-Վա՜յ, էս դու ձախլիկ ե՞ս,- հարցնում էին ինձ մարդիկ ու այդ փոքրիկ հարցով ստիպում ինձ կծկվել ու վախեցած նայել իրենց:
Հավատում էի, որ շատ-շատ վատ բան եմ անում. ձախլիկ եմ: Ես ձախով եմ գրում ու նկարում, ձախով եմ վերցնում գդալն ու պատառաքաղը (ի վերջո զզվեցի թարս-թարս հայացքներից ու փոքրուց սկսեցի ձեռքերով՝ մատներով հաց ուտել. էդպես երկու ձեռքդ ես օգտագործում ու այդքան էլ չի զգացվում, որ ձախլիկ ես) : Տալիս էին այդ հարցն ու զարմացած նայում ձեռքիս: Մատիտն ու գրիչը մի կողմ էի դնում ու մեղավոր հայացքով նայում գետնին:
Սրան հետևում էր երկրորդ ՝ ոչ պակաս սարսափելի հարցը. ՛՛Ոնց-ո՞նց: Սյունե՞ : Անունդ Սյունե ա՞ : Այ քեզ բաաա՜ն՛՛ : Ու ես այս հարցից այնքան էի խառնվում իրար, որ չէի էլ լսում, որ այդ բացականչությունից հետո ասում են ՛՛բայց շա՜տ սիրուն անուն ա, Սյունե…Ի՜նչ սիրուն ա հնչում,քեզ էլ շատ համահունչ ա, հրաշք անուն ա՛՛ : Այդ պահին երազում էի, որ անունս Աննա լիներ…կամ Անի…կամ Նելլի…Չգիտեմ, ինչ-որ մի անուն, որն ինձ հանդիպել է: Մանկապարտեզի իմ խմբում կան աննաներ ու անիներ, կան էլեններ ու գայանեներ…Սյունե չկա: Սյունե միայն ես եմ: Ու դա ապացուցում էր, որ ես, իրոք, շատ-շատ վատ բան եմ անում: Հերիք չի՝ ձախլիկ եմ, դեռ անունս էլ Սյունե է: Ու ինձնից էլ չկա: Ես նույնիս չէի հասկանում՝ ես աղջի՞կ եմ, թե՞ տղա: Ախր ինձնից էլ չկա, բա ես ինչպե՞ս հասկանամ իմ սեռը…Որոշել էի տղա լինել: Իրենք ինձ ավելի էին դուր գալիս: Բայց հետո հասկացա, որ չէ, ես աղջիկ եմ: Սյունե անունով աղջիկ: Այդ հիմա է, որ բոլորս ձգտում ենք ինչ-որ կերպ տարբերվել ու առանձնահատուկ լինել: Բայց երբ դու փոքր ես , քո միակ ցանկությունն է կողքիններիդ նման լինելը: Որովհետև եթե նման չլինես՝ չես ընդունվի: Քեզ չեն սիրի: Քեզ խաղալիքներ չեն տա: Գնդակ չեն տա: Իսկ ինձ համար գնդակով խաղալը գերխնդիր էր: Ես չէի ուզում տարբերվել:
Առաջին դասարանում այն եզակիներից էի, ում մայրենի լեզվի քառորդը չորս փակվեց: ՛՛Ինչու՞՛՛ հարցին դասղեկս պատասխանեց. ՛՛Խայտառակ վատ ձեռագիր ունի՛՛ : Ես տգեղ էի գրում: Ախր ոնց բացատրեի, որ, այո, բացի նրանից, որ իրոք ձեռագիրս վատն է, ինձ խանգարող հանգամանք կա: Ես նստում եմ դասընկերոջս աջ կողմում: Ու գրելիս ձախ ձեռքով անընդհատ խփում եմ իր աջ ձեռքին: Միքանի անգամ ինձ թարս-թարս նայեց , ես ուզում էի այդ հայացքի համար մի լավ բերանին հասցնել ու ստիպել, որ ինձ էդպես չնայի, բայց հետո հիշեցի, որ ես եմ սխալը: Որովհետև ես ՛՛թարս՛՛ եմ: Ես ձախլիկ եմ:Ու վախեցա: Դրանից հետո ձեռքս իմ կողմ քաշած էի գրում, ինչն, իրոք, անտանելի անհարմար էր: Հենց դրա համար էլ իմ՝ ոչ այդքան լավ ձեռագիրն էլ ավելի էր վատանում:
-Պապի՛, ինչի՞ եմ ես թարս,- մի օր հարցրի ես:
-Թա՞րս, ինչի հենց թարս:
- Բա, պապի, բոլորը աջով են գրում դպրոցում, ես ձախով եմ գրում: Հետո մեր դասարանում Սյունե չկա…Մանկապարտեզում էլ չկար: Ինչի՞ եմ ես սենց: Ես նման չեմ իրանց, ուրեմն՝ թարս եմ:
-Բալես, եթե դու նման չես, էդ չի նշանակում, որ դու թարս ես: Դու ուղղակի նման չես: Ուրիշ լինել չի նշանակում սխալ լինել: Հետո , եթե ուշադիր լինես, կտեսնես, որ մենակ դու չես տենց: Ուղղակի ուշադիր նայի կողքերդ:
Այդ օրը ես չիջա բակ: Նստեցի սենյակում, գրկեցի ծնկներս: Փորձեցի հասկանալ: Հմ..Ուրիշ լինելը չի նշանակում սխալ լինե՞լ…Չէ, էս մի ասածը չեմ հասկանում: Պապին ասում էր…ասում էր…հմ…Նայեմ կողքերս…Ուշադիր լինեմ: Էս մի միտքը, կարծես թե, ավելի հասկանալի է ինձ համար: Պետք ա, երևի, աչքերը մեծ-մեծ բացել: Ու էդ ժամանակ կտեսնեմ այն, ինչ չէի տեսնում:
Ու տեսա:
Ավելի բարձր դասարանում էի սովորում: Չաչանակություն անելու պատճառով դասղեկս, մի օր, որպես պատիժ, առաջին շարքից ինձ տարավ ավելի հետ: Նստեցրին ինձ դասընկերներիցս մեկի աջ կողմում: Շարադրություն էինք գրում: Ես , ընկած մտքերս շարադրելով, մոռացել էի, որ պիտի ձեռքս իմ կողմում պահեմ, որ հանկարծ չխփեմ կողքինիս: Գրելու ընթացքում մի պահ կանգ առա: Հիշեցի: Ու միանգամից էլի վախեցա. հաստատ դասընկերս թարս-թարս ինձ է նայում: Գլուխս թեքեցի ձախ: Տեսնեմ ՝ ամեն ինչ լավ է: Ու…
Այ քեզ բա՜ն…
Դասընկերս գրում է այն մյուս ձեռքով: Դե այն մյուս: Ոչ նրանով, որով գրում են բոլորը…Այսինքն…Այսինքն ինձ նման է գրում: Չդիմացա ու ձեռքով իր ձեռքին թփթփացրի.
-Վա՜յ, էս դու էլ ես թա՞րս: Դու էլ ես սխալ գրու՞մ:
-Հը՞ : Թարսը դո՛ւ ես: Ես սխալ չեմ գրում: Ես ձախլիկ եմ,- զայրացած մռթմռթած դասընկերս ու շարունակեց գրելը:
Ուզում էի ուժեղ գրկել դասընկերոջս: Երբեք այսքան ՝ ինձ երջանկացնող մռթմռթոց չէի լսել: Այսինքն ես մենակ չեմ:
ԻՄ ԴԱՍԱՐԱՆՈՒՄ ԻՆՁ ՆՄԱՆ ԷԼԻ ԿԱ ՄԵԿԸ, ՈՎ ՍԽԱԼ Է, ՈՎ ԹԱՐՍ Է ԳՐՈՒՄ , ՈՒՌԱԱԱԱ՜
Դրանից հետո , երբ ես արդեն վերադարձել էի իմ հիմնական ՝ առաջին շարքի նստարանին, հաճախ էի շրջվում ու նայում դասընկերոջս: Նայում՝ ինչպես է գրիչը միքիչ տարօրինակ բռնել ու արագ-արագ գրում: Հրճվում էի, ուրախանում: Ու ձեռքս էլ չէի սեղմում դեպի ինձ: Դե թող կողքիս ՝առաջին շարքում նստող դասընկերս փորձի ինձ թարս նայել. հաստատ բերանին մի լա՜վ կհասցնեմ: Ձախով եմ գրու՞մ : Շատ էլ լա՛վ եմ անում: Թող ինքը մտածի: Ես ոչ մի վատ բան չեմ անում: Հետո էլ՝ շատ էլ սիրուն անուն ունեմ: Ինձ դուր է գալիս անունս: Հենց էդպես:
Ես էլ չէի վախենում ու չէի մտածում, որ ինչ-որ հարցում մեղավոր եմ: ՛՛Ես սխալ չեմ, ես ոչ մի վատ բան չեմ անում: Ես ուղղակի ուրիշ եմ: Ուրիշ եմ, որովհետև ես ձախլիկ եմ, ու անունս Սյունե է: Համել…Համել ես մենակ չեմ ձախլիկ: Մեր դասարանում էլի ձախլիկ կա, բա՜: Ու հաստատ աշխարհում էլի Սյունե կլինի: Ու ասեմ, որ ես աղջիկ եմ: Ճիշտ ա, ես ուզում եմ տղա լինեմ, բայց ես աղջիկ եմ: Համել…համել իմ պապիկն էլ ա ձախլի՜կ: Մենք շա՜տ ենք: Ու մենք սխալ չենք: Մենք ուղղակի ուրիշ ենք՛՛ :
Մենք սխալ չենք, մենք ուրիշ ենք: