Քո նեղ, մաշված պատուհանագոգին ընկած են իմ թաց ուսերը թույլ: Քո պատուհանագոգին ինձ ծանոթ շունչն եմ զգում: Քո պատուհանագոգին, քո ապակուն մի ողջ աշխարհ եմ զգում: Այս սենյակը անսովոր դասավորություն ունի: Սենյակ, ուր միայն մի հայելի կա: Հիմա ես այդ հայելու մեջ քեզ եմ տեսնում, իմ թիկունքն եմ զգում ու թաց ուսերս: Քո սենյակն այն վայրն է, ուր ես ծնվել եմ ( քեզ սիրելու համար ), ուր իսկական աշխարհի իրական անսահմանությունն եմ տեսել, ուր ընկել են իմ թաց ուսերը ուժեղ հարվածից, ուր ծնվել եմ, որ մահանամ, մահացել եմ, հետո էլի ծնվել:
Դու դուրս ես եկել. շունչդ է մնացել ապակուն, սուրճդ դառը, դատարկ սենյակը: Երբ սենյակում չես, հայելին կիսատ է: Ես պատուհանագոգը մաքրում եմ իմ թաց ուսերից ու մոտենում հայելուն: Զգույշ եմ մոտենում, որ չհասցնես թաքնվել: Հիմա, քանի դեռ սենյակում չես, պիտի ուշադիր զննեմ աշխարհներդ, մտքերդ, քեզ պիտի զննեմ: Աչքերս խորը թաղվում են քո հայելու մեջ՝ մինչև հատակը: Չգիտեմ, սա ասես խաբկանք է: Կենդանու աչքե՞ր են, ինչ է. ինձ են նայում: Չէ՛, չեն նայում, տանջում են, դատապարտում, ասես հանցագործի մահապատիժ են կարդում: Հետ-հետ եմ գնում շանթահարվածի նման: Ի՞նչ է սա: Արդյո՞ք հոգնած սպասումիս պատճառն է: Ո՞վ է ապրում այնտեղ՝ ներսում, քո սենյակում, քո հայելու մեջ, ո՞վ է այդ կենդանին: Դրանք հաստատ կենդանու աչքեր են, որովհետև մարդկային աչքերն այդ տեսակ չեն կարող այրել: Ինձ հաղթում է իմ գայթակղությունը: Նորից եմ նայում ներս: Այդ դեմքը կիսով չափ է երևում, միայն աչքերն են խոր ընդգծված: Դրանցից զայրույթի կրակներ են ժայթքում: Ես խորն եմ նայում, կոպերս սկսում են վառվել այդ կրակներից: Իսկ եթե թարթեմ աչքերս, հնարավոր է դու չքվես: Չէ, նորից այստեղ ես, չես անհետանում, դու ստիպում ես ինձ ընկրկել: Սա նման է հիպնոսի, դու հիմա ինձ ծնկի կիջեցնես, միգուցե միշտ ես երազել ինձ տապալված տեսնել: Դու անթարթ նայում ես, իմ քայլերը ետ են գնում քո ուժից, թվում է՝ այս աչքերը դուրս կթռչեն հիմա, ու ինձ փրկվելու ոչ մի ճամփա չի մնա: Սուր ծակոց եմ զգում սրտիս, թաց ուսերիս ուժգին հարվածն է կենդանանում, հանձնվում եմ, թույլ ընկնում հայելու առաջ: Պիտի վերջին անգամ նայեմ, պիտի հասկանամ՝ ի վերջո ո՞վ ես: Դու ժանիքներիդ արանքից ժպիտ ես շպրտում, որը դիպչում է թաց ուսերիս: Ես հիմա պատուհանագոգին եմ, ապակու արտացոլանքին հայելու տեղն եմ փորձում մտաբերել, որովհետև վախենում եմ շրջվել: Հանկարծ քո անակնկալ ներխուժումը սենյակ ինձ հանկարծակի հանգստություն է բերում: Ես պաշտպանված եմ այլևս: Մինչ շրջվում եմ՝ քեզ ընդառաջ վազելու ու գրկելու, աչքս ընկնում է հայելուն: Գայլը ժանիքների արանքից մենակ ծիծաղում էր: Դու գրկում ես վախից թաց ուսերս...
Ես երբեք էլ քեզ չեմ ճանաչել:
Լիլի Յան