(առաջին հպումից ինքնավերագոյանում են)
«Լիլ, ես տեսա քեզ հպանցիկ, ու ինձ համար ամեն ինչ պարզ դարձավ, միայն թե չժխտես: Երբ ձեռքդ անհամբեր նետվեց նրա ափի մեջ, դու նմանվեցիր տրոփող երակի,ինձ թվաց՝ հիմա շունչդ կփչես հիմարիկի նման: Երբ մատներդ քեզ դավաճանելու համար խրվեցին նրա մատների մեջ, ես պատրաստ էի նետվել՝ նրան խեղդելու: Հա, ու մի զարմացիր, Լիլ, ինձ թվաց՝ նա քեզ ցավեցնում է: Հանգստացիր, ես դա չարեցի, որովհետև երանելի դեմքդ անգամ կիսախավարի մեջ մատնում էր անդորրը, որ այդ պահին երկուսիդ էլ գողացել էր իրարից: Դու ներգոյացել էիր նրա մեջ, նրա մատների, նրա մաշկի, անգամ արյան մեջ: Ես տեսա, Լիլ, տեսա նույնիսկ՝ ինչպես երակներովդ հոսում էր տաք արյունդ, ներքաշվում էր նրա մաշկի տակ, ու նա խաղաղվում էր: Նա հանգստանում էր, անէանում՝ թողնելով քեզ՝ քո մեջ՝ պարտված, հանձնված: Վայրկյան առ վայրկյան նա դասավորում էր մատներդ հերթականությամբ՝ պինդ ու եսասիրաբար - ասես փախչելու էիր...
Լիլ, նա հպվեց քեզ - մի գրիր նրա մասին, Լիիիիիիիլ, մի արա,դա նրան ցավ է պատճառում, նա կհիշի, կջախջախվի, դու խոստացել էիր, ախր:
Նա հպվեց քեզ, դու մի քայլ էլ մոտեցար նրան, դու այդքան մոտ շնչում էիր նրա անհանգիստ հևքը, նա մատնվում էր քո գոյությունից... Փրկվիր նրանից, գնա, թող նրա լռությունը մահանա քո մատների մեջ, թող նրա կուրծքը ազատվի քո անունից...
Որքան կարող ես հեռու, խորը շարունակվիր նրա երազի մեջ, տարածվիր նրա զարկերակ սպասումի մեջ ու մի գրիր, մի, մի...
Լիլ, դու նրա լույսն էիր, որ բռնել էր խավարի մեջ, նրա վտանգավոր խաղը, որ հիմա քեզնից հետո խաղալու է ու թե ինչպես - դու գիտես միայն...
Եա տեսա քեզ, նրան ու սառեցի նշաններից, որ էլի նրան էին ուղղված...