Ժամանակով ապրում էր մի դյուրաբորբոք ու անզուսպ երիտասարդ։ Եվ ահա մի անգամ հայրը նրան մի պարկ մեխ տվեց և պատժեց. ամեն անգամ, երբ նա չկարողանար զսպել բարկությունը, պետք է ցանկապատի գերանին մի մեխ խփեր։
Առաջին օրը գերանի մեջ հայտնվեցին մի քանի տասնյակ մեխեր։ Հաջորդ շաբաթվա ընթացքում երիտասարդը սովորեց զսպել իր բարկությունը, և օր օրի գերանի մեջ խրվող մեխերի քանակը սկսեց նվազել։ Տղան հասկացավ, որ ավելի հեշտ է սեփական բարկությունը զսպել, քան մեխել գերանը։
Վերջապես եկավ այն օրը, երբ նա այլևս չկորցրեց ինքնատիրապետումը։ Տղան դրա մասին պատմեց հորը, և նա ասաց, որ այսուհետև յուրաքանչյուր օր, երբ տղային հաջողվեր զսպել իր բարկությունը, նա պետք է մի մեխ հաներ գերանից։
Ժամանակ անցավ, եկավ այն օրը, երբ որդին կարող էր հայտնել հորը, որ գերանի մեջ ոչ մի մեխ չի մնացել։ Այնժամ հայրը բռնեց որդու ձեռքը և մոտեցավ ցանկապատին.
- Դու հանձնարարությունս վատ չկատարեցիր, բայց տեսնու՞մ ես, գերանի վրա որքա՜ն անցքեր կան։ Այն էլ երբեք առաջվանը չի լինի։ Երբ մարդուն ինչ-որ չար բան ես ասում, նրա ներսում մնում են այնպիսի սպիներ, ինչպիսիք այս անցքերն են։ Եվ կարևոր չէ, թե դրանից հետո դու քանի անգամ ես ներողություն խնդրելու, սպին կմնա։