Առավոտյան օդը մի տեսակ թաց էր: Լույսը բացվել էր դժվարությամբ, երկինքը դեռ շարունակում էր աչքերը տրորել: Չէր ուզում աշխատանքի գնալ: Երեկվա ծանր խոսակցությունից հետո բանուկ փողոցները դարձել էին անապատ, մարդիկ ու տրանսպորտային միջոցները' մեծ ու փոքր փշառատ կակտուսներ: Անկողնուց մի կերպ վեր կացավ: Զարթուցիչն իր հերթին դժվարությամբ ծլնգաց, ասես դժգոհ, որ իրեն էլ արթնացրին: Գազօջախին եփված սուրճը կարծես երեկվա խոսակցությունը շարունակեց, ու թշշալով' ապակականեց երեկոյան փայլեցրածը: Նայեց սուրճին, մի կում արեց ու դեն դրեց բաժակը: "Չեմ խմի.... ատում եմ քեզ" :

 

 

Թաց օր էր: Բակի թափառական շան կաղկանձն անցավ ոսկորներով: Գլխարկը ձգեց մինչև ականջները: Հեռվից նկատեց իր երթուղային տաքսին: Վազեց, չհասավ: Կրպակից թերթ գնեց, խցկեց պայուսակի մեջ: Մի քիչ հետո մի կերպ խցկվեց երթուղայինի մեջ: Ժպտադեմ պապիկը տեղ տվեց կողքին: Միասին թերթ կարդալով անցան ճանապարհը:

Օրը թաց էր: Փողոցները անհասցե էին:

 

 

Մերի Մուսինյան