Ես կտրատում եմ քո սիրած աղցանի բաղադրիչները՝ վարունգը, հազարի թերթիկները, կանաչ պղպեղը, լոլիկն ու մեր միասին ապրած ամիսների անթաքույց հրճվանքս: Ես չեմ պատրաստում, ես ստեղծում եմ այդ աղցանը, որովհետև դու հիմա կգաս: Պիտի արագ ճաշենք, որ զբոսնելու գնանք: Այսօր տրամադրությունդ այն չէ, հոգնա՞ծ ես, թե՞ նույն աղցանն է ձանձրացրել, բայց դու սիրում ես, չէ՞, այն: Ուտում ես ոչ նույն ոգևորությամբ, ինչ՝ երեկ: Ես նստած եմ քո դիմաց անհամբեր՝ ճաշդ շուտ ավարտելու և քեզ թևանցուկ արած դուրս գնալու հուզմունքով լցված: Դու ուտում ես դանդաղ, երբեմն աչքդ կտրում ափսեից ու նայում սպիտակ շապիկիս: Ես նույն շապիկով եմ, երբ դու տանն ես, չես դժգոհում: Դե, արագ կեր, չե՞ս տեսնում՝ շտապում եմ:
-Սուրճ կտա՞ս:
Լավ էլի, սուրճը դրսում կխմենք, միայն թե արի: Դու ծուլորեն հագնում ես մոխրագույն բլուզդ, նույնքան ծուլորեն պտտում բանալին փականի մեջ, թևանցուկ անում մեջքս ու քայլում մաքուր երկնքի տակ:
Շնորհակալ եմ քեզ, որ հեղինակել ես կյանքս ու թույլ տվել, որ սիրով հանդուրժեմ ծերուկիդ փնթփնթոցները, երբ մոռանում ես դրածդ իրերի տեղը, երբ փնտրում ու չես գտնում, երբ զայրույթով ինձ ես նայում, բայց չես համարձակվում բացահայտ մեղադրել, երբ ես լուռ հետևում եմ նեղացած մանկան մռութ հիշեցնող դեմքիդ ու... Հպարտանում եմ, աղոթում, սիրում, շնորհակալ լինում: Մենք մտնում ենք մեր սիրած սրճարանը, նստում մութ անկյունում ու հետո՞ ինչ, որ միասին ենք ապրում ու հազվադեպ լինում այստեղ, մենք էլի առաջվա պես սիրահարված ենք այս երեկոյին, սրճարանին, մեր անկյունին, հանդարտ մեղեդուն, այս քաղաքին ու կյանքին: Մենք կպարենք, որովհետև դու սիրում ես այդ րոպեները, դու ինձ առաջնորդում ես, քո շարժումներին ենթարկում, խաղաղեցնում: Ես հպարտանում եմ ու հայացքով շնորհակալ լինում փոքրիկ բեմի աջ անկյունում նստած հոգնած դեմքով երաժշտին, որն հազարերորդ անգամ նվագում է նույն մեղեդին ու մտքում հաշվում փողերը՝ չկասկածելով, թե ինչ է կատարվում քո հոգում: Նվագում է մեզ համար, քեզ համար: Մենք ենք, իրար մոտ, շատ մոտ, անսահման մոտ...
Ես վաղը էլի կպատրաստեմ քո սիրելի աղցանը: