Հետաքրքիր է արդեն երկար ու ձիգ տարիներ շարունակվող ղարաբաղյան խնդրի կարգավորման համանախագահ երկրների ներկայացուցիչները, երբ հանդիպում են, իրենց «լուրջ, խելացի, մտահոգ» դեմքերով, քննարկում ինչ-որ հարցեր, ասուլիսներ, հարցազրույցներ տալիս, ներքուստ իրենց հոգու, սրտի խորքում ի՞նչ են մտածում...Երևի հաշվի առնելով այդ հանգամանքը, որպեսզի հոգեկան խեղումներ չառաջանա նրանց մոտ՝ հաճախակի փոփոխում են: Նրանք երևի իրենց պետությունների շահերից ելնելով «ըմբռնումով են» մոտենում իրենց երկրների ղեկավարների երկակի, եռակի նույնիսկ քառակի ստանդարտներին: Գուցե թե մտովի զուգահեռներ են անցկացնում Աֆղանստանի, Իրաքի, Սիրիայի, նախկին Հարավսլավիայի, արաբական մյուս պետություններին իրենց ակտիվ միջամտությունների եւ ղարաբաղյան հարցով ադրբեջանական լալահառաչ, երկար տարիներ «ծոր» տվող մուղամային, իրենց նավթային կամ տարածաշրջանային ինչ-ինչ քաղաքականության հետ:
Տարիներ շարունակ, ինչպես այս անգամ ևս, համանախագահ երկրները «հորդորում են զերծ մնալ գործողություններից կամ հայտարարություններից, որոնք կարող են տարածաշրջանում սրել լարվածությունն ու բերել հակամարտության էսկալացիայի: Ղեկավարները պետք է պատրաստեն իրենց ժողովուրդներին խաղաղության ոչ թե պատերազմի»:
Կարծես ձեռ առնեն, դժվար է պարզ նշել Ադրբեջանի ղեկավարի անունը և այդ կոչը, ցանկությունը միանշանակ ուղղել Ալիև կրտսերին? Տարիներ շարունակ Ալիևը վայրահաչում է, բացահայտ պատերազմի կոչեր հնչեցնում, ինտենսիվ նախապատրաստվում պատերազմի, կատարում հայատյաց կոչեր, թշնամանք սերմանում, բառիս բուն իմաստով թքում այդ երկրների, այդ երկրների ղեկավարների, ամբողջ աշխարհի վրա… Նրանք էլ հանգիստ մաքրում են այն և մոռանալով իրենց հորդորները հանգիստ զինում, վերազինում են փոքրիկ Ալիևին և նրբորեն շոյում նրա նավթօծյալ գլուխը…
Թուրքիան, Իսրայելը, Ուկրաինան զինում և օգնում են Ադրբեջանին՝ մոռանալով լարվածության, էսկալացիայի, խաղաղության վերաբերյալ մեծ տերությունների կոչերը…
Լա՛վ, Թուրքիային, Իսրայելին, Ուկրաինային հասկացանք, բա՞ Ռուսաստանը...Իսկ ինչ է այդ միլիարդի հասնող մեծաքանակ հարձակողական զինատեսակների վաճառքը չի՞ սրում լարվածությունն ու հակամարտությունը...Էլ ո՞ւր մնաց ԱՊՀ-ն, ՀԱՊԿ-ը, ռազմավարական դաշնակիցը...
Թքած այդ ամենի վրա, թե՞ դրանք նման են լացող երեխային տրվող կոնֆետի: Ի վերջո մեծ հաշվով Ռուսաստանը թքած ունի Հայաստանի վրա, նա ունի իր տարածաշրջանային շահերը և խնդիրները: Ռուսաստանը «քամեց» Հայաստանը, սեփականացրեց ինչ կարող էր՝ եկամտաբեր, կարևոր, ստրատեգիական ճյուղերն ու ցանկացած պահի կարող է երկու մատով փակել Հայաստանի «քթանցքերը» և խեղդամահ անել…Մենք օձին նայող մկնիկի նման հիպնոսացած, «հպարտ» քայլում ենք դեպի նրա երախը…
Սա նաև ակամա հիշեցնում է 1915 թվականը, նրան նախորդող տարիները, որի արդյունքում՝ հատկապես Ռուսաստանի պասիվ «դիտորդական» առաքելության պայմաններում տեղի ունեցան հայկական ջարդերն ու եղեռնը: Ճիշտ են ասում, որ պատմությունը կրկնվելու հատկություն ունի…Աստված ոչ անի…