Այսօր գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այցելեց Հայաստանի ամենախոշոր մթերող ընկերության՝ «Սպայկայի» նոր արտադրամաս և ծանոթացավ 1000 տոննա տարողությամբ նոր սառնարանային տնտեսությանը: Դրա հզորությունն ընկերության պատասխանատուների հավաստմամբ, կեռապատկվի՝ հասնելով 3000 տոննայի:
«Սպայկայի» տնօրինությունը Սերգո Կարապետյանին ներկայացրեց նոր մասնաշենքի հնարավորությունները, ցուցադրեց մթերված ծիրանի վերջին խմբաքանակը՝ նշելով, որ ծիրանի մթերման այսօրվա գինը 400-500 դրամ է, ընդ որում, վճարումը կատարվում է տեղում կանխիկ:
Սերգո Կարապետյանը լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում ասաց, որ Հայաստանից արդեն արտահանվել է շուրջ 6700 տոննա կարտոֆիլ, որից 3750 տոննան իրացրել է «Սպայկան», իսկ 4500 տոննա արտահանված ծիրանի խմբաքանակում այս ընկերությունն ավելի քան 850 տոննայի ներդրում ունի:
Գյուղնախարարի խոսքով՝ շուտով կսկսվի նաև ծիրանի վերամշակման փուլը, և ամբողջ բերքը կմթերվի ժամանակին և շահավետ պայմաններով: