Շիշը դատարկվում է, ծխախոտի տուփը դատարկվում է։ Վառում ես վերջին գլանակդ ու մատուցողին ձեռքով հասկացնել ես տալիս, որ եւս մեկ շիշ գարեջուր ես ուզում։ Դու տասնութ տարեկան ես, եւ ամեն ինչ քեզ հնարավոր է թվում։
Ներս ես քաշում ծուխը, աչքերդ արցունքակալվում են։ Մի կարգին ծխել էլ դեռ չգիտես, բայց արդեն խոսում ես հարաբերություններից, օտարության զգացումից, դատարկությունից, լուրջ մարդ ես քեզ զգում։
Դու տասնութ տարեկան ես, եւ քեզ թվում է, թե ամեն ինչ արդեն ապրել ես։
Քեզ դավաճանել են, քեզ ցավացրել են, քեզ սիրել ու չեն սիրել։ Դու համոզված ես, որ ամեն մարդ կյանքում միայն ինքն իրեն ունի, ու պատրաստվում ես այդ մասին ֆիլմ նկարել։

Շիշը դատարկվում է, ծխախոտի տուփը դատարկվում է։ Երեք ընկերներով տապալվել ենք սեղանի շուրջ, երեքս էլ քսանմեկ տարեկան ենք։ Ամեն գլանակը վառելուց աչքներս լցնում ենք․ մի կարգին ծխել էլ չենք սովորել այս տարիների ընթացքում, բայց փոխարենն արդեն սահուն խոսում ենք հարաբերություններից, օտարության զգացումից եւ դատարկությունից։ Հիմա մենք իսկապես լուրջ մարդիկ ենք, հիմա մենք գաղափար ունենք նաեւ բռնապետությունից եւ ժողովրդավարությունից, անարդարություններից եւ իրավունքներից, ազատ կամքից եւ ազատությունից առհասարակ։
Մենք քսանմեկ տարեկան ենք, եւ մեզ թվում է, թե ամեն ինչ արդեն ապրել ենք։
Մենք դավաճանել ու ցավացրել ենք, մենք սիրել ու չենք սիրել։

Շիշը դատարկվում է, ծխախոտի տուփը դատարկվում է։ Նրանք կողքից անտարբեր նայում են մեզ։ Նրանք երեսունն անց են եւ դա զգացվում է նրանց ծխելու վարժ շարժումներից։ Երկուսը շախմատ են խաղում եւ հենց այնպես, պարապ վայրկյանների ընթացքում խոսում են սեքսի կարեւորությունից, գազի թանկացումից, գործուղումներից եւ գրական մրցույթներից։ Նրանք հավանաբար լուրջ մարդիկ են, նրանք ամեն սովից մեռնողի համար չեն տառապում ու քաղաքականությունն էլ նրանց հետաքրքրում է փողոցներում խցանումներ առաջացնել չառաջացնելու խնդրի կարեւությամբ։
Նրանք երեսունն անց են, եւ նրանց թվում է, թե ամեն ինչ արդեն ապրել են։
Նրանք կողքից անտարբեր նայում են մեզ, քանի որ գիտեն, որ մենք նույն նրանք ենք տարիներ առաջ։

Շիշը տանում, հաջորդն են բերում․ լիքն է։
Ներսում եղած դատարկությունը ոչ ոք չի տանում։