Ես ուղղակի սյուք եմ՝ փոթորիկի էլեմենտներով:
Փոթորիկ՝ բաժակի մեջ:
Բաժակ, որը դրված է լինում անկողնուդ կողքին , ու դու նույնիսկ նրան ուշադրություն չես դարձնում: Ու հենց էսպես էլ ամեն ինչ սկսվում է. հանկարծակի, տարօրինակ: Մեզ հեղափոխում են այն բաները, որոնց կարգին ուշադրություն էլ չենք դարձնում: Ես քեզ չեմ մեղադրում. դու ուղղակի չգիտես, որ բաժակիդ մեջ ես եմ ապրում՝ քո սեփական, սեփական օգտագործման ու շահագործման, ուղղակի քոնը լինելու համար ապրող ես՝ քամիս՝ հեղափոխությունս: Ով եկել է քեզ կործանելու, որ երջանականաս: Եկել է աչքերդ բացելու ու էլ թույլ չտալու, որ ամեն ինչ լինի այնպես, ինչպես որ կար: Մեկ-երկու: Ու ես քո կողքին եմ: Երեք-չորս: Ու սկսում եմ ամեն ինչ խառնել իրար:
Չես էլ հասցնում հասկանալ՝ ինչ պատահեց, երբ հանկարծ պայթում են բոլոր պատերը, քարերը մանրանում, դառնում են փոշի, ու ես՝ քամիս, դրանք շաղ եմ տալիս սենյակովդ մեկ՝ անկողնուդ, վերջին էջը պոկված գրքիդ, երազանքներիդ ու մազերիդ վրա: Սովորական, փոքրիկ հեղափոխություն՝ ուղեղում, սրտում, շնչառության մեջ: Սովորական, որովհետև ամեն օր էլ ես քեզ հետ պատերազմում եմ: Դու պառկում ես քնելու, իսկ ես պատեր եմ քանդում ու շաղ տալիս փոշին մազերիդ վրա: Մենք պատերազմում ենք: Դու ՝ քնած, ես՝ թաթերիս վրա քայլելով: Դու՝ անգիտակցաբար, ես՝ գիտակցված ու հաղթանակի տրամադրված: Դու՝ քնած վիճակում անպաշտպան ու ինձ չճանաչող, ինձ չլսող ու չտեսած: Իսկ ես…
Քամի՜, քամի՜ : Փոթորիկ: Մազերիդ վրա մեռած պատերի փոշին է : Քանդում եմ, տրորում ու սպանում անխնա: Սենյակիդ վարագույրները բարձրանում են օդ, գրիչները պտտվում են օդում, ոտքերս պոկվում են գետնից ու սկսում եմ սենյակիդ մեջտեղում պտույտներ գործել:
Պտտվում եմ, պտտվու՜մ: Ես քամի եմ, քամի՜: Փոթորիկի էլեմենտներով: Ես փշրելու եմ, ես ստիպելու եմ մոռանալ քեզ՝ ինչպես էիր ապրում. դասակարգված, հստակ կայուն: Ոչ մի կայունություն: Ոչ մի դասակարգում:
Իմ կյանքում չկա ոչ մի օրենք: Իմ հեղափոխությունը ազատության հեղափոխությունն է:
Իմպրովիզ:
Միմիայն իմպրովիզ: Էքսպրոմտ:
Եթե ուզում ես կյանքը զգալ՝ պիտի ստեղծագործես, պիտի հենց քայլելիս որոշես՝ ուր գնալ: Պիտի սպանես օրենքներն ու տրվես արարելուն. ստեղծես ու չվախենաս: Ու…ու պիտի սեփական օգտագործման սյուք ունենաս՝ բաժակում թաքուն պահվող հեղափոխություն:
Հայտնվում եմ կողքիդ, ափով շոյում ճակատդ , ականջիդ շշնջում. ՛՛Էքսպրոմտ,իմպրովիզ…Էքսպրոմտ…Իմպրովիզ…՛՛ : Գրիչները պարում են օդում: Սենյակդ խելագարվել է : Մազերս շոյում են այտդ: Քնի մեջ ինչ-որ բան ես խոսում: Ծիծաղում եմ բա՜րձր: Դու ինձ չես լսում: Հիմա դու անկարող ես ինձ լսել: Պատերը խլացնում են ձայնս:
Ես շարունակում եմ իմ խելագար սիմֆոնիան: Պտտվում եմ օդում, պարում վարագույրներիդ հետ, գրքերը խփվում են առաստաղին, ձեռքով երբեմն-երբեմն շոյում եմ ճակատդ ու մատներս սահեցնում դիմագծերիդ վրայով:
Օդում երաժշտություն է տարածվել:
Օդում ջութակներ են նվագում:
Ես շարժվում եմ երաժշտությանը ներդաշնակ ու շաղ տալիս քանդած պատերի փոշին ամբողջ սենյակով: Թող ցնորվի աշխարհը: Թող գժվի ամեն բան:
Ես կսովորեցնեմ քեզ ազատ լինել:
Ես կսովորեցնեմ քեզ արարել ամեն քայլի ու ստեղծագործելով ապրել:
Ու մի օր, երբ քանդելու էլ ոչինչ չմնա, ես էլի ականջիդ կշշնջամ: Կպատմեմ քեզ քամիների մասին, բաժակում ապրող հեղափոխությունների մասին: Ու դու կլսես ինձ:
Մատներս կուսումնասիրեն դիմագծերդ, մազերս կշոյեն այտդ: Ու դու կզգաս ինձ:
Դու կբացես աչքերդ: Ու կտեսնես ինձ: Վերջապես կտեսնես ինձ: Ու չես վախենա:
Ու ինձ կմնա հանդարտեցնել փոթորիկը: Գրքերը արագ կդասավորվեն իրենց տեղերում: Կլռի ջութակը: Վարագույրը էլ չի պարի: Ես կդառնամ սյուք: Սովորական, սյուք՝ հանգիստ, անպաշտպան: ԿԿծկվեմ ձեռքերիդ մեջ ու կփակեմ աչքերս:
Այդ պահին դու կհասկանաս ինձ:
Այդ պահին դու կզգաս իսկական ազատությունը:
Ու իմ ափերում էլ չեն լինի պատերից մնացած փոշիներ: Կլինեմ ուղղակի ես: Ու ուղղակի քեզ հետ կլինեմ:
Ես՝ սյուքս՝ քամիս: Փոթորիկ՝ բաժակի մեջ:
Ուղղակի սյուք՝ փոթորիկի էլեմենտներով: