Ամեն անգամ, երբ մենք կորցնում ենք որևէ մեկին, սկսում ենք բղավել. ՛՛Մեզ թողեցի՜ն, լքեցի՜ն՛՛ ու երբեք ինքներս մեզ չենք հարցնի. ՛՛Ինչու՞ գնացին, ի՞նչ արեցի ես, որ կորցրի: Ո՞րն էր հենց ԻՄ մեղքը ՛՛ :
Ցավոք՝ մարդկանց երբեմն իրերի հետ ենք շփոթում ու նրանց էլ ենք կորցնում՝ սանրի, մատանու կամ վերնաշապիկի պես : Կորցնում ենք նրանց, քանի որ նրանց հենց էդպես էլ վերաբերվում ենք. ասես սանր են , կամ թե ինչ-որ իր : Իրերն ու մարդիկ իրար են խառնվել :

Ու ինքս էլ ինձ իր եմ զգում, երբ փողոցից հոգնած տուն եմ մտնում : Փողոցում ես միշտ իդելական տեսք ունեմ : Աղջիկ եմ. սրանով ամենն ասված է : Ուղիղ մեջք, վստահ քայլվածք: Պետք է ականջի ետև գցել բոլոր լսածդ հաճոյախոսությունները, չտեսնելու տալ հակառակ սեռի հետաքրքրված հայացքներն ու աչքերդ ինչ-որ կետի գամած պետք է շարունակել քայլելը :
Իսկ տուն մտնելուց հետո առաջին հերթին ես մի կողմ եմ նետում կոշիկներս ու դեմքովս մեկ լղոզում եմ շպարս : Հա՜, էսպես բնական է : Տանն էլ հո պետք չէ անհասանելիություն ձևացնել ու ՛՛մոտենաս ինձ՝ գլուխդ կջարդեմ՛՛ դեմքի արտահայտություն նկարել :
Սառը ջուրը հարվածում է դեմքիս : Հարվածում է էնպես, ինչպես բամբասանքներն ու անհիմն վիրավորանքն է դեմքիս հարվածում : Բայց ջրի հարվածից ես թարմանում ու ուշքի եմ գալիս այնքան, ինչքան որ ուշքի եմ գալիս ամեն անգամ իմ մասին անչափ հետաքրքիր, բայց աղբոտ, զզվելի նորություն իմանալիս : Դեմքիցս, լղոզված շպարիս հետ միասին, մաքրվում է նաև ՛՛անհասանելի աղջիկ՛՛ կերպարիս վերջին մնացորդները :Իրականում չկան անհասանելի աղջիկներ: Ցանկացած աղջկա մեջ պատ կա, անխոս : Հակառակ սեռը հասնելով դրան մտածում է. ՛՛Եթե պատ է, ուրեմն պետք չէ անցնել: Ափսոս…՛՛ : Մինչդեռ մենք երազում ենք, որ մի օր կկարողանանք թույլ ու խոցելի լինել, որ կգրկենք ինչ-որ մեկին ու էլ չենք մտածի կանացի խաղերի, միշտ լավ տեսք ունենալու մասին : Իսկ հակառակ սեռը, գոնե քանդի պատը, այն տեսնելիս սկսում է քայլ-քայլ ետ գնալ : Ցանկացած պատ ստեղծված է քանդելու համար : Ցանկացած պատի տեր երազում է, որ պատը մի օր կքանդեն : Կմաքրեն ու կվերացնեն այնպես, ինչպես հիմա ես եմ մաքրում շպարս :
Նայում եմ հայելու մեջ. բնական եմ : Ու , գրողը տանի, ես իրականում սիրում եմ ինձ : Ինչքան էլ կրկնեմ, որ տգեղ եմ , լավը չեմ, կրծքերս փոքր են, գիրացել եմ և այլն, հասկանում եմ, որ այս նախադասությունը կրկնում եմ միմիայն նրա համար , որ ինձ հակառակն ապացուցեն :Ու վա՜յ նրան, ով ինձ հակառակը չհամոզի… Ես գեղեցիկ աղջիկ եմ՝ բոլոր թերություններովս հանդերձ : Սա մեր մեջ : Ոչ մեկին ասել պետք չէ : Թե չէ կդադարեն հաճոյախոսելուց , իսկ իմ ականջները սիրում են տաք բառեր: Ափսոս,որ մեր օրերում հաճոյախոսելը ճոխություն է համարվում :
Մի կողմ նետել հագուստները, հագնել ինչ-որ թեթև բան, ոտաբոբիկ քայլել տան մեջ, սուրճ պատրաստել, գալ ու փռվել հատակին :
Որոշ մարդիկ, կորցնում են ինձ, ուրիշները ՝ գտնում : Բայց չգիտես՝ ու՞մ են գտնում. փողոցով քայլող աղջկա՞ն, թե՞ այս մեկին, ով փռվել է հատակին ՝ առանց շպարի, մազերը գզգզած :
Գոռում ես, որ կորցրել ես : Իսկ ու՞մ ես կորցրել : Ի՞նձ: Իմ ո՞ր ՛՛ես՛՛-ին :
Շատ ենք գոռում կորցնելու մասին : Սիրելու մասին էլ : Բայց այ հիմա, եթե իմ առջև կանգնեցնեին իմ սիրելիին, ես չէի փորձի պարզել նրա սիրո անվերջության սահմանները : Չէի ցանկանա իմանալ, թե ինչ անակնկալ է պատրաստում ինձ համար, երբ է պլանավորել համբուրել ինձ, չէ: Թքած ունեմ : Ու թքած ունի ցանկացած աղջիկ : Ես կուզեի իմանալ. կընդունի՞ ինձ այնպիսին, ինչպիսին ես կամ : Հա՞, կընդունե՞ս :
Կընդունե՞ս, որ ես ատում եմ փողոցով քայլել հպարտ կեցվածքով:
Որ երբեմն հայհոյում եմ : Օ՜, գրողը տանի, աղջիկները հայհոյում են, այն էլ ինչպե՜ս են հայհոյում :
Ես ատում եմ բոլոր դիետաներն ու նման բաները : Ես սիրում եմ համեղ ուտել ու ինձ իրականում հետաքրքիր չէ, թե ինչքան եմ կշռում :
Ես մթությունից ու սարդերից վախենում եմ, գիտե՞ս : Սարսափելի վախենում եմ :
Ես սիրում եմ ոտքերս սեղանին դնել :
Հաճախ անհիմն լաց եմ լինում ու վեճերի բռնվում :
Ճաշը երբեմն հենց թավայի միջից եմ ուտում : Խոհանոցում կանգնած: Ձեռքերով :
Ես փողոցում հրաշալի եմ, գեղեցի՜կ, հպա՜րտ:
Իսկ դու կսիրեի՞ր ինձ, եթե իմանայիր, որ ես սիրում եմ թույլ լինել : Սիրում եմ ուղղակի աղջիկ լինել ու չմտածել ոչ մի բանի մասին : Ուժեղին ո՜վ չի սիրի : Իսկ թույլի՞ն : Իսկ գիտես՝ բացի նրանից, որ ես հրաշալի խորհրդատու եմ ու ինձ անհնար է կոտրել , նաև ուզում եմ երբեմն ինչ-որ մեկի թևերի տակ կուչ գալ ու նայել երկնքին : Ուզում եմ ինչ-որ մեկին գրկել ու ոռնալ, որովհետև ինձ ոչ ոք չի հասկանում, չի ընդունում : Ուզում եմ ինչ-որ մեկը գլուխը դնի ծնկներիս ու ես ուղղակի շոյեմ ափերովս նրա ճակատն ու պատմեմ իմ երազանքների մասին : Խոսեմ ու չմտածեմ, որ պետք է ձևացնեմ, թե իմ մեջ ՛՛գաղտնիք՛՛ կա, չբացահայտված կողմեր կան: Ու պետք չի գերել, աչքերը հաճախ թարթել, ուռացնել շուրթերը, իբրև թե պատահական դիպչել դիմացինիդ ձեռքին, խաղալ մազերի հետ, ձեռքով իբրև թե ուղղակի շոյել պարանոցդ : Պետք չէ ոչ մի ձևականություն : Որովհետև,գրողը տանի, չկա այդպիսի բան : Ես պարզ եմ, պարզ այնքան, ինչքան այս ճակատը, որը ես ուզում եմ ուղղակի շոյել :
Զարամացա՞ք : Հա, ցանկացած աղջկա երազանքների ասպետ ամփոփվում է մի նախադասության մեջ. մարդ, ում կողքին կարելի է թույլ լինել ու պետք չէ խաղալ :
Մինչդեռ սիրելն իրականում դիմացինի թերություններն ընդունելու մեջ է : Ո՞վ չի սիրում իմ սուր հայացքը, տաք աչքերը, նուրբ ձայնս ու մատներս : Բոլորն են սիրում : Իսկ դու փորձիր իմ մեջ սիրել իմ՝ խոհանոցում հենց թավայի միջից ուտելը, անիմաստ կռիվներս, գզգզված մազերս : Սիրել պետք է թերությունները, առավելությունները բոլորն են տեսնում :
Մենք ասում ենք, որ կորցրել ենք : Մինչդեռ մենք կորցնում ենք մարդկանց արտաքին դեմքը : Ներքինը շատերին ծանոթ չէ :
Ու միգուցե ծանոթ էլ չլինի, որովհետև հիմա, երբ ես փռված եմ հատակին, ոչ ոք ինձ չի տեսնում : Ու դու չգիտես, թե մարդիկ մի օր քեզ կտեսնե՞ն այդպիսին, կզգա՞ն :
Իսկ իմ նման մեկը, ով հիմա առանց շպարվելու , մազերը գզգզած պառկած է հատակին, իր կողքին դրած սուրճի նման կաթիլ կաթիլ խմում է սեփական հավատը ու հասկանում է, որ մարդիկ արժեքավորում են մի բան, որը հիմնված է ձևականության վրա : Որ այն, ինչ արժեք ունի, այսօր ոչ մեկին հարկավոր չէ : Որ սանրի կամ շապիկի նման ինչ-որ մեկն էլ օգտագործել է իր սիրտն ու ինչ-որ տեղ թողնելով այն՝ մոռացել ու կորցրել է :
Վաղն էլի պետք է շպարվել ու հպարտություն խաղալ:
Իսկ հիմա, երբ ես պառկած եմ հատակին, թույլ տվեք ասել, որ ես զգացմունքների աթեիստ եմ դարձել: Թույլ տվեք վայելել հատակի սառնությունը, առաստաղի դատարկությունն ու սուրճս : Սրանք ավելի բնական են, քան այն կորուստները, որոնք դուք ամեն օր զգում ու մոռանում եք :