ՌԵՔՎԻԵՄ
(Թեղուտում սպանված ծառերի, ձկների, թռչունների ու մարդկանց հիշատակին)

ԾՈՎԱՀՐԵՇ
Ծովը մոխրախյուս ձկներ էր փսխում
քնի մեջ սատկող առավոտների պորտին:
Ինձնից վերև' ծովի չորսդին փռեկ,
ծիրկաթ հրով անկենդանի արուր'
հողի դողն էր նվվում…
Ամենագեշս ծիլ պորտերից իր' ես,
վերջին, վերջին ծովահրեշըս, էս
կապույտ տնագնդին գերի
մի ձուկ,
համրեմ չը գոյությամբ իմ,
որ…
մեր վերջին օրերում չար ու չարև եղավ, որ
ինձնից հետո կյանքն էլ ոչինչ չի հիշի իր մասին, որ…
ձկան մահը ծովի մահն է:
(Դու կծվելով' կծվող ու մարելով' մարող
հունդը փրկարարիր կյանքի, սըկիր
քոքը բանի ու երկնագույն հանիր
թե հասցնես):
ՉՀԱՄԸՆԿՆՈՒՄ
Ես երազկոտ նավազ, ես թրթռուն թեթև
Քեզ տիրելու միտքն ինձ պարուրեց վերև'
յոթ դար առաջ, հետ' վեց անապատ
ու ես' ստրուկ, հլու իմ ճակատի գրին
աճպարեցի փնտրել, գտնել, հասնել,
մինել քեզ' իմյակին, վստա՛հ,
որ մենք պիտի ուրիշ աշխարհ ծնենք
ուրիշ ժամանակ ծնենք և ուրիշ մարդ:
Բայց ուշացա՞ միթե, ո՞նց բաց թողի ես, ո՜նց…
իմ շինարած քաղաքներից որի՞ մշուշներում, որի՞
գիշերներում դռնի ու դիվահար,
ո՞րի առավոտվա զարթնումի մեջ թունե
ո՞ւմ ես տեսել առաջ' ինձնից առաջ,
ո՞վ է քեզ որսացել, հունել,
սարքել մահկանացու, մահ ծակոտկին,
ո՞նց ուշացա, ախ ո՞նց, քեզ չգտա ե՛ս…
ոնց չհասա մեր խաչ-մեռ-նու-կին: (չէի կարող, չէ՛… գտա՜, գտա՜ ես…թե՞…)
դու փաթաթվիր… դու համակիր ամէ… դու ընդգրկիր
ու ականջիս երգիր դեռ չըերգված մի չերգ
մեր չհամընկնումի տխրության մասին
որ մեզանից հեռու է տևելու:
ԾԱՌԱՏ
ծուռ ծռանի սեր սերմանի
նուռ նռանի մեն մի հատ
մահ մահանի պար պրանի
մեջ մեջանի շուրջը պատ
պապ նահապետ հեր հերունի
տատ արևշատ հացամբար
մեր տիրաբեր յոգ տերունի
նուշ նշանի նար նուբար
խընձ խնձավոր հանց հնձավոր
կենտ կենակից ծնած ծառ
սև սևավոր պիղծ ըղձավոր
ծիր չիրանի հոգիս առ
հող հղալի ճերմ է հագել
բուն բնակալն աշխարհի
կըռ կըռանամ ոտըդ պագեմ
մատաղ վերջին նշխարիդ
կըծ պծալի սև գծավոր
կարոտ պտղած կենաց ծառ
ես ախտալի անձ հանցավոր
քարի տակի մութն անցա
ԹԵՎԱԹԱՓ
Թռիչքում մեռած այծկիթների ու ծիծառների հոգյակները
անմարմին են շարունակում թևել ու անկշիռ…
Հոգեշիթեր պարուրելով' կայծոռիկ հեռանում են
ու երբ բարակելով թել-թել կտրտվում են
կապույտ մոլորակից նրանց կապող մտքաջղերը ցիր'
նրանք բնադրում են Անգղի աստղասփյուռում
ազատարձակ խելառ, զվարթ ու ժիր:
Իսկ հավերժի պարապ մութ ժամերին նրանք
կյանքի մասին հեքիաթներ են սփռում'
սև ծակերի միջև. մինչ աչքերդ թարթես'
նրանց պսպեղ երամն ամայության հեռվումանբնակ անթիվ աստղորներ կկտցի
ու կծրտի նույնքան բնակելի աստղեղներ:
Բայց նստակյաց բվերն ու ճնճղերը պզտիկ
չեն հեռանում նույնիսկ մահվան թևին.
նրանց հոգոններն իրենց սովոր տեղում
խառնվում են տեղի բոռ հողմերին ու
ձմռան լուսինների հետ սարից գլորվելիս
գվվում – բվվում, ճվվում են ու ծվվում ողբերգանքներ,
որ մահը երբեք սովորական չթվա այս կողմերում,
որ թևաթափ երկինքը լուռ կսկծա,
երբ հողմերը գուժկան սգո սև են բերում, զի…
հոգեդարձին մոլորված թռչունների մահը
երկնքի մահն էր:
ՎԵՐՉԵՐԳ
Աստղերից անզգուշորեն վար կաթած խելառ ջուր.
վերադառնալուդ պարույրը' հետթռիչք.
թռչել սովորելու վրա լուռ մաշեցրած
հավերժի կեսն անցավ
այստեղ,
ուր սովորական ու միամիտ բաների
կասկածելի զուգակցումից կյանք հունցեցիր
քեզնից
գեղեցիկ ու ինքնագոհ…
հեռանալուց առաջ չմոռանաս անջատել լույսը
և իմ երգով ծածկել ինձ իմ հողին,
քանի որ ես
մնում եմ:
© 2012, Կարեն Անտաշյան