Ես ու ինձ համար մի շատ թանկ մարդ իրար կողք նստել ու վերացած հայացքով նայում էինք մեր դիմաց գտնվող պատին: Մեր հայացքն ուղղակի այդ կողմ էր սևեռված, բայց մեր անէացած հայացքներից երևում էր,որ ինչ-որ այլ աշխարհում ենք.
-Սյուն, գիտե՞ս քեզ ինչ եմ ցանկանում:
-Ի՞նչ
-Ցանկանում եմ, որ երազանք ունենաս: Հա,ոչ թե նպատակ, այլ ' երազանք: Միշտ ձգտես էդ երազանքին ու…Չհասնես: Երբեք չհասնես : Ամեն օր, ամեն վայրկյան երազես ու չհասնես: Որովհետև հենց հասար…Կյանքդ անիմաստ ու աննպատակ կդառնա: Երազանքին պիտի չհասնես, բայց պիտի անընդհատ երազես ու պատկերացնես էդ հրաշքը:Որովհետև կյանքն էլ՝ երազանքի պես, հրաշք ա…

-Հա՜, մեկ էլ քո ֆիզիկան ա հրաշք,որ ոչ մի բան չեմ հասկանում:
Ծիծաղեցինք:
Էլ ինչ կարող էինք զրուցել ես ու իմ ֆիզիկոս կնքահայրը,որին ես շատ հաճախ փիլիսոփա եմ անվանում: Այս փոքրիկ երկոխսությունից հետո լրջացանք, ես ու նա հայացքներս էլի հառեցինք պատին ու ամեն մեկս վերադարձավ իր մտքերի մոտ:
Ինչքան հաճախ ենք մոռանում երազելու մասին: Միայն նպատակներ ենք կառուցում…Բա երազե՞լը, բա երբեք իրականություն չդարձող ցանկություննե՞րը:
Լավ կրթություն, բարձր վարձատրվող աշխատանք, լավ ընտանիք, …Այս ամենը,մեծ ցանկության դեպքում, կարող է և իրականություն դառնալ: Իսկ սրտի այն ամենաթաքուն անկյունում պահած երազանքը…Ինչո՞ւ ենք մենք նրան մոռանում: Չէ՞ որ հենց նա է մեր կյանքի շարժող ուժը:
Երազել ու…Չհասնել :
Իսկ դուք երբևէ չե՞ք երազել Լուսին թռչելու մասին: Իհարկե երազել եք: Փոքր տարիքում մենք ցանկանում էինք թռչել, սովորել հրաշքներ գործել,կախարդել, դառնալ լուցկու տուփի չափ փոքր,դառնալ օդի պես թափանցիկ…
Մեծացանք: Երազելը դարձավ ամոթ: Եթե մեծ ես ՝ իրավունք չունես երազելու Լուսին թռչել:
Բայց այդ ՛՛մեծերից՛՛ և ոչ մեկ չհակացավ,որ աշխարհը չի կորցնում իր գեղեցկությունը մինչ այն պահը, քանի դեռ նրանք փակելով աչքերը պատկերացնում են իրենց երկնքով սավառնելիս կամ Լուսնի վրա թեյ խմելիս :
Ես ունեմ անիրագործելի երազանք. ապրել 60ական թվականներում: Երազանքիս մասին արդեն մի անգամ խոսել եմ ԱՅՍՏԵՂ : Այո, միքիչ տարօրինակ երազանք է, բայց իմն է: Իհարկե, ես գիտեմ,որ երբեք չեմ կարող ապրել 60ականներում, դա անհնարին է: Բայց ես երազում եմ այդ մասին ու ես ապրում եմ դրանով: Ես չեմ պատկանում այս աշխարհին,ես չեմ պատկանում այս ժամանակային գոտուն: Ինչ կատարվում է հիմա՝ իմը չէ: Ես 60ականներն եմ, ես հինն եմ, ես հին բարքերն ու սովորություններն եմ…
Անիրագործելի երազանք:
Գրառումս անելուց հետո ես կզբաղվեմ իմ դասերով, վաղը կգնամ պարապմունքների, կշփվեմ ընկերներիս հետ , կկարդամ իմ գրքերը, կգրեմ օրվա անելիքներս, ապագա պլաններս, ըստ ցուցակի կգնամ առաջ:
Բայց քնելուց առաջ,երբ մարդիկ սկսում են մտածել իրենց խնդիրների մասին ու ծանրաբեռնում են ուղեղը, երբ սիրահարված մարդիկ հիշում են սիրելիի աչքերն ու խորը հառաչում, ես կփակեմ իմ աչքերը ու սենյակս արագ կդասավորեմ 60ականների ոճում . պատիցս կկախեմ մի կերպ հայթայթած Led Zeppelin-ի ու Pink Floyd-ի պաստառները, անկյունում դրված պատեֆոնը կպտտի ձայնապնակն ու սենյակս կլցվի Փլանթի աստվածային ձայնով: Ես արագ կկերպարանափոխվեմ. մազերս գզգզված են,մազերիս մի փնջի մեջ գունավոր թելեր եմ անցկացրել ու հյուսել եմ : Ես հագել եմ սպիտակ հիփփիների ոճում զգեստ ու մաշված, ցեխոտ, կարմիր կեդեր: Վզիս ձախ կողմում ոռնացող գայլի դաջվածք կա: Ես պառկած եմ սենյակիս մեջտեղում ՝ գորգին, կողքս գարեջրի շշեր են ու ես ծխում եմ հանգի՜ստ,առանց շտապելու: Իմ 60ականներում ես գարեջրի ու ծխախոտի թունդ սիրահար եմ: Ծխում ու խմում եմ ինչքան սիրտս կամենա: Երկու օր առաջ ինձ ոստիկանության բաժանմունք էին տարել ,բայց արդեն ազատել են: Ոստիկանին էի հայհոյել ու մի լավ վզակոթին խփել: Արժանի էր: Հիմա ես ազատ եմ : Ես միշտ եմ ազատ իմ երազանքի աշխարհում : Ու ծխում եմ : Սենյակումս կիսամութ է: Մասնագիտությամբ լրագրող-լուսանկարիչ եմ:
Ու երբ մութը գրկում է աշխարհին, ես բարձիս հետ մեկտեղ իմ երազանքն եմ գրկում ու աչքերս փակելով՝ ձուլվում նրան:
Սա էր իմ երազանքը: Այն, ինչ ինձ ստիպում է ապրել: Ես պիտի ապրեմ ու ամեն օր երազեմ նրա մասին: Ամեն մարդ իր անիրագործելի երազանքն ունի ու ամեն մարդու երազանքը առանձնահատուկ է: Եթե ես չպատկերացնեմ իմ երազանքը, ապա այն կվերանա, էլ ոչ մեկ ինձ նման այն չի պատկերացնի:
Ու ես պիտի երազեմ, ես ամեն վայրկյան պիտի կառուցեմ իմ երազանքների աշխարհը,որ նա հանկարծ չանհետանա: Ես երբեք ժամանակը ետ չեմ տա, բայց ես իրավունք չունեմ սպանելու երազանքներիս աշխարհը:
Եթե դուք երազում էիք Լուսին թռչել,ապա փայփայեք ձեր երազանքը: Դուք եք ձեր երազանքի աստվածը: Փոփոխեք, գունավորեք, ներկեք, ամեն անգամ ինչ-որ նոր ու հետաքրքիր բան ավելացրեք: Ու ամեն օր հասեք Լուսնին,թող ձեր ոտքերը զգան Լուսնի մակերեսը,թող կողքը լռություն լինի, չէ՞ որ դա միայն ձեր երազանքն է, ձեր Լուսինը:
Մի մոռացեք երազելու մասին: Բոլոր նպատակներին կհասնեք: Աշխատասիրություն, ցանկություն և վերջ ՝ նպատակը ձեր ձեռքի մեջ է:
Իսկ երազանքին փայփայել ու շոյել է պետք, նա է ձեր կյանքի փոքրիկ ու տաք անկյունը:Ձեր սեփականը:
Ու որպես վերջաբան ձեզ եմ նվիրում մի գեղեցիկ երգ,որը ինչ-որ չափով կապ ունի գրառմանս հետ:
Թող որ ձեր երազանքները երբեք չմեռնեն ու նպատակներն էլ իրականություն դառնան…