Ողջո՛ւյն, իմ սիրելի ընկերներ: Հերթական անգամ անակնկալ եմ ուզում մատուցել ձեզ, հուսով եմ՝ հաճելի: Գիտեմ, որ ձեզանից շատերը սպասում էին այս գրառմանը, բայց շատերն էլ հիմա հաստատ հետաքրքրությամբ ընթերցում են և փորձում հասկանալ, թե ինչ է եղել: Սիրով հայտնում եմ, որ վերջապես հրատարակության է պատրաստ նոր գիրքս, որը վերնագրված է «Գարնանային ռեքվիեմ»: Հուսով եմ, որ երկար տարիների աշխատանքս շուտով կհանձնեմ ձեր դատին և հուսով եմ նաև, որ այն կգտնի ձեր կողմից արժանի արձագանք:

Գիրքը գրական էտյուդների հեղինակային ժողովածու է, որում ներկայացված են հեղինակի դիտումները, մտորումները, հուշերը կյանքի ու տարբեր երևույթների, մարդ–բնություն և մարդ–հասարակություն հարաբերությունների, մարդկային կերպարների, ճակատագրերի ու զգացողությունների, քաղաքային մշակույթի մասին: Առանցքում Երևանն է, որտեղ էլ մեծ մասամբ զարգանում են իրադարձությունները: Ժողովածուն արծարծում է անձնային ու համամարդկային, բնապահպանական, հասարակական, խոհափիլիսոփայական նշանակություն ու ընդգրկում ունեցող երևույթներ, խնդիրներ:

Սիրելի ընթերցողներ, դուք կարող եք ձեր կարևոր լուման ներբերել այս գրքի ստեղծման գործում՝ դառնալով դրա հովանավորներից մեկը: Դա ընթերցողներին հնարավորություն է տալիս մասնակիցը դառնալու նոր գրքի ստեղծմանը: Կարծում եմ՝ սա երկուստեք հաճելի ու օգտակար նախաձեռնություն է, որի շնորհիվ լույս կտեսնի «Գարնանային ռեքվիեմը»:

Գրքի առաջին էջում անպայման կնշվեն (հայերեն և անգլերեն լեզուներով) հովանավորների անունները: Նրանց կտրվի նաև գրքի տպաքանակի որոշ մասը:

Գրքի տպագրությունը 500 օրինակով արժե 630.000 ՀՀ դրամ (1500 ԱՄՆ դոլար):

Եվ այսպես, եթե ունեք միջոցներ և ցանկություն, ապա բաց մի՛ թող այս գեղեցիկ հնարավորությունը՝ նպաստելու գրքի, այն է՝ հոգևոր արժեքի ստեղծման շնորհակալ գործին:

Հետադարձ կապ՝ մանրամասների համար. [email protected]