
ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
Շվեդիայի Մալմյո քաղաքում մայիսի 14-ին եւ 16-ին տեղի ունեցավ «Եվրոտեսիլի» նախընտրական փուլը, իսկ այսօր' մայիսի 18-ին կլինի եզրափակիչ երգի մրցույթը:
«Dorians» ռոք խումբն անցավ եզրափակիչ փուլ' Հունգարիայի, Ադրբեջանի, Վրաստանի, Ռումինիայի, Նորվեգիայի, Իսլանդիայի, Ֆինլանդիայի եւ Մալթայի ներկայացուցիչների հետ:
Ուսումնասիրելով եվրոպական մամուլըՙ պարզեցինք, որ Եվրոպայի սիրելի եւ սպասված մրցույթի այս տարվա հաղթելու հավակնորդները Դանիան, Նիդեռլանդները, Ուկրաինան, Նորվեգիան, Շվեդիան եւ Ռուսաստանն են:
Միջազգային կայքերից մեկը առցանց քվեարկություն էր անցկացրել, որում ամենաշատ ձայները հավաքել էին Ուկրաինան (1,135 ձայն), Սերբիան (1,944 ձայն), Ռումինիան (2,434), Նիդեռլանդները (1,338) եւ Դանիան (1,537):
Ըստ բուքմեյքերական կենտրոններիՙ «Եվրոտեսիլ»-2013 մրցույթին հաղթելու հավանականությունը Դանիայինն է' 1.80, ապա Նորվեգիայինը' 8.00, Ուկրաինա' 12.50, Ադրբեջան' 17.50 (հավանաբար այստեղ եւս նավթախավիարային գործոնն է դեր խաղացել), Ռուսաստան' 17.00, Գերմանիա' 30.00. Նիդեռլանդներ' 30.00, Շվեդիա' 81.00:
Վերոնշված կայքերի, բուքմեյքերակայն կենտրոնների արդյունքներն ու գործակիցները որքանով են իրատեսական, դժվար է ասել: Սակայն ընդհանրապես, արդյոք «Եվրոտեսիլում» հաղթանակած բոլո՞ր երգերն էին արժանի հաղթանակի, կարիք էլ չկա պատասխանելու:Հաղթանակի համար թե ինչ գործոններ են կարեւոր, հավանաբար հարկ էլ չկա նշել, սակայն հոռետես չլինելովՙ սպասենք Հայաստանը ներկայացնող «Dorians» ռոք խմբի ելույթին' կոչ անելով մեր սփյուռքի հայրենակիցներինՙ քվեարկե՛ք «Dorians» ռոք խմբի օգտին:
Մայիսի 18-ին առանց նախընտրական փուլի եզրափակիչ դուրս կգան «Մեծ հնգյակի» երկրները' Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իտալիա եւ Իսպանիա, ինչպես նաեւ անցյալ տարվա հաղթող եւ մրցույթն այս տարի հյուրընկալող Շվեդիան: Այսօր եզրափակիչ փուլում հանդես կգան հետեւյալ երկրները' Հայաստան, Մոլդովա, Էստոնիա, Լիտվա, Իռլանդիա, Ուկրաինա, Բելառուս, Դանիա, Ռուսաստան, Բելգիա, Նիդեռլանդներ, Հունգարիա, Ադրբեջան, Վրաստան, Ռումինիա, Նորվեգիա, Իսլանդիա, Ֆինլանդիա եւ Մալթա:
Ի դեպ, «Դորիանս» ռոք խմբի մեներգիչ Գոռ Սուջյանը երկրորդ կիսաեզրափակչից հետո կայացած ասուլիսում ասել է. «Իհարկե, մենք սպասումներ ունեինք, բայց միակ կարեւոր բանն այն է, որ մենք դա արեցինք»:
«Արդյոք խմբին հաջողվե՞լ է փոխանցել «Lonely Planet» երգի մեսիջը» հարցին ի պատասխան Գոռն ասել է. «Ըստ իս, մարդրկ կարիք ունեն ազնիվ երաժշտության, եւ հուսով եմՙ մեզ հաջողվեց ներկայացնել այդ մեսիջը»:
«Lonely Planet» երգի հեղինակը բրիտանացի ռոք երաժիշտ, «Black Sabbath» խմբի կիթառահար Թոնի Այոմին է, իսկ խոսքերի հեղինակը' Վարդան Զադոյանը: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Թոնի Այոմին «Դորիանսի» օգտին քվեարկելու կոչով է հանդես եկել, հուսանք, որ կոչն իր ազդեցությունը կունենա' վերածվելով sms-ների:
Այս տարի «Եվրոտեսիլ» երգի մրցույթի խորհրդանիշը թիթեռն է, իսկ նշանաբանըՙ «We Are One»: