Ցրտից դալկացած մատներս նորից դիպչում են արդեն խորթ դարձած գրչին, ցավից բթացած մտքերս դեռևս հպվում են սրտիս...
Նրանք երկուսն էլ սովորել էին նկատել գեղեցիկը, փաստել և ի ցույց տալ բարին ու նվիրականը, փոխանցել սերն ու երջանկությունը:
Հուշերից կառչող անզոր հույզերս դանդաղ ջերմացնում, այրում են հոգիս...
Հաջորդող օրերը մասնիկ առ մասնիկ հեռացնում են մեզ իրարից, փորձում են մոռացության տալ մեզ, խառնել ամբոխին ու կարծեցյալ հանգստությամբ ու ինքնախաբ ժպիտներով քողարկել մեր իրարամերժ զգացումներն ու ցանկությունները:
Ու ամեն անգամ զսպում եմ ես ինձ... դեմ եմ դուրս գալիս սրտիս, մտքերս ու անցյալս խառնվում են իրար, իսկ դու դեռ կաս ինձանում, դեռ քեզ շնչում եմ ու տեսնում ամենուր, ամեն վայրկյան. ամեն ինչում քո պատկերն է: Խեղդում եմ ձայներն ու փակում աչքերս...դու դեռ ներկա ես...
Իսկ դու... փորձում ես ուժեղ ձևանալ, սակայն ստում ես ինքդ քեզ և ուրիշներին,ջանք չես խնայում կործանել ամեն ինչ, ջնջել ամեն ինչից, ամեն տեղից ամեն հարցում...բայց ապարդյուն, որովհետև մենք անցյալ չենք ունեցել, մեզ չի տրվել այդ անցյալը, այն մենք էինք ստեղծել...
Քիչ մնաց...տանջանքներիդ քիչ մնաց...
Անցյալներդ կդառնան երազներ, երազներդ՝ հուշեր, հուշերդ՝ սուր փշեր, որոնք ամեն անգամ կծակեն մտքիդ սևեռումներն ու թվացյալ ձեռքբերումները:
Ու կգոռաս...ավաղ ուշացած, կփնտրես, բայց այլևս զուր, կհիշես, սակայն որպես կորուստ...
Անցյալ, որ միշտ ներկա է լինելու.. որքան էլ չուզենք, թկուզ խուսափենք, որքան էլ ժխտենք, անգամ աղճատենք:
Մենք դեռ ներկա ենք՝ թեպետ հեռացած, մի քիչ խունացած, սակայն դեռ շնչող, սակայն կաղ դարձած...
Ու միշտ մեր ներկաներն ավելի շատ կլինեն քան մեր անցյալը, սակայն միայն թվաբանորեն...