Որքան էլ մենք սովոր լինենք անընդմեջ լսել սիրտ ու միտք ալեկոծող դեպքերի մասին, այդուհանդերձ, անհավատալի է, որ այլևս մեզ հետ չէ Վրեժ Իսրայելյանը: «Վախճանվել», «մահացել» բառերը չեն դրվում նրա անվան վրա, որքան էլ մեր լեզուն ու գրիչը ջանան դա անել:

Վրեժ Իսրայելյան նշանակում է կենդանի կյանք, թարմ մտածողություն, անհրաժեշտ, սթափ, անկաշառ հայացք ամենքի և ամեն ինչի վրա, խիզախ թռիչք մեր ժողովրդի պարտությունների ու հաղթանակների երկինքներով, նշանակում է հայոց բանակի արժանապատիվ սպայի կերպար… Սրանց հետ մահը գործ չունի: Վրեժ Իսրայելյանը գրող էր, լրագրող էր: Նա իր ողջ կյանքով, գրականությամբ, իր տենչերով ու խռովքներով անվերջ Հայաստան փնտրող մարդ էր: