«... Լիլ, դու իմ շարունակվող խոսքն ես: Մի ընդհատիր, արի մի կողմ դնենք քո խիստ հպարտությունը ու լսիր ինձ: Ախր, ես ոչ մի անգամ այսքան մենակ չեմ եղել քո դիմաց: Հասկացիր, որ ինձնից շատ ջանք է պահանջվել այսօր քո առաջ երևալ մերկ մտքով: Հիմա այնպիսի նախատող հայացքով ես նայում, որ թվում է' հանցագործին դատապարտելիս լինես:
Լիլ, հիշու°մ ես, մի անգամ քեզ անվանեցի նեղացկոտ, ու դու էլի նեղացար... Մենք միշտ էլ նեղանում էինք հաշտվելու հույսով... Երդվել եմ, Լիլ, որ դու հավերժ մնալու ես իմ փոքրիկը նեղացկոտ: Գիտեմ, որ հայտնագործություն չեմ անելու, եթե ասեմ, որ մի ժամանակ բոլորը հասկացել էին մեր մասին... Լիլ, հենց հիմա խոստովանում եմ, որ ես էի այն գիժը, որ զանգում ու ձայնդ լսելուց հետո անջատում էր: Կներես, հա°, բայց չգիտեի' ոնց հանգստացնեի վառվող սիրտս... Լիլ, ես ոչնչացված էի զգում, կյանքիս ամեն անկյունը մի ցավոտ կարոտ էիր շպրտել: Լիլ, դու ամեն տեղ էիր ներխուժել, ախր, ու ոչ էլ խղճացել էիր ինձ: Չնայած ես երբեք չեմ ուզել, որ դու խղճահարություն զգայիր ինձ նայելիս, դու ուղղակի արտահայտվեիր այն, ինչը երկուսս էլ զգում էինք:
Լիլ, դու իմ փոքր, տաք արևն ես. մեկ-մեկ թվում է' լռությունս կիսում ես, ու ծանր բաժինը քեզ ես վերցնում, որ չջախջախվեմ:
Վերջերս մեր սիրած մատուռում էի, նույն անկյունում մատուռի, նորից վառեցի մոմ, բայց այս անգամ մենակ, երկուսիս համար... Հետո երկար կանգնեցի մատուռի առաջ' բարձունքին, որտեղ այն օրը կողքիս կանգնած ձեռքերդ տարածեցիր ու ասացիր, որ միշտ էլ երազել ես այդ բարձրությունը, սառը քամին, ազատությունը: Այդ ժամանակ ես կողքից նայում էի լայն փակված աչքերիդ, աստվածային անուշ ժպիտիդ, բայց չէի հասկանում պահի եզակի կարևորությունը... Իսկ այդ օրը մենակ կանգնեցի նույն քարի մոտ ու երազեցի ուրիշ բան... Եթե ընկերներս ինձ քարշ չտային ետ դեպի քաղաք, երևի օրեր կանցկացնեի այդտեղ' փորձելով զգալ նույնը, ինչ դու այն օրը...
Լիլ, ասա, էլի, ինչու° եմ քեզ մոռանում ու նորից սիրում: Լիլ, ասա, ո°վ գողացավ քեզ... Հիմա ու°մ զանգին ես պատասխանում, ու°մ ես սպասում անհամբեր: Երանի, Լիլ, երանի նույնքան մոտ չլինի մեկի սիրտը քեզ, ինչքան իմը' մի ժամանակ... Հիմա ինչ-որ անորոշ եզրին եմ, զգում եմ ինչ-որ կարևոր բանի վերջակետը, բայց ինքս ինձ ստիպում եմ հավատալ ու հուսալ քո համար, որ քո եզրին կանգնած ինձ նման նույն բանը չես զգա...

Լիլ, լսու°մ ես, Լիլ, դու իմ փոքր, տաք արևն էիր...»: