-Մամ, ա'յ մամ, կարո՞ղ եմ մի հարց տալ:
-Ասա' բալես, ի՞նչ է եղել:
- Մամ, երբ ես մեծանամ, իմ աչքերն է՞լ պիտի միշտ տխուր լինեն' քո աչքերի պես:
- Չէ’ բալես, Աստված չանի…,- երկար լռելուց հետո պատասխանեց մայրս' արցունքները հազիվ զսպելով:
- Մա’մ, բայց ինչու՞ ավելի տխրեցիր իմ հարցից:
Այլևս ոչինչ չասաց մայրս, գրկեց ինձ, ամուր սեղմեց կրծքին ու համբուրեց: Մի քանի րոպե քար լռություն էր: Հետո մայրս ասաց.
- Փոքրի'կս, արի' հենց հիմա միասին աղոթենք Աստծուն, որ երբ մեծանաս, երբեք չտխրես, միշտ ժպտաս, ու եթե նույնիսկ տխրես, դա լինի չնչին ու ոչ կարևոր պատճառներով: Լա՞վ, արի' աղոթենք:
- Հա' մամ ջան, ճիշտ ես ասում, արի աղոթենք:
Ու անխախտ լռության մեջ սկսեցին դեպի երկինք սավառնել շշուկները մեր աղոթքի. «Հա'յր մեր, որ երկնքում ես…»: Երբ աղոթում էինք, ես մի պահ բացեցի աչքերս ու նայեցի մայրիկիս, ու ինձ թվաց, թե նրա վրա մի անսովոր լույս էր իջել: Փակ էին նրա աչքերը, ու առաջին անգամ ես նրա դեմքին տեսա մի հանգիստ ու երջանիկ խաղաղություն: Ասես հենց ինքը' Աստված էր նստած իմ առջև: Ու ես նորից արագ փակեցի աչքերս ու ուրախ ժպիտով շարունակեցի աղոթել:
- Հանուն Հոր, և Որդու, և Սուրբ Հոգու, Ամեն, - ավարտեց աղոթքը մայրս ու բացեց տխրության ծով աչքերը:
-Ամե'ն:
- Ինչու՞ ես այդպես ուրախ ժպիտով ինձ նայում, աղջի'կս, ի՞նչ ես մտածում:
- Հիմա ես վստահ եմ, մամ, որ երբ մեծանամ, միշտ ժպտալու եմ, ինչպես հիմա: Ես խոստանում եմ քեզ: Ասե՞մ' ինչու:
-Ապա, ասա' տեսնեմ:
- Որովհետև ես քիչ առաջ Աստծուն եմ տեսել մամ, ու գիտեմ, որ նա միշտ ինձ հետ է, մի՜շտ, ամեն վայրկյան, ու երբեք չի թողնի, որ տխրեմ:
- Ի՞նչ ես խոսում, աղջի'կս, երևակայական մտքերը պետք չէ իրական աշխարհ բերել, բալե'ս,- վախեցած ասաց մայրս:
- Չէ մա'մ ջան, մի' վախեցիր, ես ճիշտ եմ ասում: Երբ դու աղոթում էիր, ես մի պահ բացեցի աչքերս ու նայեցի քեզ: Մամ, այդ պահին քո մեջ Աստծուն տեսա , դու շատ հանգիստ էիր ու ժպտում էիր, ու ասես երկնքից լույս էր իջել քո վրա, այդ ժամանակ Աստված էր քո մեջ, մամ, մա՜մ ջան: Դրա համար էլ ես երբեք տխուր չեմ լինի, որովհետև խոստացել եմ քեզ:
Մորս ծով աչքերը նորից լցվեցին արցունքներով, բայց այս անգամ փայլ կար նրանց մեջ ու ժպիտ բարի:Նա ինձ նորից ամուր գրկեց ու ասաց.
- Այո աղջիկս, ես միշտ քեզ հետ եմ, երբ նույնիսկ հեռու լինենք իրարից, երբ նույնիսկ երկինքը բաժանի մեզ… ես միշտ կպաշտպանեմ քեզ, եղբորդ ու քույրերիդ:
- Մամ, բայց չհասկացա, ի՞նչպես կարող է երկինքը բաժանել մեզ:
- Չէ բալես, մոռացիր դրա մասին, իսկ հիմա վե'ր կաց, ուշանում ես, լույսը բացվել է արդեն, գործերդ քեզ են սպասում,- ասաց մայրս ու նորից ջերմագին համբուրեց ինձ: Այնքան ջերմ էր համբույրը, որ ես այդ ջերմությունից վեր թռա քնիցս: Մի քանի վայրկյան լուռ էի. Փորձում էի հասկանալ' երա՞զ էր դա, թե՞ իրականություն, թե՞ տեսիլք էր իրական… երբ սթափվեցի, հասկացա, որ երազ էր դա: Բայց ինչու՞ էի ես մանուկ երազւմս, իսկ մայրս էլ' թաթախված լույսի մեջ անսպառ… հետո հասկացա. Երազում հոգիներն էին իմ ու մորս' իմ մանուկ հոգին ու մորս հոգին աստվածային : Այո', երազ էր,բայց և իրական էր այն: Նորից փակեցի աչքերս . «Հայր մեր, որ երկնքում ես… խնդրում եմ, Տե'ր իմ, պահապան եղիր մայրիկիս, առողջություն ու երկար կյանք տուր նրան, ու անսահման ուժ, որ նրա ծով աչքերի առեղծվածային տխրությունը երբեք չխամրեցնի այդ աչքերի բարի փայլը: Հանուն Հոր, և Որդու, և Սուրբ Հոգու, Ամե՜ն»:
Անահիտ Հակոբյան