1936 թվի մայիսի վերջին Աղասի Խանջյանը մեկնեց Մոսկվա՝ մասնակցելու կոմկուսի Կենտկոմի հունիսյան պլենումին։ Օգտվելով նրա բացակայությունից, Բերիայի գործակալներ Ամատունին, Ակոպովն ու Մուղդուսին ձերբակալեցին աչքի ընկնող մտավորականներ՝ Հայաստանի Լուսժողկոմ Ներսիկ Ստեփանյանին, Գուրգեն Բատիկյանին, Մնացական Խաչատրյանին, Կենսաբեր Բոխյանին, Գուրգեն Վանանդեցուն և Վահան Թոթովենցին։ Խաչիկ Մուղդուսին իր գործակիցների հետ միասին, ծեծելով Ներսիկ Ստեփանյանին նրանից ցուցմունքներ կորզելով այն մասին, որ իբր թե նա (Ն. Ստեփանյանը) ունեցել է հակահեղափոխական, տրոցկիստական, նացիոնալիստական խմբակ, որն իբր թե գլխավորել է Աղասի Խանջյանը։ Փաստաթուղթը Բերիայի գործակալները շտապ կարգով հասցրեցին Թիֆլիս՝ Բերիային, որի համար այդ փաստաթուղթը մեծ նշանակություն ուներ։
Հուլիսի սկզբներին Խանջյանը Մոսկվայից վերադարձավ Երևան։ Հուլիսի յոթին ես եղա նրա մոտ։ Երբ հարցրի հունիսյան պլենումի արդյունքների մասին, Խանջյանը տխուր ասաց.

«Էխ, Ալազան ջան, ես այդ պլենումից արյան հոտ առա… շատ վատ բաներ են սպասվում մեր երկրում»։

Երբ ես խոսեցի Ներսիկ Ստեփանյանի և նրա «խմբակի» անդամների մասին, Խանջյանն ասաց.

— Օգտվելով իմ բացակայությունից, իրենց սև գործը տեսել են, Ալազան ջան,– ապա տխուր տոնով ավելացրեց,— դեռ մինչև Մոսկվա գնալս այդ սրիկաները պնդում էին, որ ես համաձայնեմ բանտարկեն ոչ միայն Ներսիկին, այլև Չարենցին, Բակունցին և քեզ, բայց ես չթույլատրեցի։ Պատկերացնո՞ւմ ես, որ Չարենցի, Բակունցի և քո բանտարկությամբ մենք կխայտառակվեինք ոչ միայն մեր երկում, այլև' արտասահմանում։

(Իմ պայծառ բարեկամ, դու չէիր կարող իմանալ, որ քո դավադիր ողբերգական մահից հետո կբանտարկվեին քո պաշտպանած գրողները)։

Մեր այս խոսակցությունից երկու օր հետո, հուլիսի իննին, Բերիան Խանջյանին հրավիրեց Թիֆլիս՝ Անդրերկրկոմի նախագահության նիստին։ Այդ նիստում Բերիան հրապարակում է Ներսիկ Ստեփանյանից կորզած ցուցմունքը և պահանջում է, որ Խանջյանը խոստովանի, որ ինքը նացիոնալիստ է և հովանավորել է Ն. Ստեփանյանի նացիոնալիստական խմբակը։

Այդ նիստից հետո Բերիան իր առանձնասենյակում սպանում է Աղասի Խանջյանին և պաշտոնապես հայտարարում, որ Խանջյանը դեմոնստրատիվ կերպով Փիֆլիսում ինքնասպանություն գործեց, որպեսզի դրանով հայ ժողովրդին վրաց ժողովրդի հետ գժտեցնի։

Բերիայի երևանյան գործակալները խիստ աշխուժացան և սկսեցին ամենաստոր ձևերով վարկաբեկել Աղասի Խանջյանին։

«Խորհրդային Հայաստան» թերթում լույս տեսավ փողոցային ոճով գրված հայհոյական մի խմբագրական ընդդեմ Խանջյանի, որի վերնագիրն էր «Անարգ քայլ»։ Ինչպես այդ օրերին ես պարզեցի, այդ խմբագրականը գրել էր Բերիայի գործակալ Միշա Ենգիբարյանը։

Խանջյանի չարանենգ սպանությունից հետո Բերիայի կամքով Հայաստանի կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար նշանակված Ամատունին իր մի ելույթում Խանջյանին անվանեց «վիժվածք»։

Բոլոր տեսակի ժողովներում և միտինգներում սկսեցին քաղաքականապես վարկաբեկել ժողովրդի կողմից անչափ սիրված Աղասի Խանջյանին։

Աղասի Խանջյանի մահվան լուրը կայծակնային արագաթյամբ տարածվեց ամբողջ Հայաստանում։ Ժողովուրդը սկսեց հասկանալ, որ Խանջյանը ոչ թե ինքնասպան է եղել, այլ նրան սպանել են (ես ևս այդ կարծիքին էի)։

Ներքին գործոց ժողկոմ Խաչիկ Մուղդուսու դժոխային մեքենան գործի անցավ՝ մեկը մյուսի ետևից բանտ էին նետվում բոլոր նրանք, ովքեր ափսոսում էին Խանջյանին։

Հուլիսի վերջերին Մաղդուսին Կենտկոմի նախագահության նիստին հպարտությամբ զեկուցեց, որ Խանջյանին ափսոսելու համար Հայաստանում բանտ Է նետվել մոտ յոթ-ութ հարյուր մարդ։

Հուլիսի 11-ին Խանջյանի դիակը Թիֆլիսից Երևան բերին։ Երևանի կայարանում մեծ բազմության Էր հավաքվել։ Կայարանից մինչև քաղաք տանող ճանապարհը փակված Էր միլիցիոներների խիտ շղթայով։ (Խանջյանի դիակին դիմավորել պաշտոնապես թույլատրված Էր միայն Կենտկոմի և Կենտգործկոմի անդամներին)։ Որպես Կենտգործկոմի անդամ, ես կայարան գնացի։ Երբ Խանջյանին բերող վագոնը մոտեցավ կառամատույցին, Խանջյանի զինակիցներն ու մոտիկ մարդիկ մտան վագոն և ուսամբարձ դագաղը դուրս բերին վագոնից։ Խիստ սրտաճմլիկ Էր դագաղի կափարիչին տեսնել Խանջյանի անբաժան գլխարկ-կեպին։ Կայարանից մինչև Խանջյանի առանձնատունը, որ գտնվում Էր Հրազդանի ձախ ափին, դագաղը տարվում Էր ուսերի վրա։ Համարյա հինգ րոպեն մեկ փոխվում Էին դագաղն իրենց ուսերին կրողները։ Ժողովուրդը ամեն կերպ աշխատում Էր պատռել միլիցիայի շղթան և հետևել Խանջյանի դագաղին, բայց միլիցիոները հարվածում և ետ Էր մղում նրանց։

Ես ականատես եղա մի սրտառուչ դեպքի։ Ակադեմիկոս Հովսեփ Օրբելին մոտեցավ միլիցիոներներից մեկին, գրպանից հանեց Խորհրդային Միության Կենտգործկոմի անդամության տոմսը և ասաց.

«Կյանքումս երբեք չեմ օգտագործել Կենտկոմի անդամության իրավունքները, թույլ տվեք անցնել և գնալ դագաղի ետևից»։ Միլիցիոներները ձգված պատվի առան և ճանապարհ բացեցին մեծանուն գիտնականի համար։ Նա դագաղին հասնելով փոխարինեց մեկին, դագաղին ամրացած փայտը դնելով իր ուսերին։ Դագաղի ետևից քայլում Էինք ես և Չարենցը, երբ մոտեցանք Խանջյանի առանձնատան դարպասներին, Չարենցն ասաց.

«Այ տղա, Ալազան, նեուժելի Խանջյանի նման բոևոյ մարդը կարող Էր իրեն խփել, չէ, էստեղ մի գաղտնիք կա, որը վաղ թե ուշ կպարզվի»։

Եվ պարզվեց։

Դագաղը դրվեց աոանձնատան դահլիճում։ Խանջյանի անձնական բժիշկ Սաղյանը և հայտնի վիրաբույժ Միրզա–Ավագյանը, տեսնելով Խանջյանի զույգ քունքերի վերքերը, կասկածանքով ասել են, որ այդ վերքերը ինքնասպանի վերքեր չեն, այլ մեկն ու մեկի ձեռքով նա սպանված է։ (Այս կասկածի համար երկու բժիշկները բանտ նետվեցին)։ Սաղյանին գնդակահարեցին, իսկ Միրզա-Ավագյանը բանտում մահացավ դիզենտերիա հիվանդությունից։

Հուլիսի 12-ին նշանակված էր թաղումը։ «Խորհրդային Հայաստան» թերթում տպվեց Խանջյանի փոքրադիր մի նկար և Անդրերկրկոմի և Հայաստանի կոմկուսի Կենտկոմի մահազդերը, որոնք ոչ թե մահազդեր, այլ քաղաքական և դատական մեղադրանքներ էին։

Շատ սրտաճմլիկ էր տեսնել Աղասուն պառկած դագաղում։ Նրա աջ և ձախ քունքերին դրված էին թփից նոր քաղված երկու խոշոր վարդեր։ Ամբողջ դագաղը ծածկված էր թարմ ծաղիկներով, իսկ մելամաղձիկ սգո մեղեդու նվագի տակ «քնած» էր ժողովրդի մեծ ու սիրելի զավակը։

Բերիայի գործակալ Խաչիկ Մուղդուսին՝ կանգնած դահլիճի մի անկյունում, Արգոսի աչքերով դիտում էր իր չորս կողմը։ Ոչ ոք ոիսկ չարեց պատվո պահակ կանգնել։ Դագաղի մոտ էին քույրը՝ կոմունիստ Սրբուհի Խանջյանը, մայրը՝ մի աթոռի նստած, ծնկներին խփելով մորմոքում էր, իսկ հայրը փորձում էր հանգստացնել և մխիթարել նրան։

Չնայած որ առանձնատունը շրջապատված էր միլիցիայի խիտ ջոկատներով, բայց ժողովուրդը պատռեց այդ շղթան և մտավ առանձնատուն, հրաժեշտ տալու իր սիրելի ղեկավարին։ Պիոներները ծաղկեփնջերով ծածկեցին նրա դագաղը։ Ներս մտավ մի զառամյալ ծերունի, որի սպիտակ մորուքը հասնում էր մինչև կուրծքը։ Նա մոտեցավ դագաղին, ծնկի եկավ, խաչակնքեց երեսն ու հոնգուր-հոնգուր լացով դուրս գնաց։

Տեսնելով ժողովրդի հուզումները, Մաղդուսին վրդովված կարգադրեց դագաղը վերցնել։ Չորս հոգի մոտեցան, որ դագաղը վերցնեին' Խանջյանի հայրը՝ ժողովրդական ուսուցիչ Ղևոնդ Խանջյանը, տեղից վեր կենալով, ձեռքը վեր բարձրացրած ասաց.

— Կացե՛ք, կացե՛ք։

Հայրական այս ազդու խոսքերից հետո ոչ ոք չհամարձակվեց դագաղը տեղից շարժել։ Մոտենալով որդու դագաղի գլխամասին, որդուն դիմելով ասաց.

«Իմ սիրելի Աղասի, դուն որ ապրեցար Սուլթանի լուծի տակ, ցարի լուծի տակ, նստեցիր դաշնակցության բանտը, բնավ երբեք ոչ մի անգամ չհուսահատվեցար, չմտածեցիր ինքնասպանության մասին, հիմա Խորհրդային ազատ երկրին մեջ ինչը կարող էր դրդել քեզ ինքնասպան ըլլալ…»։

Այդ դամբանական կարճ խոսքով Ղևոնդ Խանջյանը հրապարակավ կասկած հայտնեց, որ իր որդին ինքնասպան չի եղել։

Խանջյանի հոր համառոտ խոսքից հետո Մաղդուսին կարգադրեց վերցնել դագաղը։ Խանջյանի ընկերներն ու զինակիցները մոտեցան և դագաղը ուսամբարձ դուրս տարան։ Որոշված էր նրան թաղել Կոնդի հյուսիսային մասում գտնվող «Կոզեռն» կոչվող հեռավոր և աննշան գերեզմանոցում։

Դագաղի ետևից ընկած քայլում էին։ Նեղ փողոցով ընթացող թափորը երկու կողմերից պաշտպանվում էր միլիցիայի հեծյալ և խիտ շարքերով։ Չնայած այդ խիստ միջոցառումներին, ժողովուրդը դուրս եկավ իր ափերից և շարժվեց դեպի Խանջյանի դագաղը։

Միլիցիոներները ձիեր էին քշում ժողովրդի վրա և փորձում էին ետ մղել հուզված ժողովրդին, բայց զուր, բոլոր փողոցներից ու անկյուններից մարդկանց նորանոր խմբեր էին ձուլվում հսկա թափորին։ Եթե կարելի էր վարարած գետը կանգնեցնել, այդպես էլ հուզված ժողովրդին կարող էին հետ մղել։ Սեղմված խճողված շարքերում քայլում էի, հանկարծ կողքիս տեսա Ստեփան Զորյանին։

— Բարև, Ստեփան Իլյիչ։

— Բարև,— պատասխանեց նա,— եղբայր այս ինչ է կատարվում… մի տեսեք՝ հեծյալ միլիցիան ձիերը ուղղակի Ժողովրդի վրա է քշում։

Այդ ժամանակ մեր առաջից (մարդկային հոսանքի մեջ ընկած) գնում էին երկու փոքրիկ պիոներներ. Զորյանը նրանց թևից բռնելով ասաց.

— Փոքրիկներ, դուրս, դուրս եկեք, կարող են ձիերը ձեզ տրորել։

Մեզանից քիչ առաջ նկատեցի Եղիշե Չարենցին, որը գլուխը դեպի ձախ ուսը թեքած, ժողովրդի մեջ սեղմված առաջ էր գնում։

Մուղդուսին, տեսնելով, որ իր հեծյալ միլիցիան անզոր է ժողովրդի ցասման դեմ, դիմեց մի ավելի զզվելի միջոցի։ Ժողովրդի վրա բաց թողեց Մամռի ջրանցքի առատ ջրերը, որը հեղեղեց փողոցը։ Պետք էր տեսնել, թե ինչպես տղամարդիկ, կանայք, երիտասարդ աղջիկները, մինչև սրունքներն հասնող ջուրը ճողփելով առաջ էին շարժվում։

Այդ ժամանակ ինձ և Զորյանին մոտեցավ մի մարդատար մեքենա։ Վարորդը մեքենայի դուռը բացելով ասաց.

— Ընկեր Զորյան, ընկեր Ալազան, խնդրեմ, նստեք, այդպես թրջված կարող եք մրսել և հիվանդանալ։

Մենք շնորհակալության հայտնելով նստեցինք մեքենան։

Քիչ հետո տեղ հասանք։ Գերեզմանի մոտ կանգնած էր Եղիշե Չարենցը։ Ես նրան մոտենալով ասացի.

— Որտեղ էիր, ինչպե՞ս կարողացար այստեղ հասնել, ինչու՞ չէիր եկել առանձնատուն, վերջին հրաժեշտը տալու։

— Այ տղա, այսօր տանից ուշ դուրս եկա և տեսա, որ ժողովուրդը մի տեսակ հուզված գնում էր դեպի Կոնդ, մեկին հարցրի.

— Այս ո՞ւր է գնում խուճապահար այս բազմությունը։

— Այսօր Խանջյանի թաղումն է, գնում ենք թաղման,– ասաց նա։

— Դե ես էլ խառնվեցի, ոտքերս գետնից կտրված, ժողովրդի հոսանքը ինձ այստեղ հասցրեց։ Այ տղա, էս ի՞նչ է անում ժողովուրդը, ուղղակի գժվել է, գժվել։

Հրաժեշտի հուզիչ ճառ ասաց Անդրֆեդերացիայի Ժողկոմխորհի նախագահը, որն իր ճառն ավարտեց հետևյալ խոսքերով. «Գնաս բարով, մեր սիրելի ընկեր, մեր սիրելի Աղասի»։

Հետո խոսեց Բերիայի գործակալ, Հայաստանի ժողկոմխորհի նախագահ Աբրահամ Գալոյանը։ Նրա ճառը քաղաքական խուլիգանության մի նմուշ էր, որում ձգտում էր Խանջյանին քաղաքականապես վարկաբեկել և անարգել։ Երբ Գալոյանը իր ճառը ավարտեց, Չարենցն ինձ մոտենալով ասաց.

«Տեսնո՞ւմ ես, սրիկաներ, խեղճ Աղասու գլուխը կերան, հիմա էլ գերեզմանի վրա նրան հայհոյում են։ Տես, թե ինչ են դարձել մարդիկ»։

Այդ օրը՝ հուլիսի 12-ի լույս 13-ի գիշերը բանտարկեցին Խանջյանի զինակիցներից մեկին՝ Աղասի Գալոյանին, որը առաջ էր քաշված բանվորության շարքերից։ Գալոյանի բանտարկության լուրը ցնցեց ամբողջ քաղաքի կուսակցական հասարակայնությանը։

Դրանով էլ հիմք դրվեց մասսայական ձերբակալությանը, որին Բերիան վաղուց էր ձգտում։

Խանջյանի թաղումից մեկ օր հետո, հուլիսի 13–ին հրավիրվեց կուսակցության Սպանդարյանի շրջանի ակտիվի նիստ։ Գրողների միության կուսակցական կազմակերպությունը մտնում էր այդ շրջանի մեջ։ Ես էլ գնացի այդ նիստին։

Ժողովը ղեկավարում էր Ամատունու եղբայրը՝ Սպանդարյանի շրջկոմի քարտուղար Վարդգես Վարդապետյանը։ Այդ ժողովում Բերիայի կողմնակիցները նպատակադրել էին ամեն կերպ քաղաքականապես սևացնել Խանջյանին և նրա կողմնակիցներին։ Նկատի ունենալով, որ ես շատ մոտ եմ եղել Խանջյանին, Ժորա Ծատուրովը բացականչեց.

— Ես պահանջում եմ, որ Ալազանը դուրս գա և պատմի իր և Խանջյանի հանցավոր կապերի մասին։

Ես պատրաստվում էի բեմ դարս գալ և խոսել, երբ Բերիայի կողմնակիցները դահլիճի բոլոր ծայրերից բացականչեցին.

— Դուրս, դուրս հանել դրան ժողովից, հեռացնել կուսակցությունից.

— Դուրս…

— Դո՛ւրս…

Այդ բացականչություններին հաջորդեցին սուլոցներ, ժողովի նախագահ Վարդգես Վարդապետյանն ինձ դիմելով ասաց.

— Ընկեր Ալազան, դահլիճը թողնել։

Ես վեր կացա տեղիցս և քայլերս ուղղեցի դեպի դուռը։ Այդ տեսնելով, նրանք ավելի ուժեղ սուլեցին և փողոցային զանազան արտահայտություններ արեցին իմ հասցեին։

Այդ բոլորից շշմած ես ինձ գտա Աբովյան փողոցում։ Մի պահ մտքովս անցավ. «Ինձ գցեմ տրամվայի տակ և վերջ տամ կյանքիս, բայց քայլերս ուղղեցի դեպի «Ինտուրիստ» ճաշարան, ուր կինս՝ Մարոն ինձ էր սպասում: Երբ այդ խայտառակ ժողովի մասին պատմեցի, նա սկսեց սիրտ տալ և թևանցուկ արած դեպի տան առաջնորդեց ինձ։

Խանջյանի ողբերգական մահից հետո Համո Ամատունին նշանակվեց Հայաստանի կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար։

Կուսակցության ակտիվի այդ խայտառակ ժողովից հետո ես դիմում գրեցի Ամատունուն, խնդրելով, որ ինձ ազատի գրողների միության պատասխանատու քարտուղարի և «Գրական թերթի» խմբագրի պարտականություններից։

Դիմումս ստանալաց հետո Ամատունին ինձ Կենտկոմ կանչեց և ասաց.

— Ինչ է՝ Խանջյանի հետ աշխատելուց հետո ինձ հետ չե՞ս ուզում աշխատել։ Եթե քեզ ազատեմ, պետք Է ասեն. «Ամատունին վանեցիներին բոլոր պոստերից հեռացնում Է»։

— Այս պայմաններում աշխատել հնարավոր չէ,— ասացի ես։

— Ոչինչ, սիրելիս, կարևորություն մի տուր, հիմա խառը ժամանակներ են, այդպես էլ կպատահի, գնա և հանգիստ խղճով շարունակիր քո աշխատանքները։ Ես քեզ դեռ կոմերիտմիությունից գիտեմ, քո նկատմամբ կասկած ունենալը հանցանք է։

Ամատունու խոսքերից ոգևորված, դուրս եկա Կենտկոմից, մտածելով, թե այսքանից հետո ոչ ոք չի կարող ինձ քաղաքական որևէ մեղադրանք ներկայացնել։ Ի՞նչ իմանայի, որ Ամատունու խոսքերը խորամանկ խաղ էին իմ գլխին:

Այս զրույցից տասն օր չանցած, ինձ ներքին գործերի ժողկոմատ կանչեցին։ Մտածելով, որ այլևս տուն չեմ վերադառնա, Մարոյին մնաս բարով ասացի։ Ինձ կանչել էր ինքը՝ ժողկոմ Մուղդուսին։ Բացի Մուղդուսուց, այնտեղ էր Թիֆլիսից եկած ոմն Ստեպանով (ռուս)։ Սկսեցին ինձ հարցաքննել Խանջյանի հետ ունեցած իմ աշխատանքային կապերի մասին։ Ինձ շատ տարօրինակ թվաց այդ հարցաքննությանը;։ Մի խոսքով, ընկած տրամադրությամբ տուն վերադարձա։