Խավարի մեջ պարզ երևում էին դաշնամուրի սպիտակ ստեղները: Ամեն ինչ շուրջը լուռ էր ու խաղաղ: Մտքում անընդհատ մի մեղեդի էր պտտվում, բայց այդպես էլ վերջնական տեսք չէր ստանում: Մատներն արագ տարավ ստեղների վրայով: Հոգևոր ինչ-որ բան կա այս ստեղների մեջ, դյութում է աներևակայելի արագությամբ ու հմայքով: Նոտաների թուղթը դատարկ էր: Կամ խզբզում ու գցում էր, կամ էլ կանգ էր առնում մի կիսատ նոտայի վրա: Զարմանալիորեն չէր ստացվում այդ օրը: Իսկ մեղեդին քրքրում էր միտքը, բայց չէր վերարտադրվում: Մուսա էր պետք…
Անմիջապես որոշեց դուրս գալ փողոց: Ոգեշնչման աղբյուր դժվար թե գտներ: Գիշերվա խավարը խժռել էր ամեն ինչ: Խավարի մեջ հազիվ էին երևում բարձրահարկ շենքերը, որոնք այսօր մոռացել էին կարծես լուսավորվել: Հանեց ծխախոտը, վառեց, խորը ներս քաշեց ծուխն ու քթանցքներից դուրս թողեց: Չի ստացվում, գրողը տանի…
Քայլերը տանում էին անհայտ ուղղությամբ: Ասես կորցրել էր ինքնակառավարումը: Գնում ու գնում էր: Շունչը կտրվում էր արդեն, բայց բերանից չէր հանում արդեն կիսով չափ մոխրացած գլանակը: Կանգառում տեղակայված նստարանին մի ֆիգուր պատկերվեց: Կանացի էր կարծես: Որոշեց մոտենալ. գուցե օգնության կարիք ուներ:
Մոտենալուն պես աչքերը կկոցեց ու սկսեց ուսումնասիրել կանգառում նստած փոքրամարմին այդ էակին: Բարակ բլուզով ու կարճ շրջազգեստով անճաշակ հագնված մի կին էր: Համարյա երեսուն տարեկան կլիներ, բայց տեսքն ու շարժումները անմիջապես մատնեցին ով լինելը:
- Գրողի տարած գիշեր…. Ամբողջ երեք ժամ ու ոչ մի հաճախորդ… Ծխախոտ տուր…
Զգուշորեն նստեց կողքին: Գրպանից հանեց ծխախոտի տուփը ու մի գլանակ մեկնեց կնոջը:
- Կրակ ունե՞ս:
Առանց բառ ասելու կրակայրիչը մոտեցրեց ու գլանակը վառեց:
- Անունդ ի՞նչ է:
- Գիշերով դուրս ես եկել տաքուկ բնիցդ, որ ինձ անուն հարցնե՞ս… Լոլա, Մարգարիտա, Սոնա… քեզ համար միևնուն չէ՞…
- Չէ… կարևոր է…
- Էմիլիա…
- Իսկ եթե լրջանանք…. Իսկական անունդ ասա:
- Մանե…
- Սիրուն է:
- Անու՞նս, թե՞ ես:
- Երկուսն էլ:
Լուռ ծխում էին: Ասես խավարի հետ միասին մաշկը ներծծում էր ծխախոտի դառնահամ ու դառնահոտ թույնը: Նայեց կնոջը: Պարկեշտ հագուստ, մինիմալ շպար ու իսկական գեղեցկուհի կստացվի: Նուրբ դիմագծերը, գեղեցկությունը, ամեն բան փչացնում էր հենց իր փչացած կյանքը:
- Արի տուն գնանք:
- Վճարելո՞ւ ես:
- Հա….
Փողոցի լռությունը խախտում էին նրանց ոտնաձայները, որոնք դանդաղ ուղղվեցին դեպի դաշնակահարի բնակարան: Մանեն ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրեց շուրջը ու անմիջապես նկատեց դաշնամուրը, կիսատ-պռատ թղթերը: Մոտեցավ դաշնամուրին, մատները տարավ ստեղների վրայով: Դանդաղ նստեց աթոռին: մատներն ուղղակի հպվում էին ստեղներին, հնչում էր մեղմ մեղեդի, ֆալշ նոտաներ, բայց քաղցրահնչյուն ու կարոտագին… Դաշնակահարը մոտեցավ նրան թիկունքից: Դադարեց նվագել:
- Շարունակիր…, – շշնջաց դաշնակահարն ու շուրթերը մեղմ հպեց նրա ուսին….
Առավոտյան նրա մատները ստեղների վրա կենդանացնում էին մտքում թրթռացող այն մեղեդին, կյանքի թևեր տալիս նրան ու անմահացնում նոտաների թղթերի վրա: Պատրաստ էր… Մի պահ տխուր ժպտաց, գլուխը դանդաղ շրջեց ու անկողնում տեսավ կիսամերկ Մանեին… Իր վաճառված մուսային….