Վրեժ Իսրայելյանի գործերին, ի՞նչ մեղքս թաքցնեմ, ծանոթ չէի... Ավարտական աշխատանքիս թեման Լևոն Խեչոյանի վեպերից մեկն էր: Քանի որ հեղինակը ժամանակակից հայ արձակի ներկայացուցիչ էր, որոշեցի մի քանի այլ արձակագիրների գործերի էլ ծանոթանալ ու այդ ընթացքում կարդացի նաև Վրեժ Իսրայելյանի «Տոնապետ» ժողովածուն: Հաճելիորեն զարմացած էի: Հարկ է նշել, որ այսօրվա ընթերցողը թերահավատորեն է վերաբերում այսօր ստեղծվող գրականությանը, և այն, ցավոք սրտի, մնում է միայն գրողների ու գրականագետներ շրջանակում: Սա այն հեղինակներից էր, որի գոծերը կարող ես առաջարկել ամենաքմահաճ ընթերցողին ու ասել' տես, մենք այսօր էլ ենք գրականություն ստեղծում, և լավ գրականություն ենք ստեղծում: «Տոնապետը» առանձնահատուկ գիրք էր, որի մասին կարելի է ասել, որ ողողված էր դրական ու լուսավոր թախիծով: Գիրքը կարդալիս, տխրում էի, բայց տխրությունս լուսավոր էր: Մեջս ցանկություն առաջացավ ավելի լավ ճանաչել հեղինակին, նույնիսկ' տեսնել, զրուցել հետը:

Այսօր տեղեկացա, որ մի քանի օր առաջ «հայտնաբերածս» հեղինակը մահացել է, այն էլ ամենաողբերգական մահով' ինքնասպանություն է գործել: Զարմանալի է բան է գրականությունը: Գրականության մեջապրող մարդու կյանքը' առավել ևս: Բայց ամենազարմանալին գրականության մեջ ապրող մարդու մահն է: Ինչպես է մարդը վերջ տալիս իր կյանքի՞ն: Բայց առավել ևս' ինչպե՞ս է գրողը վերջ տալիս իր կյանքին: Ինչեպ՞ս է «Տոնապետի» հեղինակը վերջ տալիս իր կյանքին: Ոչ այս աշխարհում ապրող սասունցու համար գուցե ապրելն ու մեռնելը, սպանելն ու սպանվելը «Մեկին գումարած մե՞կ» է եղել:

Ցավը ներսիցս խեղդում է կոկորդս, անսպասելիության ցավը: Զարմանալի բան է կյանքը, եթե նա վախճանվեր 1-2 ամիս առաջ, պիտի չգիտակցեի կորուստի մեծությունը: Իսկ այսօր ոչ մի կերպ համապատասխան բառեր չեմ գտնում արտահայտելու համար այն վիշը, որ զգացի հեղինակի մահվան կապակցությամբ: Վերջին պահին հասցրեցի գնահատել քեզ, գրող, հիանալ քեզանով, մարդ: Ուզում եմ, որ այսուհետ բոլորս կարողանանք քեզպեսներին գնահատել վերջից շատ առաջ:

Հ. Գ. Ասում են Իսրայելյանը ինքնասպանությունից առաջ գրել է, որ շնորհակալություն է հայտնում Աստծուն, որ ունեցել է լավ կին, լավ որդի, լավ թոռնիկներ, եղբայր ու ընկերներ ու ամենքից ներողություն է խնդրել և գրել է, որ «չեմ ուզում ինքս ինձնից զզվել, նոր հեռանալ, մնաք բարով»..........

ԱՍՏՎԱԾ ՀՈԳԻՆ ԼՈՒՍԱՎՈՐԻ..................