Ամենքը իրենց Բախտից են դժգոհ Եվ ոչ թե խելքից: Իսկ ես, տե՜ր աստված, Կրակն եմ ընկել Իմ խելքի ձեռքից: Խելք ունենայի՝ Վաղուց էի ես Կարգին մարդ դարձել - Ես կարող էի Սենյակ տալ վարձով, Եվ ոչ թե վարձել: Խելք ունենայի՝ Ինչ հարկավոր է, Ես այն կանեի. Եթե հաստ է պետք՝ Բարակըս որն է, Հաստ կմանեի: Խելք ունենայի՝ Ինչ հարկավոր է, Ես այն կերգեի, Տեղն ընկած տեղը Տեղի կտայի, Ինձ կըհերքեի. Ու կլինեի Ոչ դեմ, ոչ էլ թեր, Այլ ոսկե միջին: Գլուխը քարը. Թող էժան լիներ, Միայն… շատերին Գեղեցիկ թվար: Հերն էլ անիծած. Թող ներկված լինի, Միայն թե դուր գա, Խաբվեն-հավանեն: Գրողի ծոցը. Թող որ սուտ լինի, Միայն թե կույր-կույր Պաշտեն-դավանեն… …Ում էլ հարցընես՝ Խելքից չէ դժգոհ, Այլ միայն բախտից: Անաստված աստված, Ինչու ես տվել Անխելքի բախտ ինձ…