Ռաֆայել Պատկանյան

Դուն խելոք, հաշվով վաճառական ես,
Մյուլք, փող ու ապրանք, կասեն, շատ ունես.
Բայց թե փողեդ շահ չունի Հայաստան,
Թըքել ենք քու ալ, թողիդ ալ վրան:
Քաջ ես, լըսել ենք, ինքըդ մեծավոր,
Անուն հաղթողի ունես փառավոր.
Բայց թե թըրեդ շահ չունի Հայաստան,
Թըքել ենք քու ալ, թըրիդ ալ վրան:
Ի վերուստ քանքար քեզի տված է,
Հեղինակ անունըդ աշխարհ փըռված է.
Բայց թե գըրչեդ շահ չունի Հայաստան,
Թըքել ենք քու ալ, գըրչիդ ալ վրան:
Հեռատես մըտքով դուն զարդարեցար,
Հըզոր իշխանի սիրելին դարձար.
Բայց թե մըտքեդ շահ չունի Հայաստան,
Թըքել ենք քու ալ, մըտքիդ ալ վրան:
Բանուկ ու ճարտար դուն ունես ձեռքեր,
Շատ կըհորինես թանկագին բաներ.
Բայց թե ձեռքեդ շահ չունի Հայաստան,
Թըքել ենք քու ալ, ձեռքիդ ալ վրան:
Երկինք շնորհեցին քեզ լեզու ճարտաար,
Քարոզչի ստացար հըռչակ ու հանճար.
Բայց թե լեզվեդ շահ չունի Հայաստան,
Թըքել ենք քու ալ, լեզվիդ ալ վրան:
Մեծ ուսում առիր, եղար գիտնական,
Գովքովըդ լըցված է մարդոց բերան.
Թե ուսումեդ շահ չունի Հայաստան,
Թըքել ենք քու ալ, ուսմանդ ալ վրան:
Կուտամ քեզ պատիվ, կունենաս դու հարգ,
Ու կըդընեմ քեզ ազնիվ մարդոց կարգ.
Երբ օրարանեդ մինչև գերեզման
Միակ ձըգտմունքըդ լինի Հայաստան:
1887 թ.