Առավոտ-բարլուսով որոշեցի վերջապես հասկանալ, թե ինչ ասել է Լեդի Գագա: Մի քանի անգամ դիսկոներում էի լսել, մեկ էլ շուրջբոլորս արդեն վաղուց ամենախելոքից ամենահիմար իր գովքն էին կապել, ու նաև քանի որ ես հոգուս խորքում գեյ տղամարդ եմ, պետք էր էդ վերջապես մի օր անել :) Համ էլ չեմ ընդունում, թե ողջ փոփ արվեստը աղբ է. ամեն դեպքում ստեղծագործող կատարողները փոփում միշտ են առանձնացել: Դրեցի, ամենահայտնի երգերը մեկիկ-մեկիկ ուշադիր լսեցի: Ուրեմն իր երգերում ինչ-որ անբացատրելի խորը դատարկություն կա, որ ինքը փորձում է փաթեթավորել պուպուշ-գրավիչ ու հեշտ հիշվող մեղեդիներով, ռիթմերով ու դրանցով մտնել լսողի սիրտը: Սիրտդ կմտնի, եթե ուղեղդ անջատած լսես: Հակառակ դեպքում լսողի միտքը, եթե իհարկե ամբողջապես չի ժանգոտվել, ուզելու է փսխել տափակ բանալային տեքստերի պատճառով: Իր երգերը ուշադիր լսելը նույնն է, ինչ երկար ժամանակ սևեռուն նայես անդունդին. ի վերջո գլուխդ կպտտվի ու հետ կտաս: Էս ես շատ մեղմ եմ դեռ ասում: Ասացի' լավ, երգերից դուրս իրեն կողքից մի քիչ ուսումնասիրեմ: Նյույորքցի հարուստ ընտանիքի աղջիկ է, որ փոքր տարիքից էքսցենտրիկ է եղել, դպրոցում մի քանիսը իրեն ծաղրել են, բայց հերն ու մերը միշտ կողքն են եղել, իրեն էլ ամեն ինչով օգնել են կայանալ, մինչև հիմա էլ ծնողների հետ է ապրում, ու այնքան մտերիմ են, որ իրենց մոտ նույնիսկ ուռում է: Բայց Գագան մինչև հիմա չի մոռացել իր մանկության ու պատանեկության թշնամիներին ու դրա պատճառով իր համբավը ծառայեցնում է հանրության կողմից մերժվածներին պաշտպանելու գործին: Գովելի է: Կարդում եմ' իր խոսքերով իր ճաշակը ձևավորել են Դեվիդ Բոուին, Մադոննան ու Քուինը ի շար այլոց: Բոլորն էլ' սկանդալային: Համեմատության համար լսեք իրենց ամենալավ երգերը: Առաջին բանը, որ կնկատեք, հեշտ հիշվող մեղեդիներն են: Գագայի մոտ էլ դա կա: Բայց իրենց մոտ էդ մեղեդու տակ կգտնեք նաև միտք, ինտելեկտ, իմաստ, երբեմն' իրական պայքար, ապստամբում, ազատագրման կոչ, բողոք, ցավ, հիացմունք առաջացնող պոռնոֆանտազիաների նկարագրություն և ամենուր' մշակութային գրագիտություն: Չմոռանանք նաև, որ էս մարդիկ եղել են լեզու ստեղծող, ոչ թե' «ռահ ռահ ահ ահ ահ, ռոմ մա ռո մա մա, գա գա ու լա լա» (Լեդի Գագա 2009)... Էս տեսակի լեզուն ես սովոր եմ լսել լավ ձայնով տիկնիկների փոփում' Րիհաննա, Բեյոնսե ևն (որոնց տեքստերը, ի դեպ, ստուդիաներում գրում են չաղ քաչալ ձյաձյաները), բայց ոչ' ստեղծագործող արտիստների մոտ: Գագան հիմա ինչ է ուզում ասել իր երգերով, բեմական կերպարով ու փողոցում ներքնազգեստով քայլելով, չես հասկանում, քանի որ իրական ասելիք էլ չունի: Իսկ եթե ունի, ապա մատուցում է շատ հիմար լեզվով: Ինչ-որ շատ ստացվեց: Էսքանը: