Բոլորն ամփոփում են ու կանխատեսումներ անում: Ես էլ փորձեմ' դեպքերին անդրադառնալով ըստ դրանց պատմական արժեքի՝ առնվազն ինձ համար:

1. Արտակ Նազարյանի դատը: Ամբողջ տարին անցկացրեցի դատարաններում: Տարեսկզբին եղբորս գործով դատը հետ տարան Տավուշ, անհետացրին կարեւորագույն վկային: Ամբողջ տարին մենք շաբաթական 8-16 ժամ ծախսել ենք Երեւան-Իջեւան-Երեւան ճանապարհներին, պլյուս 7-14 ժամ՝ Իջեւանում: Միջինը՝ շաբաթական 22,5 ժամ: Դրան գումարած դատական նիստերին նախապատրաստվելը, ակցիաներ ու ասուլիսներ անելը: Սրան շատ հազվագյուտ փաստաբաններ կհամաձայնեին, բայց մեր բախտը բերել է նրանց հարցում:
Դատը տանում են այն ուղիով, որ իրենք են ուզում՝ ինքնասպանության վարկածը հաստատելու ճանապարհով, բայց մեր գործողությունների արդյունքում ստիպված են եղել մի կեղծիքը քողարկելու համար նորանոր կեղծիքների դիմել: Այսինքն՝ իրենք իրենց դեմ բավական լավ դոսիե են հավաքել, որ հետագայում պետք է գալու ավելի բարձր դատական ատյաններում:
Ի դեպ, քանի դեռ պարզ չէր՝ Լեւոն Տեր-Պետրոսյանն առաջադրվելու է թե ոչ, մեր դատն էլ սկսեցին արագացված տեմպերով վարել, ինչպես մի քանի այլ հնչեղ դատավարություններ: Այսինքն՝ դատաքննությունը լրացնելու մասին բոլոր միջնորդությունները կամ տեղում մերժում էր, կամ հետաձգում՝ դատավճիռ կայացնելիս անդրադառնալու խորհրդակցական սենյակում: Ակնհայտ էր, որ փորձում էին գործը, ինչպես մի շարք հնչեղ գործեր, հապշտապ փակել մինչեւ նախագահական ընտրություններ: Հենց պարզ դարձավ, որ Լեւոնը չի առաջադրվելու, նիստերը դանդաղեցին. եթե մինչ այդ դատավորը երբեք չէր հետաձգել նիստերը՝ պաշտպանների բացակայության պատճառով, հիմա սկսեց հետաձգել: Ամսի 15-ին հաջորդ նիստն է նշանակված: Տեսնենք՝ ուր են տանում:

2. Մատաղիսի գործը: Տարեվերջին դատարանը նորից արդարացման որոշում կայացրեց Մատաղիսի գործով: Սա բանակի հետ կապված առաջին գործն է եղել, որը հնարավորինս հրապարակայնացվել է փաստաբանների եւ ակտիվիստների, ինչպես նաեւ ամբաստանյալների եւ տուժող կողմերից մեկի միջոցով՝ դեռ այն ժամանակ, երբ չկային ոչ քաղաքական, ոչ քաղաքացիական շարժումներ, եւ նրանց ձայնը արձագանք էր գտնում հիմնականում անապատում: Այդ պայքարի արդյունքում վերաքննիչի «ցմահի» դատավճիռը Վճռաբեկում փոխվեց արդարացման դատավճռով դեռեւս 2006թ.-ին: Գործի վերաքննության ժամանակ դատախազությունը լավ գլուխ էր պահել, ոչ մի նոր փաստական հանգամանք կամ նոր մեղադրյալ չէր հայտնաբերել ու գործը նույնությամբ ուղարկել էր դատարան, որտեղ այն սուսուփուս քննվում էր 4,5 տարի: Եվ ահա 2012-ի վերջը պսակվեց արդարացման նոր դատավճռով, որը սակայն կարող է դատախազության կողմից բողոքարկվել վերաքննիչում: Դատավճռից անմիջապես առաջ դատախազությունը փոխեց մեղադրանքը, բայց դատարանը հաստատված համարեց, որ դատախազության նկարագրած միջադեպը՝ նշված վայրում եւ նշված դերակատարներով, տեղի չի ունեցել, ուստի հանցագործին կամ հանցագործներին պետք է այլ տեղում փնտրել:
Մի կողմ թողնելով ուրիշների մեկնաբանությունները՝ ասեմ, որ իմ կարծիքով, այս դատավճիռը միեւնույնն է հենց այսպիսին էր լինելու, ոչ թե այն պատճառով, որ մեր դատարանները արդար ու ազնիվ են, այլ քանի որ դատարանը կաշկանդված էր 2006-ի Վճռաբեկի որոշմամբ եւ իրավական գնահատականով, գումարած՝ արդեն շատ ավելի լավ կազմակերպված քաղաքացիական խմբերի պայքարը: Մյուս կողմից, հնարավոր չէ անտեսել, որ դատավճիռը կայացնելու ժամկետն ընտրված էր՝ հաշվի առնելով քաղաքական իրողությունները: Ամեն դեպքում, Մատաղիսի գործի այդ պահի հանգուցալուծումը քաղաքացիական ակտիվիզմի եզակի հաջողություններից էր, որն իհարկե կարող է ժամանակավոր լինել, եթե զինդատախազությունը հիմարություն անի ու նախընտրական այս շրջանում որոշի բողոքարկել. այդ դեպքում իշխանությունների համար ընտրությունները անցնելու են լրացուցիչ բարդություններով, որոնք քաղաքացիական խմբերը մեծ սիրով կապահովեն նրանց համար: Ճիշտ է, որ քաղաքական տարբեր ուժեր փորձում են այս գործը ծառայեցնել իրենց նպատակներին, բայց դա չպետք է շեղի ակտիվիստներին իրենց բուն գործից:

3. Մաշտոցի պուրակի «գաղտնիքը»: Քանի որ խոսք գնաց քաղաքացիական նախաձեռնությունների հաջողություններից, արժե այստեղ խոսել Մաշտոցի պուրակի համար պայքարից, որը համարվում է այդ հաջողություններից մեկը: Պետք է նկատել, որ պուրակի համար պայքարում ներգրավված էին ամենազանազան հայացքների տեր ակտիվիստներ եւ խմբեր: Այն, որ տեւական ժամանակ ոչ ակտիվիստներին էին քշում պուրակից, ոչ էլ բուտիկների շինարարությունն էին շարունակում, ցույց էր տալիս, որ իշխանություններին սա ձեռնտու էր ցուցադրել որպես իր «դեմոկրատ» բնույթի վկայություն: Դրա ապացույցն է, որ ընտրություններից մի քանի օր առաջ Սերժը «սիրուն չի, Տարոն» վերտառությամբ ցուցադրական զորախաղ արեց պուրակում՝ քաղաքապետին կարգադրելով (ինչի իրավունքը չունի սահմանադրությամբ) բուտիկներից ազատել եւ բարեկարգել պուրակը: Սերժը միակը չէր, որ փորձում էր պուրակի պայքարը օգտագործել իր քաղաքական նպատակներով: Մի կողմ թողնելով պուրակում «այգին մերն ա» կարգախոսը յուրովի մեկնաբանող մարդատյացության ու քաղաքական ուժերի նկատմամբ ընտրովի ֆոբիայի երեւույթները, ուզում եմ ապավինել պայքարողների խոհեմ հատվածի դիրքորոշմանը: Հենց այդ հատվածն էր, որ
ա/ հասկանում էր, որ անկախ քաղաքական ուժերի շահարկումներից, հարկավոր է շարունակել գործել
բ/ բազմաթիվ իրավական խնդիրներ էր ձեւակերպում եւ բարձրացնում՝ փորձելով պայքարը դարձնել ոչ թե տեղային, այսինքն՝ փրկել միայն մեկ պուրակ, այլ փորձում էր քաղաքականություն փոխել հանրային սեփականության հարցում
գ/ ի հայտ բերեց իրավական կազուս՝ անհատ քաղաքացիները կամ ՀԿ-ները չեն կարող դատարան դիմել հանրության անունից, ուստի հանրային տարածքները խոցելի են իրավաբանորեն
դ/ Սերժի շոուից հետո հայտարարություն տարածեց՝ ընդգծելով, որ պուրակի հարցը պետք է լուծվեր ոչ թե մեկ անձի քմահաճույքով, այլ իրավական ճանապարհով, եւ որ անընդունելի է նախագահի միջամտությունը քաղաքապետի գործերին
ե/ ստեղծվեց հանրային հարթակ, որում տարբեր մարդիկ ներկայացնում էին պայքարը եւ իրենց ստեղծագործությունները (այս հարթակի կարեւորությունը ստվերվեց պայքարողների ռեգրեսիվ հատվածի կողմից՝ մարտիմեկյան իրադարձություններին նվիրված ֆիլմի ցուցադրությունը խափանելով):
Մաշտոցի պուրակի պայքարը, որն ինչպես ասացի, ներգրավել էր ամենատարբեր հայացքների տեր մարդկանց, աչքի ընկավ քաղաքական ուժերի հետաքրքրությամբ եւ քաղաքացիական ուժերի անպատրաստությամբ՝ այդ հետաքրքրության նկատմամբ: Մինչ մի շարք քաղաքական ուժերի մուտքը պուրակ ողջունվում էր եւ նույնիսկ հրավիրվում, ՀԱԿ-ին մեջք էին շրջում՝ հիշեցնելով, թե «այգին մերն ա» եւ առհասարակ իրենք քաղաքականության հետ գործ չունեն: Սա կարեւոր հանրային քննարկում բացեց այն մասին, թե ինչ է քաղաքականը, ինչ է քաղաքացիականը եւ ինչ է կուսակցականը: Այդ քննարկումները օգտակար եղան հետագայում, երբ պայքար սկսվեց «Հարսնաքարի» գործով:

4. Հայի ինքնությունը եւ հանրային պառակտման փորձը: Մինչեւ անցնելը «Հարսնաքարի» գործին, ժամանակագրությունը պահպանելով, հիշենք հարձակումները DIY ակումբի եւ այնուհետեւ «Բազմազանության երթի» վրա: Սրանք անպայման նույնքան պատմական իրադարձություններ էին, որքան այստեղ նշված մյուս անցքերը: Ինչու: Որովհետեւ
ա/ Ակումբի վրա հարձակումը եղավ քվեարկությանը հաջորդած գիշերը՝ շեղելով հանրության ուշադրությունը ընտրությունների արդյունքներից: Շատերի համար պարզ դարձավ, որ իշխանություններն իրենց ռեզերվում են պահում խմբեր, որոնք «ահնրաժեշտ պահին» կարող են ազգայինի ու պահպանողականի անունից հարվածի տակ դնել խոցելի եւ ընդդիմադիր խմբերին՝ երկրի առջեւ ծառացած կարեւորագույն խնդիրների էությունն աղավաղելու եւ իրենց շուրջ որոշակի համախմբում ապահովելու համար, ինչի վկայությունն էին բարձր մակարդակով ՀՀԿ-ականների ելույթներն ընդդեմ նույնասեռականների՝ ի հեճուկս Սահմանադրության:
բ/ Սակայն իշխանության կարեւորագույն նվաճումը դա չէր: Սա մի ուրույն սցենար էր, որ փորձարկվել էր մի քանի անգամ, բայց հաջողության չէր հասել: Սցենարի էությունը այն էր, որ հասարակությունը պետք է հարված ստանար ինքն իրենից, իսկ պետությունը հանդես գար արդար պաշտպանի դերում: Այլ կերպ ասած, իշխանությունը պառակտում էր հասարակությունը՝ իր համար «մաքուրի» եւ «դեմոկրատի» իմիջ ապահովելու նպատակով, քանի որ չափազանց մեծ էր նրա բիրտ ուժի դեմ բողոքը: Այս սցենարը նախ փորձ արվեց խաղարկել Գյումրիում եւ Վանաձորում՝ ադրբեջանական ֆիլմերի փառատոնի դեմ զանգվածներ հավաքագրելով եւ ֆիզիկական հարձակման ենթարկելով տեղի հեղինակավոր հասարակական կազմակերպություններին, ովքեր համաձայնել էին հյուրընկալել Կովկասյան ֆիլմերի փառատոնը: Սակայն այս հարձակումները կարծես թե բավարար աջակցություն չստացան հասարակական շրջանակներում, եւ փորձարկվեց արդեն հոմոֆոբիայի խաղաքարտը, որն ավելի արդյունավետ դուրս եկավ իշխանությունների համար: Ի՞նչ տեղի ունեցավ: Բազմազանության օրը երթի դուրս եկած մի 10 հոգանոց խմբի վրա հարձակվել էին փորձում մի 300 իբր «ազգասեր» երիտասարդ, իսկ ոստիկանությունը փրկում էր երթի մասնակիցներին: Սա Բազազի աստղային ժամն էր, որից հետո նա կարող էր «մաքուր խղճով» թոշակի գնալ, անգամ՝ քավարան, եւ նույնիսկ հավակնել դրախտ ընկնելուն: Եվ այսպես, իշխանության գործելաոճը փոխված էր՝ հարվածել ուրիշի ձեռքով եւ ներկայանալ որպես բարեգութ արքա: «Սիրուն չի» շոուն շարունակվում էր:
գ/ Չնայած մեր հայրենակիցների մի մասը հայտնվեց սպառնալիքի, այդ թվում՝ ֆիզիկական սպառնալիքի ներքո, իսկ մի քանիսը արագ լքեցին Հայաստանը, այս հարձակումները ունեցան նաեւ մեկ կարեւոր դրական արդյունք: Քննարկումներ սկսվեցին մեր ինքնության վերաբերյալ՝ որն է հայը, ինչն է բնորոշում հային, ինչն է բնորոշում ՀՀ քաղաքացուն, ինչն է բնորոշում կնոջն ու տղամարդուն: Մի բան, որ մինչ այդ երբեւէ չէր քննարկվել, եւ յուրաքանչյուրն իր մտքում ուներ իր պատկերացումը այս ինքնությունների մասին, բայց բարձրաձայնելիս պարզվեց, որ դրանք շատ տարբեր են: Այդ ժամանակ ծնվեց հերթական մեմը՝ «հայեցի չէ» կամ «հային հարիր չէ»: Ցավոք, ինքնության մասին քննարկումները կիսատ մնացին եւ չբարձրացվեցին լուրջ հարթակներ: Բայց կարեւորը կատարվել է՝ թեման այլեւս բաց է:

5. Դիմադրության օջախների համերաշխությունը: «Հարսնաքար» ռեստորանում տեղի ունեցածը ցնցեց ամբողջ հասարակությանը: Օլիգարխի թիկնապահները ամենադաժան ծեծի էին ենթարկել ռազմական բժիշկների, որոնցից մեկը՝ Վահե Ավետյանը մահացավ այդ ծեծի հետեւանքով 10 օր կոմայում մնալուց հետո: Մարդիկ, նույնիսկ իրենց ապաքաղաքական համարողները, վրդովված էին: Պատճառն հանգամանքների մի ամբողջ բույլ էր: Տուժածները զինվորական էին եւ բժիշկ՝ երկու հարգված մասնագիտություններ: Հանցագործները օլիգարխի թիկնապահներ էին՝ ամենաթողության, սանձարձակության, բռնության, իշխանության բիրտ դեմքի խորհրդանիշներ: Անգամ ամենապասիվ մարդիկ չէին կարող անտարբեր մնալ:
Մեկը մյուսին հաջորդում էին բողոքի ակցիաները ռեստորանի մոտ, որը կնքվեց «Հանցաքար» անունով, եւ որի անձեռնմխելիությունն ապահովվում էր ոստիկանների հոծ շարքերով: Ավանցիներն իրենց պատուհաններից ապշած դիտում էին, թե ինչպես են ցուցարարների շարքերն աղմկոտ բողոքով անցնում իրենց թաղամասով՝ իրենց ֆեոդալի տիրույթով, որտեղ օձն իր պորտով չէր անցել:
Սերժ Սարգսյանը դիմեց «սիրուն չի» շոուի հերթական համարին՝ նախագահականից դուրս գալով՝ օլիգարխը տարածեց մի տեքստ, որում գրեթե ծնկաչոք մեղա էր գալիս եւ երդվում, որ ինքը անմիջական կապ չունի, սակայն նրա հետագա պահվածքը եւ Նուվել դ՛Աղմենիին տված հարցազրույցը մատնում էին, որ տեքստի հեղինակը ուրիշն է եղել: Ակտիվիստները ԱԺ-ից պահանջում էին արտահերթ նիստ՝ օլիգարխի մանդատը հետ վերցնելու պահանջով: Այդ կոչին միացան մի շարք ընդդիմադիր պատգամավորներ, նրանք միացան նաեւ ԱԺ-ի մոտի ցույցին եւ երթին դեպի դատախազություն, բայց նրանց թիվը բավարար չէր, եւ նիստ չգումարվեց: Սակայն սա քաղաքական եւ քաղաքացիական գործիչների ֆորմալ համագործակցության առաջին դեպքն էր Հայաստանում, ինչը շատ կարեւոր է՝ հաշվի առնելով նախկինում եղած եւ այժմ էլ շարունակվող փոխադարձ անվստահությունը դիմադրության այս երկու օջախների միջեւ: Քաղաքացիական ուժերը կարողացան իրենց խնդիրը/դատը բարձրացնել քաղաքական օրակարգ, իսկ քաղաքական ուժերը քիչ թե շատ ադեկվատ արձագանքեցին քաղաքացիականների այս պահանջներին: Այս փորձը կարող է եւ պետք է հետագայում էլ շարունակել:
«Հարսնաքարի» գործը բացառիկ էր նրանով, որ ներգրավեց ամենատարբեր շերտերի մարդկանց եւ պայքարի մղեց ամենատարբեր ուղղություններով՝ օլիգարխի արտադրանքն ու ծառայությունները բոյկոտելուց մինչեւ ակցիաներ եւ պետիցիաներ: Վերջիններից էր տվյալ օլիգարխի մուտքը այլ երկրներ արգելափակելու կոչն՝ ուղղված օտարերկրյա դիվանագետներին. դրա տակ ստորագրեցին մոտ 2000 քաղաքացի: Քաղաքացիներն արձագանքեցին նաեւ Վահե Ավետյանի քույրերի կոչին՝ Մագնիտսկու ցուցակի նմանությամբ ստեղծել Ավետյանի ցուցակ: Շատ կարեւոր է նաեւ, որ մինչ այժմ «Հարսնաքարի» գործով դատական նիստերը ուղեկցվում են ակտիվիստների մասնակցությամբ եւ բողոքի ակցիաներով եւ ավելի կարեւոր է, որ հասարակական ճնշումը շարունակվի:
Արժե նշել, որ իշխանությունները շատ արագ կերպով փակեցին նախաքննությունը՝ որպես մեղադրյալ ներգրավելով առնվազն երեք անգամ ավելի քիչ մարդու, քան հանցագործության մասնակիցներն էին, մերժելով փաստաբանների միջնորդությունները, եւ ամեն բան անելով, որ կասկածանքի շրջանակից հեռացնեն օլիգարխին: Պաշտպանության նախարարն առաջակեց վստահել նախաքննությանը: Նա եւ գերագույն գլխավոր հրամանատարը չեն խորշում իրենց սպային սպանած օլիգարխի հետ նույն օթյակում երեւալ հանրության աչքին ֆուտբոլային խաղերի ժամանակ:

6. Կինը նախ մարդ է: Տարվա ընթացքում «Հետք» հետաքննական լրատվամիջոցի շնորհիվ բացահայտվեց երկու սահմռկեցուցիչ պատմություն՝ դաժան սկեսրոջ եւ ամուսնու կողմից երկու երիտասարդ կանանց նկատմամբ դաժանագույն բռնության դեպքերի մասին: Այս գործի ընթացքին շատ չեմ հետեւել, բայց սա եզակի դեպքերից էր, երբ մի երիտասարդ կին՝ հաղթահարելով պահպանողական միջավայրի ճնշումը՝ դատական պատասխանատվության կանչեց իր նախկին ամուսնուն եւ սկեսրոջը: Նրանց առաջին հարսն օգնեց երկրորդին ամեն ինչով, բայց նրա նկատմամբ բազմաթիվ ճնշումների պատճառով նախընտրեց չշարունակել պայքարը դատարանում: Խիզախ աղջկան՝ Մարիամ Գեւորգյանին, դեպի դատարան էին ուղեկցում իր համայնքի բազմաթիվ տարեց կանայք, ովքեր հավանաբար քաջածանոթ են նմանատիպ պատմություններին բայց ժամանակին չէին բողոքել եւ ահա՝ Մարիամի դատն իրենցն էլ էին համարում: Թեեւ դատն անցնում էր դռնփակ, բայց այն ուղեկցվում էր կանանց իրավունքների պաշտպանության խմբերի հետեւողական մասնակցությամբ եւ բողոքի ակցիաներով: Այս գործը վերջապես բարձրաձայնեց հայ կնոջ իրականության դժբախտ կողմի մասին եւ իր ներդրումն ունեցավ ֆեմինիստական դիսկուրսում:

7. Քաղբանտարկյալը: Հայաստանը տարին ավարտեց՝ քաղաքական կալանավոր ունենալով բանտում: Երկարատեւ դատավարությունը ՀԱԿ-ի երիտասարդ ակտիվիստների նկատմամբ, անսպասելի արագ ավարտվեց: Վերաքննիչը՝ խախտելով բոլոր դատավարական նորմերը, կանխելով նոր վկաների՝ իսկական ականատեսների հարցաքննությունը, անսպասելի հայտարարեց խորհրդակցական սենյակ գնալու եւ դատավճիռ կայացնելու մասին: Տղաները դատապարտվեցին 2-6 տարվա ազատազրկման: Նրանցից Տիգրան Առաքելյանը արդեն իսկ մեկ տարուց ավելի է, որ բանտում էր: Մյուս երեք տղաների՝ Սարգիս Գեւորգյանի, Դավիթ Քիրամիջյանի եւ Արտակ Կարապետյանի ազատազրկման վտանգը դարձավ ավելի քան շոշափելի, ինչը բողոքի ավելի հուժկու ալիք բարձրացրեց: Առանց այդ էլ չկար մի դատական նիստ, որ առանց բողոքի ակցիայի անցներ: Իշխանությունը ցինիկաբար չէր էլ թաքցնում քաղաքական ինքնադատաստանի իր նպատակը՝ կեղծ մեղադրանքներ, կեղծ վկաներ, կեղծ գործ եւ տապոռային դատավճիռ: Դատարանը հերթական անգամ գործածվեց որպես քաղաքական հաշվեհարդարի գործիք: Վճռաբեկ բողոք է ներկայացվել, որի քննությանն ականատես կլինենք արդեն այս տարի:

8. Փաստաբանները՝ մեր «պահապան հրեշտակները»: Սա առաջին տարին չէր, որ փաստաբանները առանձնահատուկ գնահատանքի են արժանի, բայց ուզեցի նրանց անպայման հիշատակել այս նոթում: Այնպիսի փաստաբաններ, ինչպիսիք են Վահե Գրիգորյանը, Լուսինե Հակոբյանը, Տիգրան Եգորյանը, Մուշեղ Շուշանյանը, Հայկ Ալումյանը եւ ուրիշներ, այդ թվում ՀԿ-ների ներկայացուցիչներ, ովքեր մասնակցում են հանրային հնչեղություն ստացած դատական գործերին՝ ներկայացնելով կողմերից մեկին (չեմ կարող չհիշատակել իմ ներկայացուցիչ, Հելսինկյան ասոցիացիայի փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանին), իրենց անշահախնդիր եւ պրոֆեսիոնալ գործով դարձել են քաղաքացու դաշնակիցն ու պաշտպանը: Այս փաստաբանների բարձրորակ պրոֆեսիոնալիզմը, նվիրումն արդարադատությանը եւ արդարության հավատամքը կարող էր արմատապես փոխել հայաստանյան իրականությունը, եթե դատարանները գոնե մի փոքր պրոֆեսիոնալ լինեին: Այս փաստաբանների համար մեզ կարող են նախանձել եվրոպական ամենաժողովրդավար երկրները:

9. Ակտիվիստների դերի բարձրացում: Տարին նշանավոր էր նաեւ Հիլարի Քլինթոնի այցով Հայաստան: Ասում են՝ նա չհանդիպեց քաղաքական ուժերին: Մինչդեռ հանդիպեց քաղաքացիական ակտիվիստներին՝ նրանց պարգեւատրումից հետո: Նրանցից մեկը ես էի՝ տարվա «Խիզախ կինը»: Եվս մեկ անգամ ընդգծվեց ակտիվիստների դերի կարեւորությունը Հայաստանում: Տարեվերջին արդեն կարելի էր արձանագրել, որ քաղաքացիական շարժումներն ավելի ուժեղ դիմադրության օջախներ են, քան քաղաքական ընդդիմությունը, առանց որի քաղաքացիականների հարցադրումները հազիվ թե հասնեն քաղաքական օրակարգ: ի տարբերություն քաղաքկան ընդդիմության, քաղաքացիական խմբերը իշխանության չեն ձգտում, ուստի թույլ սպառնալիք են իշխանությունների համար, թեեւ ուժեղ են որպես քաղաքացիական խմբեր: Դժվար տարի է լինելու 2013-ը:

10. Քննելով դասագրքերը: «Հակահարված» արթ խմբի դեմ ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկանի եւ նրա մերձավորների ֆիզիկական հարձակումը ստիպեց «մի հատ քընընել» դեկանին, եւ բացահայտվեց, որ բուհական դասագրքերում պատմությունը կեղծվել է: Սա հարց բարձրացրեց գիտության եւ կրթության անկախության եւ որակի մասին, սակայն քննարկումները այն չափով չեն ծավալվել, որչափ խնդրի կարեւորությունն էր: Արդեն այս տարի ի հայտ եկած ձայնագրությունում դեկանը սպառնում է հեռացնել ցույցերի եւ դասադուլների միացող ուսանողներին՝ հերքելով նրանց սահմանադրական իրավունքը: Հուսանք, այս տարի բուհերում արմատական խնդիրների շուրջ լայն թափով պայքար կընթանա:

11. Օսկանյանի գործը: Էս մեկը քիչ էր մնում մոռանայի: Երեւի մեծ ազդեցություն չի թողել վրաս, թեեւ խորհրդարանական քննարկումներին ակտիվ հետեւում ու մեկնաբանում էի: Ինձ համար արժանի է հիշելու այն իմաստով, որ իր նախկին թիմակիցները իր հետ վարվում էին այնպես, ինչպես նախկինում իր մասնակցությամբ վարվել էին օրվա քաղաքական ընդդիմության հետ, նույնիսկ շատ ավելի լավ: Թեման ծավալելու իմաստ չեմ տեսնում, մանավանդ որ վստահ եմ, որ այս տարի այն չի ծավալվելու նաեւ քաղաքական հարթակներում՝ ԲՀԿ-ն թեկնածու չունի ընտրություններում: Եվ վերջ:

12. ԼՏՊ լռությունն ու վհուկների որսը: Ոչ ոք այնպես ազդեցիկ չի լռում, ինչպես Լեւոն Տեր-Պետրոսյանը: Այդ ընթացքում երեւակայությունից դուրս ինչ մեկնաբանություն ասես արվում էր: Վերջապես նա խոսեց՝ ասելու համար, որ լռում է մինչեւ նախագահական ընտրությունների թոհուբոհի ավարտը: ՀԱԿ-ը թեկնածու չունեցավ ընտրություններում: Բացահայտվեցին ՀԱԿ-ում առկա հակասությունները՝ ԲՀԿ-ի հետ բանակցությունների շուրջ՝ Նիկոլ Փաշինյանն անցավ այդ գծի բացահայտ քննադատության՝ մնալով ՀԱԿ-ում: Բագրատյանը երկար դեբատների մեջ չմտավ՝ առաջադրվեց նախագահի թեկնածու՝ իր իսկ կուսակցության անունից: ՀԱԿ-ը որոշեց ոչ մեկին չսատարել: Ֆեյսբուքը լցվեց փոխադարձ մեղադրանքներով ու անվանարկումներով, որտեղ ամենից հաճախ հնչում է «դավաճանություն» բառը: Ցավոք, բանավեճը ցավագին է ընթանում եւ ավելի շատ քայքայիչ, քան բուժիչ ազդեցություն ունի: Շարքերը դեռ քննարկում են իրենց ընտրական վարքի հնարավոր սցենարներ: Անորոշության մեջ մի տագնապ կա՝ ինչպես ասաց Տեր-Պետրոսյանը, Սերժ Սարգսյանը ընտրություններից հետո դառնալու է Իլհամ Ալիեւ, իսկ Հայաստանը՝ Ադրբեջան...

13. Մարդ հայտնագործելն ու կորցնելը: Հանրային հարթակներում մենք բոլորս գտանք համախոհներ եւ սրտակից մարդիկ: Գտանք բարեգործներ եւ կարիքավորներ եւ օգնեցինք իրար: Ձեռք բերեցինք նոր ընկերներ ու ցավոք կորցրեցինք նաեւ: Ես հասկացա, որ ընկերությունը հնարավոր է, երբ կա արժեքային համերաշխություն: Արժեքային խզումն ընկերությունն անհնար է դարձնում:
Ես սա սովորել եմ Անահիտ Բայանդուրից. երբ հիասթափված ու տխուր ես, վերցնում ես մի սպիտակ թուղթ ու գրի առնում լավ մարդկանց անուններ: «Լավ մարդկանց» իմ ցանկը շատ երկար է: Իմ ձեռքբերումներն ու կորուստները միայն մարդու «տեսքով» են լինում:

Ամփոփում
Ինչքան նկատում եմ, իրադարձությունները հիմնականում կարեւորել եմ սոցիալական-քաղաքական դիսկուրսի ձեւավորման տեսանկյունից: Գործողությունների պակաս չի եղել, թեեւ՝ ոչ համարժեք արդյունավետությամբ: Բայց մենք փորձ ենք ձեռք բերում եւ սովորում մեր փորձառությունից: Իմ լավ բարեկամ, տոհմիկ սպա եւ նկարիչ Ալեքսանդր Մելքոնյանն ասում էր. «Բոլորը պնդում են, թե խոսելու ժամանակն անցել է, գործել է պետք: Ախր էդ ե՞րբ խոսեցինք, որ հիմա էլ գործել ենք ուզում»: Ուրեմն, գործենք, բայց չմոռանանք խոսել մեր գործածի ու գործելիքի մասին, վերլուծել, քննադատել, ծրագրավորել, վերարժեւորել: