Պաղ ասֆալտի խոնավը ծեփվում է ծամածուռ դեմքիս, սառը սերս անխախտ լցվում է շնչուղիներս, կարոտս զարկվում է անունիդ պատնեշին ու ետ վերադառնում: Հիմա, այս կանաչ-մամռոտ երազանքիցս անդին, թոքերիցս ներս, երակներիս կարմիրի մեջ եթե չլինեիր... եթե չճանաչեի, չհանդիպեի, եթե հանկարծ չլինեիր...
Դու ապրեցրել ես ինձ, շնչառությունս ես դասավորել հերթականությամբ, երջանկությունս ես վերնագրել, դու ներկաս քո ժամացույցն ես հռչակել, դու օրորել ես հոգնած նինջս, որ քեզնից հետո ամեն անգամ խորն է գնում, հատակը գիտակցության:
Եթե հանկարծ այս լույսը, լույսի մեջ մտապատկերդ, սպիտակ, մաքուր դեմքդ չտեսնեի, ինչպես որ հիմա եմ օդում զուր փորձում բռնել, եթե քո մասին անդավաճան մտքերս չգային ու խցանվեին բանականությանս դռանը, եթե առավոտից չտրտնջայի սպասումիցդ, եթե զայրույթիս պահին անեծք-օրհնանքս չնետեի սուրբ անունիդ, եթե չզարմանայի ամեն անգամ նվաստ փոքրությանդ համար, որը ես եմ գերազանցում, եթե մկաններս չհոգնեին քո տողերից, մարմնիս մկանները, որոնցով գրում եմ քեզ, եթե մարմինս չգրեր քեզ, եթե չլինեիր, ով կլինեի ես...
Ես բացել եմ կանացի ճանկռոցներից խզբզված սրտիդ պատյանը, ես եմ մտել ներս, ես եմ խցկվել, ես չեմ հեռացել: Դու հերոսի պես հետևում ես ինձ հարևանցիորեն, ուրախանում կամ համակերպվում իմ հիմարությանը, ձանձրանում կամ չհամակերպվում, ընդունում կամ մերժում, իսկ ես նախատինքի պես հպվում եմ լույս-ճակատիդ, մոռանում, որ քոնը չեմ, բայց ուրիշինն էլ չէ:
Եթե նախազգացումներս չլինեին, եթե անցած ճանապահիդ ուղղությունը չզգայի, որ թափառում ու ետ է գալիս, եթե կրքերս, սարսուռներս չլինեին, եթե սերս առ քո փոքր գոյությունը չլիներ, եթե չտենչայի, եթե հանուն քեզ ուրիշի չլքեի, ուրիշինը չլինեի, ուրիշին չերջանկացնեի, եթե չգժվեի սեփական սիրուս մրմուռից, ու եթե քեզ չճանաչեի, եթե չլինեիր, ով կլինեի ես:
ՈՎ ԿԼԻՆԵԻ ԵՍ, ԵԹԵ ԻՄԸ ԼԻՆԵԻՐ...