգամ նույնիսկ տեղի թերթում տպագրվում է Աստրիդի շարադրություններից մեկը: Դրանից հետո նրան կատակով անվանում էին «Վիմմերբյուի Սելմա Լագերլյոֆ (19րդ դարի շվեդ գրող)»:
Աստրիդի քույրերից մեկը դարձավ թարգմանչուհի, մյուսը' լրագրող, իսկ եղբայրը դարձավ շվեդական խորհրդարանի անդամ, այս ամենի առիթով Աստրիդի հայրը ասել է' «Զարմանալի երեխաներ ունեմ: Նրանք բոլորն աշխատում են բառերի հետ»:
Արդեն հասունացած Աստրիդը, որը միշտ առանձնանում էր իր համառ բնավորությամբ, որոշում է դուրս գալ ծնողական հովանավորության տակից և ինքնուրույն կյանք սկսել: Սկսում է լրագրող աշխատել: Ինչպես իր հասակակիցներից շատերը նա կարճ կտրում է մազերը, տարվում է ջազով և նորաձև պարերով: Թվում էր'ամեն ինչ հիանալի է, երբ 19ամյա Աստրիդը հղիանում է իր նախկին ընկերոջից: 20-ական թվականների փոքրիկ քաղաքում սա խայտառակություն կլիներ նրա համար և աղջիկը որոշում է հեռանալ Ստոկհոլմ, որտեղ իրեն ոչ ոք չգիտեր: Նոր կյանքը լի էր դժվարություններով: Անհարմարավետ կենցաղի ու չստացված կյանքի պատճառով նա ստիպված նորածին տղային տալիս է որդեգրող ընտանիքի: Հետագայում սա երկուսի կյանքում էլ դաջվում է որպես խոր դրամա:
Աստրիդը երկար ժամանակ քարտուղարուհի է աշխատում, մինչև վերջապես հանդիպում է
Ստուրե Լինգրենին: 1931թ.-ին նրանք ամուսնանում են և Աստրիդը վերջապես կարողանում է ետ վերցնել որդուն' Լարսին:
Շուտով ծնվում է նրանց դուստրը' Կարին և հենց այդ օրն էլ ծնվում է գրող Աստրիդ Լինգրենը: Երբ մի անգամ փոքրիկը հիվանդանում է, մայրը ամեն երեկո քնելուց առաջ նրան անհավանական պատմություններ է պատմում: Այսպես ծնվում է նրա ամենահայտնի հերոսուհիներից մեկը ' Երկարագուլպա Պեպպին:

«Տարբեր գուլպաներ կրող աղջիկը շատ էր հիշեցնում ինձ, երբ փոքր էի»,- խոստովանել է Լինգրենը:

Աստրիդը միշտ ելույթ էր ունենում երեխաներին դաստիարակելու մեղմ միջոցների օգտին, նա գտնում էր, որ երեխաներին պետք է դաստիարակել այն մեթոդով, որը թույլ է տալիս հաշվի նստել նրանց ցանկությունների ու կարծիքի հետ: Գուցե հենց սա էր պատճառը, որ Լինգրենի «Պեպպիի» առաջին ձեռագիրը մերժվեց հրատարակչի կողմից և հրատարակման թուլտվություն ստացավ միայն 1944թ.-ին:
1944-1950թթ. Լինգրենը հասցնում է գրել «Երկարագուլպա Պեպպի» եռագրությունը, 3 գիրք միայն աղջիկների համար, դետեկտիվ, հեքիաթների 2 հավաքածու, երգերի հավաքածու, 4 պիես և այլն: Ինչպես երևում է ' Աստրիդը բազմաժանր գրող էր, պատրաստ փորձարկումներ անել ցանկացած ժանրում:
1945թ-ին Լինգրենը դառնում է մանկական գրականության հրատարակչության խմբագիրը, այստեղ էլ տպագրվում էին նրա գրքերը:
Մի քանի տարի անց հրատարակվում է երիտասարդ խուզարկու Կալլ Բլյումկվիստի մասին պատմող երեք գրքերից մեկը իսկ 1955-ին լույս է ընծայվում տանիքին ապրող մարդու' Կարլսոնի մասին պատմող հեքիաթը: Քչերը գիտեն, որ չարաճճի և մի քիչ էգոիստ Կարլսոնը ուներ իր նախատիպերը նրա այլ 2 հեքիաթներում: Կարլսոնը դարձավ նրա 2 ոչ այնքան հայտնի հերոսների հավաքական կերպարը: Ըստ Լինգրենի' նրա արկածների ու չարաճճիությունների շնորհիվ երեխաները կարողանում էին կտրվել իրականությունից, սա, այսպես ասած, դաժան կյանքի հակառակ կողմն էր: Սակայն այս կարծքը շվեդիայում այքան էլ չէին կիսում, մինչ օրս էլ Կարլսոնը համարվում է բացսկան կերպար' անկուլտուրական և էգոիստ: Լինգրենը, թեև բավական հարուստ գրող էր, բայց միշտ ապրեց հասարակ, առանց ճոխությունների: Նա մինչ կյանքի վերջն ապրեց այն փոքրիկ տանը, որտեղ իր ընտանիքը հիմնվել էր պատերազմի տարիներին:

Նրա կարծիքը իր ուրույն տեղն ուներ Շվեդիայի հասարակական կյանքում: Այնտեղ հենց նրա ելույթների ազդեցությամբ առաջին անգամ Եվրոպայում ընդունվեց օրենք երեխայի իրավունքների պաշտպանության մասին:

Նրա Մեծ որդին' Լարսը, դեռ մանկուց հպարտանում էր մորով, իսկ մեծ հասակում սիրում էր պատմել նրա չարաճճի արարքների մասին:
«Նա այն մայրերից չէր, ով նստարանին արևածաղիկ էր ուտում ու հետևում երեխաների խաղին, ոչ, նա անպայման պետք է մասնակցեր այդ խաղերին, և անկեղծ ասած, ինձ հիմա թվում է, որ դա նրան դուր էր գալիս ոչ պակաս քան ինձ»,- պատմում է Լարսը:
Լինգրենը երեխաներին հեքիաթ նվիրեց անգամ մահից հետո: Ստոկհոլմում բացվել է Աստրիդ Լինգրենի «Յունիբակեն» թանգարանը: Հեքիաթային գնացքը կտանի Ձեզ հայտնի շվեդուհու աշխարհը: Կարելի կլինի այցելել Կարլսոնի տուն, հետո դառնալ Նիլսի նման փոքրամարմին և քիթ-քթի հադիպել ահռելի առնետին, կարող եք հանդիպել Մադիկեն անունով աղջկնակին և այլ հեքիաթների հերոսների: Իսկ ամենաուրախալին երեխաների համար այն է, որ թանգարանում նրանք կարող են անել այն, ինչ ցանկանան, նրանց ոչինչ չի արգելվում:
Աստրիդ ԼԻնգրենը 1958թ.-ին ստանում է Անդերսենի անվան շքանշան, որը համարվում է մանկական գրականության Նոբելյան մրցանակ:
Անի Մաղաքյան