1971 թ. հունիսի 14-ին Հայաստանում գտնվող չեխ լրագրող Իրժի Սկոումալը (ճանաչված թանրգմանչուհի Լյուդմիլա Մոտալովայի ամուսինը) ուղևորվում է Չանախչի՝ հանդիպելու Պարույր Սևակին, նրան ձայնագրելու, ինչպես նաև բանաստեղծին «Անլռելի զանգակատան» գրական կոմպոզիցիայի չեխերեն տարբերակի ձայնագրությունը բանաստեղծին հանձնելու նպատակով: Անհնար էր պատկերացնել, որ այդ զրույցից երեք օր անց Սևակն այլևս ողջ չէր լինելու:
Պահպանվել է այդ կարճ հարցազրույցի սղագրությունը, որը ներկայացնում ենք անփոփոխ:

-Ինչո՞վ եք այժմ Դուք զբաղված, Պարույր:
 

-Ուրեմն, նախ և առաջ, երկու տարի է արդեն գիրք եմ հանձնել, շուտով լույս կտեսնի, զբաղված էի այդ գրքով' պետական հրատարակչության գծով: Եվ երկրորդ' հիմա քանի որ աշխատում եմ նաև Ակադեմիայում, Գրականության ինստիտուտում, «Սայաթ-Նովան և հայ միջնադարը» այդ գրքի վրա եմ աշխատում: Հավանաբար, մինչև տարեվերջ կվերջացնեմ: Առայժմ իմ ամենաշտապ գործերը դրանք են: Ծրագրեր, պլաններ շատ ունեմ: Դա էլ արդեն հետագայի գործ է: Որից հետո պետք է զբաղվեմ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» (պոեմի) թարգմանությամբ, նույնպես Ակադեմիայի գծով: Ոչ թե բանաստեղծական թարգմանություն դա պետք է լինի, այլ գիտական թարգմանություն: Ըստ որում պիտի ավելացնեմ, որ դա եղել է իմ տարիների, ամբողջ կյանքի մեծ երազանքներից մեկը: Հենց որ «Սայաթ-Նովան և հայ միջնադարը» վերջացնեմ, անմիջապես անցնելու եմ այդ գործին:

-Իսկ Ֆրիկը չե՞ք թարգմանելու:

-Երևակայեք, որ Նարեկացուց առաջ իմ մտադրություններից մեկը հենց Ֆրիկ թարգմանելն էր: Բայց որովհետև հիմա ծրագրվեց Նարեկացի, Նարեկացուց հետո անպայման կանցնեմ, հաջորդ գործս՝ գիտական, կլինի Ֆրիկը:

-Ի՞նչն եք, Պարույր, Դուք համարում ամենահիմնականը գրողի համար:

-Նախ և առաջ ինքնուրույն մտածողությունը, ազատ մտածելը, ճշմարտությունը կիսատ չասելը: Առանց դրա, եթե Աստված նույնիսկ մեծ տաղանդ տված լինի, որևէ բան դուրս չի գա:

-Ասում են, որ վատ փորձը շատ օգտակար է գրողին…

-Վատ փո՞րձը… Անպայմա՛ն, և ով որ ասել է, միանգամայն ճիշտ է ասել: Բայց, դժբախտաբար, կարելի է վատ փորձ ունենալ և, օգտվելով այդ փորձից, նորից վատ գործ կատարել: Դա էլ կա: Այնպես որ եթե վատ փորձի վրա չես սխալվում, չես էլ զգում, որ սխալվել ես, կարող ես ամբողջ կյանքում վատ աշխատել: Եվ, փառք Աստծու, այնքան գրողներ կան, որ հետո վատ փորձը շարունակեցին մինչև վերջ:

-Ունե՞ք ինչ-որ ծրագիր, որը դեռևս վախենում եք իրագործել:

-Շատ-շատ: Այդպիսի ծրագրեր շատ ունեմ: Նախ և առաջ, վախենում եմ իմ սեփական ուժերից, որ չեմ կարողանում կատարել: Բայց քանի որ արդեն շուտով հիսուն տարեկան եմ դառնում, եթե հիմա էլ չկարողանամ կատարել, ուրեմն երբևէ չեմ կարող կատարել: Հավանաբար, շուտով ինչ որ մտածել եմ, ինչ որ հետաձգել եմ տարիներ շարունակ, այսուհետև կաշխատեմ անել:

-Ըստ Ձեզ, Պարույր, որո՞նք են ժամանակակից հայոց գրականության հիմնական գծերը:

-Նախ և առաջ, մեր գրական նոր մտածողությունը, մի բան, որ մի տասը տարի առաջ շատ քիչ էր: Ամենակարևոր բանը դա եմ համարում:

-Ինչ-որ մեկը ինձ ասել է կամ ես եմ ինչ-որ տեղ կարդացել, որ մարդկանց պետք է նախապատրաստել կոսմիկական դարաշրջանի համար: Դուք ի՞նչ եք մտածում այդ մասին:

-Իմ կարծիքով կոսմիկական դարաշրջանի և գրականության հարցերը բոլորովին տարբեր են: Կարելի է թռնել-գնալ Լուսին, վերադառնալ' մնալով միևնույն մարդը: Այնպես որ հարկավոր է մարդուն պատրաստել ոչ թե թռիչքների երկրագնդից դուրս, այլ այնպես անել, որ երկրագնդում կարողանա այդ թռիչքները գործել, թեկուզ մի երկրից մյուս երկիր:

-Շուտով արդեն չեխ ընթերցողը կծանոթանա Ձեր գրքին: Կուզենայի՞ք որևէ բան ասել նրան:

-Ամենից առաջ ես շատ կուզենայի, որ Ձեր ունկնդիրները իմանային, թե մի ամբողջ ժողովուրդ, հայ ժողովուրդը ինչքան է սիրում և իրեն երախտապարտ զգում Լյուդմիլա Մոտալովային, որի շնորհիվ է, որ հայոց գրականությունը այսօր հնչում է Չեխոսլովակիայում: Գալով Չեխոսլովակիային և առհասարակ չեխ և սլովակ ժողովուրդներին' ամբողջ սրտով, ինչպես եղբայրը եղբորը կարող է ցանկանալ, ցանկանում եմ բարեբախտություն, երջանկություն և լավագույն ապագա: