Կիպլինգի "Եթե" բանաստեղծությունը մարդ արարածի արժեքային համակարգի հոյակապ նմուշ է...
Եթե կարող ես անվրդով մնալ, երբ ողջ աշխարհը
Գլուխը կորցրել ու դրա համար քեզ է նախատում,
Եթե կարող ես ինքդ քո հանդեպ պահել հավատդ,
Երբ հարազատդ, ընկերդ, կինդ քեզ չեն հավատում,
Կամ թե կարող ես առանց հոգնելու սպասել ու սպասել,
Կամ էլ խաբվելով՝ ինքդ չխաբել,
Ատվելով՝ չատել,
Ու բարեգործի դիմակ չհագնել, իմաստուն տեսքով չշաղակրատել,
Եթե կարող ես երազներ հյուսել ու չստրկանալ դրանց հմայքին,
Եթե կարող ես մտածել, սակայն չդարձնել մտքերն իմաստը կյանքիդ,
Եթե կարող ես սառնասիրտ մնալ թե´ Հաղթանակի, թե´ Փորձանքի մեջ
Ու տարբերություն չդնել բնավ այդ երկու խարդախ ստահակների մեջ.
Եթե կարող ես տեսնել, թե ինչպես քո շիտակ խոսքը,
Խաբեբաները խեղաթյուրում են, որ հիմարներին ծուղակը գցեն,
Կամ թե ինչպես է կրակը լափում ողջ կյանքիդ գործը,
Ու չվհատվել, մոխիրներից քեզ մի նոր երգ հյուսել.
Եթե կարող ես ողջ ունեցվածքդ հավաքել մեկից
Ու բախտախաղի դնել՝ հույսերդ էլ հետը միասին,
Տանուլ տալ, հետո ամեն ինչ սկսել ամենասկզբից՝
Չտրտրջալով, չբղավելով կորստիդ մասին.
Եթե կարող ես սրտիդ, նյարդերիդ ու մկաններիդ
Ծառայել ստիպել, երբ վաղուց մարել, անուժ են դարձել,
Այնքան, մինչև քեզ վերջին ուժերդ լքեն առհավետ՝
Բացի Կամքիցդ, որ նրանց ասի.«Էլի´ դիմացեք».
Եթե կարող ես անաչառ մնալ, երբ ժողովուրդներ են քեզ հետևում,
Արքաների հետ սեղան նստելիս՝ խիղճդ չթողնես դռան ետևում,
Չգոռոզանաս, վերից չնայես ո´չ բարեկամիդ, ո´չ էլ թշնամուդ.
Եթե քեզ հարգեն, քո խոսքին անսան, բայց կուռք չսարքեն, չաստվածացնեն,
Ու թե կարող ես անդարձ սլացող րոպեի վաթսուն վայրկյանը լցնել
Արդար քրտինքիդ վաթսուն կաթիլով՝ չկորցնելով մի ակնթարթ իսկ,
Քոնը կլինի ամբողջ աշխարհը, նրա վրայի բոլոր գանձերը,
Եվ որ ավելին, շատ ավելին է՝ դու Մարդ կլինես, սիրելի որդիս: