Բոլորս մեր կյանքի շատ վաղ շրջանում կանգնում ենք մի ընտրության առջև, որը որոշիչ է դառնալու մեր հետագա ողջ կյանքի համար: Դա մասնագիտության ընտրությունն է: Դարեր, նույնիսկ տասնամյակներ առաջ այդ որոշման կայացումն ավելի հեշտ էր, քանզի հիմնվում էր ավանդույթների, ժառանգականության, հասարակության մեջ զբաղեցրած խավի, դիրքի վրա: Մեր օրերում այդքան էլ հեշտ չէ, քանզի առավել ծանրակշիռ գործոն է դարձել ֆինանսական փոխհատուցման չափը, մեծացել է անորոշությունը ապագայի նկատմամբ, ինչի հետևանքով կարճանում է պլանավորման ժամանակային հորիզոնը: Վերջինս ստեղծում է երկրաժամկետ ռիսկեր հասարակության համար' այն դարձնելով կարծր և ոչ ունակ արագորեն արձագանքելու ժամանակի փոփոխվող պահանջներին: Այս դեպքում հասարակության վերակողմնորոշումից կորուստները կարող են ավելի մեծ լինել, քան օգուտները:

Princeton Review պարբերականի համաձայն' ԱՄՆ-ում ամենամեծ ժողովրդականություն վայելող մասնագիտություններն են'

գործարար կառավարում և մենեջմենթ
հոգեբանություն
կենսաբանություն
կրթություն
լեզու և գրականություն
տնտեսագիտություն
հաղորդակցություն
քաղաքագիտություն
հաշվողական և տեղեկատվական տեխնոլոգիաներ
Գործարար կառավարման և մենեջմենթի ընտրությունը պատահական չէ: ԱՄՆ-ի լավագույն համալսարանների Գործարար կառավարման դպրոցների շրջանավարտները երեք տարվա աշխատանքային պրակտիկայից հետո միջինում վաստակում են տարեկան 260,000-300,000 ԱՄՆ դոլար' շատ համոզիչ և գայթակղիչ գործոն այդ մասնագիտական ուղին ընտրելու համար: Տնտեսության պահանջարկը մյուս մասնագիտությունների, այդ թվում ֆունդամենտալ գիտության աշխատողների նկատմամբ բավարարվում է Արևելյան Եվրոպայից, ԱՊՀ երկրներից ներգաղթականների, այսինքն' “ուղեղների ներհոսքի” շնորհիվ: Այն, ինչ “ուղեղների ներհոսք” է ԱՄՆ-ի համար, “ուղեղների արտահոսք” է Հայաստանի պես մտավոր ներուժով երկրների համար: Վերջինս վտանգել է ԽՍՀՄ-ից ժառանգություն ստացած գիտական կարողությունները, որոնք տնտեսության արտադրողականության բարձրացման, հետևաբար երկարաժամկետ տնտեսական աճի ապահովման կարևորագույն գործոններից:

Տնտեսագիտության հայր Ադամ Սմիթն ասում էր, որ սեփական շահերի օգտին գործող անհատը կարող է նպաստել ընդհանուրի բարեկեցությանը: Սմիթի փիլիսոփայությանը հավատարիմ յուրաքանչյուր հայ մտածում է իր առօրյա աշխատանքով առավելագույն վաստակի ապահովման, այլ ոչ թե ընդհանուրի բարօրության մասին: Այսօր մեր վարքագիծը և որոշումները պայմանավորող ամենահիմնական խթանը առավելագույն ֆինանսական արժեքի ստեղծումն է' անկախ սոցիալական խավից և հարստությունից: Տեսականորեն որոշակի շեմից վեր անհատների եկամուտների աճն ուղեկցվում է սպառման հակվածության նվազմամբ, հետևաբար նաև խնայողությունների ավելացմամն, որոնք պետք է ուղղվեն արտադրողական ներդրումների: Ցավոք Հայաստանում չի դիտվում ոչ մեկը, ոչ մյուսը: Տարեկան միջին եկամուտը դեռ բավարար բարձր չէ սպառման հակվածությունը փոխելու համար, իսկ հարուստ անհատների կողմից ցածր են արտադրողական և ռիսկային ներդրումները: Սա օրինաչափ է, քանզի հայերս, ազգի հոգեբանական առանձնահատկություններից ելնելով, չափազանց բարձր ենք արժևորում ներկան, դժվարությամբ ենք հրաժարվում ներկայից հանուն հեռու ապագայի: Հետևաբար մեզ համար ցանկացած ձեռնարկման ռիսկի ընկալման աստիճանը, ինչպես նաև ակնկվող փոխհատուցման մեծությունը շատ ավելի բարձր է: Դեռ ձևավորված չէ միջժամանակային փոխարինման սխեմայի շրջանակներում մտածելակերպը: Սա կարող է “սպանել” ցանկացած լավ նախաձեռնություն, մտահղացում:

“Лучше синица в рукаx, чем журавль в небе”

Նման խուսափողական վարքագիծը սահմանափակում է բազմաճյուղ և դիվերսիֆիկացված տնտեսություն ունենալու հեռանկարները: Բարձր տեխնոլոգիական և մտավոր ռեսուրսների կիրառման ոլորտները պահանջում են հզոր ֆունդամենտալ գիտություն և ֆինանսական միջոցներ, իսկ վերջիններիս առկայության դեպքում նաև ներդրումային ավելի երկար ժամանակային հորիզոն: Չպետք է մոռանալ, որ այդ մասնագիտություններն ունեն ավելի բարձր ապագա արժեք: Այդ ուղղությամբ ներդրումների անբավարար մակարդակով և այլընտրանքների բացակայությամբ կարելի է բացատրել հայ երիտասարդության կողմից ընտրվող մասնագիտությունները' տնտեսագիտություն, իրավագիտություն և այլն:

Նոբելյան մրցանակակիր և խաղերի տեսության մեջ նշանակալի ավանդ ունեցած Ջոն Նեշը հերքեց Սմիթի հայացքները և առաջ քաշեց օպտիմալ ռազմավարություն, ըստ որի յուրաքանչյուր ոք պետք է գործի իր և ընդհանուրի շահերից ելնելով' չնայած ակնկալվող փոխհատուցման ավելի փոքր չափերի: Առաջընթաց ապահովելու համար անհրաժեշտ է փոխել խթանների և առաջնահերթությունների համակարգը և ձևավորել ազգային հոգեկերտվածքին համապատասխան բիզնես մոդելներ և խաղի նոր կանոններ, որոնց պատասխանատուն և նախաձեռնողը պետք է լինեն պետությունը և երկրում գործող շահառու խոշորագույն ընկերությունները: Ռիսկի նկատմամբ ոչ դրական տրամադրվածությունը կարող է արժենալ մեր ապագան: