Կյանքը աջ գրպանումս, գարունը՝ ձախ : Քայլում եմ փողոցով , թափահարում խառնված մազերս ու մտովի փորձում գուշակել՝ երբ արև կլինի : Մատներս մրսում են: Սառնությունը փոխանցվում է մտքերիս : Ես էլ գլուխս թափահարելով փորձում եմ սառնությունը մի կողմ տանել ու տաքացնել մտքերս, որ հետո մտածեմ ձեռք տաքացնելու մասին : Ամեն բան փոխկապակցված է իրար հետ : Մինչև մտքերս չտաքանան՝ մատներս սառած են մնալու : Երբեմն սա վախեցնում է ինձ, երբեմն՝ ուրախացնում : Բայց ավելի հաճախ այդ մասին ուղղակի չեմ մածում:

Առավոտից ուղեղումս պտտվում է հեքիաթ՝ փոքրիկ տղայի ու իր կարմիր գնդակի մասին: Հորինում եմ, անընդհատ փոփոխում : Կարևորը՝ գլխավոր կերպարս չի փոխվում : Հեքիաթիս օրինակի վրա էլ համոզվում եմ, որ կյանքում էլ է այդպես. կարևորը, որ կյանքի գլխավոր կերպարները չփոխվեն: Թե չէ մնացած ամեն բան երկրորդական է ՝ թե՛ իմ հեքիաթում, թե՛ կյանքում :

Առավոտյան արթնացա : Հեքիաթը սկսվեց:

՛՛ Աշխարհում ապրում էր մի տղա,ով ուներ կարմիր գնդակ: Աշխարհում արև կար, ծառեր, լուցկիներ ու չորս լվացքի մեքենա ՛՛ :

Հետո՝ օրվա ընթացքում, երբ ես զայրացած փնտրում էի պայուսակս ու չէի գտնում, հեքիաթը փոխվեց.

՛՛Աշխարհում ապրում էր մի փոքրիկ տղա , ով ուներ կարմիր գնդակ: Տղան չէր մեծանում , բայց անընդհատ ձգտում էր ավելի մեծ լինել : Հենց դրա պատճառով անընդհատ բողոքում էր ու զայրանում : Ու մի օր ոտքով ուժեղ հարվածեց գնդակին : Գնդակը կոտրեց պատուհանն ու անհետացավ աշխարհի մեջ : Տղան երկար նայում էր ճաքճքված պատուհանին ու հասկանում, որ իր զայրույթից տուժում է ամեն բան : Հասկացավ, որ գնդակի կողքին նա մեծ էր. չէ՞ որ գնդակից այդքան բարձրահասակ է : Հասկացավ, որ առաջ ամեն ինչ այդքան էլ վատ չէ : Իսկ հիմա նա ոչ մեծ է, ոչ էլ՝ փոքր : Հիմա ուղղակի մենակ է : Իսկ երբ մենակ ես, արդեն կարևոր չէ՝ փոքր ես, թե՝ մեծ : Տխրեց, ավելի մռայլվեց: Նստեց հատակին ու գրկեց ծնկները ՛՛ :

…Երբ ես նայում էի երկնքին ու հետևում քամուն, ու զգում, թե ինչքան եմ սիրում ինձ շրջապատող ամեն բան, որոշեցի էլի հորինել .

՛՛ Գունավոր աշխարհում մի փոքրիկ, կապույտ աչքերով տղա էր ապրում, ով ուներ կարմիր գնդակ: Աշխարհում ամեն ինչից շատ տղան իր կարմիր գնդակն էր սիրում, որովհետև գնդակը միշտ իր հետ էր : Ու հասկացել էր փոքրիկ տղան, որ այն ամենը, ինչ քեզ հետ ու քո կողքին է, պետք է սիրել: Ու գնահատել : Տղան հաճախ էր պատմում գնդակին այն աշխարհի մասին, որտեղ նա ապրում է : Որովհետև տղան հասկացել էր . պետք է կիսել քո աշխարհն այն մարդկանց հետ, ում սիրում ես : Գնդակն ու տղան միասին երկար-երկար նայում էին արևին ու ուրախանում : Որովհետև երկուսն էլ հասկացել էին. կարևորը միասին են: Դրանից ավելի կարևոր բան ուղղակի չկա՛՛ :

Քայլում եմ փողոցով ու թափահարում գլուխս : Մտքերս սկսում են տաքանալ : Փորձում եմ տաքացնել մատներս: Կարծում եմ՝ ստացվում է :

Դուռ: Տուն: Սենյակ: Երեկո :

Սեղանի վրա թեյ է դրված: Թխվածք, թերթեր ու դեղին մատիտ : Վերջին անգամ փորձում եմ հորինել հեքիաթը.

՛՛Աշխարհում ապրում էր մի տղա, ով կարմիր գնդակ ուներ : Նա ապրում էր մի մեծ սենյակում, որը բոլոր կողմերից ապակեպատ էր : Տղան ցերեկները խաղում էր գնդակի հետ : Իսկ գիշերը, երբ գնդակը քնում էր, տղան նստում էր հատակին ու նայում աստղերին: Նայում էր աստղերին ու մտածում հրաշքների մասին : Պատկերացնում ծովեր, անձրևի կաթիլներ, ուրիշ աշխարհներ,քամիներ ու աստղեր : Մտածում էր փոքրիկ տղան, նայում քնած գնդակին , ինքն էլ հոգնում գունավոր մտքերից ու քնում : Տղայի աշխարհում խաղաղություն էր տիրում : Կա սենյակ, որը բոլոր կողմերից պատված է ապակիներով ու կա գնդակ, որը միշտ իր հետ է. էլ ի՞նչ է հարկավոր՛՛ :

Մենք միայն Փոքրիկ իշխանին գիտենք, որի մասին մեզ պատմել էր մի մարդ, ով , ճիշտ է, մեծահասակ էր, բայց հավատում էր հրաշքների ու երկինք նայելիս տեսնում էր աստղերը : Դա հրաշքների հավատացող մեծահասակի Փոքրիկ իշխանն էր :

Իսկ գնդակով տղային ես գտա այսօր :Երբ արթնացա : Ու, բոլոր հրաշքների նման, գտա հանկարծակի . չէ՞ որ հրաշքները միշտ անսպասելի են լինում :

Մատներս տաքացան : Նայում եմ պատուհանից ու մտածում տղայի ու կարմիր գնդակի մասին :

Երևի գնդակն արդեն քնել է : Երևի տղան մտածում է այն՝ ուրիշ աշխարհի մասին, որտեղ ես եմ ապրում : Ինչ-որ բան ինձ հուշում է. նա գոյություն ունի :

Բարի գիշեր, գնդակ :