Ճարճատուկի ծաղիկն օտար է իր ցողունի վրա: Կարծես զավեշտասեր մեկի ձեռքը նրա կապույտ ծաղիկները դիտավորյալ է կպցրել ծռմռված մետաղալար հիշեցնող թփին: Երևի ուրիշ մոլորակից է այն եկել ու այդպես էլ չի հարմարվել երկրաբնակի իր պարտականություններին:
Երկնագմբեթում մեխված արևը այրում էր գետնին սփռված գլաքարերը. ոչինչ չէր վրիպում նրա մեռցնող շնչառությունից: Արահետի կողքին բուսած ճարճատուկի թփերը խոչընդոտում էին հատուկենտ կենդանի արարածի անցուդարձին:
Հեռվից մոտեցող արարածի ստվերը դժվար թե կենդանի լիներ, քանի որ խարխափում էր լույսի այդ օվկիանոսում: Զգեստի այլայլված փեշերը կառչում էին թփերից' դժվարացնելով եկվորի առաջխաղացումը:
Արահետն իջնում էր դեպի գետը, որն այդ համատարած ողջակեզի գոլորշիների մեջ թերևս կենդանության միակ առհավատչյան էր:
Վերջապես ոտքերը հասան գետին: Ջրի սառնությունն սթափեցրեց ոտնասույզին: Նա շարժվեց առաջ ու այդպես էլ հագուստով նստեց ալիքների մեջ: Ավազը լցվեց գոտկատեղից ներս և սկսեց խուտուտ տալ: Արարածը ժպտաց ու նայեց իր այլայլված արտացոլքին: Ջրի փախչող ալիքների միջից նրան էին նայում հոգնած ու գեղեցիկ մի քանի զույգ աչքեր: Կինը լվաց երեսն ու մի պահ ընկղմվեց: Արդեն ափին հանեց զգեստներն ու սկսեց ուսումնասիրել մարմինը: Բազմաթիվ կապտուկները բավականին ցավոտ էին: Ջրի զովությունը չէր կարողացել թաքցնել խոշտանգման վայրագությունը:
«Լավ ա էրեսիս բան չի էղել… Զատո փողը չքթան…»։
Զգեստի գաղտնագրպանից կինը հանեց մի քանի ոլորված հազարանոց և քմծիծաղեց.
- Կսպասեմ մինչև մութը կընկնի…
Շուրջը մորու թփեր կային, ազնվամորի: Ագահորեն սկսեց ուտել: Այնուհետև հագնվեց ու կամացուկ շարժվեց դեպի երկաթգիծը:
«Գծերով շուտ կհասնեմ…»։
Ետևից մոտեցող գնացքը նրան ստիպեց մի կողմ քաշվել: Հանկարծ շարժակազմը կանգ առավ: Վագոնների դռներից և պատուհաններից կախված մարդիկ սկսեցին հարցական այս ու այն կողմ նայել:
- Էս խի՞ կանգնեցինք…
- Այտա, խա՞մ եք, փետ են բարձըմ, փե¯տ…
Էլեկտրագնացքը մեջքը դեմ էր արել անտառաբերանին ու սպասում էր:
Ոմանք ցած էին իջել:
Ամբոխին խառնվելով' կինը վագոն բարձրացավ.
«Էս ինչ լավ էղավ, շուտ կհասնեմ…»։
Ճակատը դռան ապակուն հենած' կանգնեց ու փակեց աչքերը: Գնացքի համաչափ թխկթխկոցն ու վագոնի աղմուկը չքացան:
Հազար տարի առաջ էր, երբ առաջին անգամ կանգնեց փողոցում և սպասեց… տղամարդու: Խնայբանկի պատուհանների մեջ տեսավ իրեն ու արհամարհական շպրտեց.
- Մարմնավաճառ:
Ինքն էլ չիմացավ, թե ինչու խուսափեց «պոռնիկ» բառից:
Այդ նույն պատուհանների մոտ շատ անգամ էր տեսել վառ կարմիր շուրթերով ու կեղտոտ կրունկներով կանանց: Մտածեց, մեխանիկորեն նայեց իր կրունկներին ու փախավ:
Մեղսագործի նման հևասպառ հասավ տուն, համբուրեց երեխաներին ու պառկեց քնելու: Առավոտյան դեռևս հուզված էր. խուսափում էր սկեսրոջ աչքերին նայել:
«Վե°րջ, ես էլ էդ հիմարությունը չեմ անի», – որոշեց ու կուլ տվեց դառը սուրճը:
- Անու°շ, տանը ուտելու բան չկա, էրեխեքը սոված են, – սկեսուրն աչքերը սրբեց:
- Էսօր էլ գալու են լույսը անջատեն…
Կինը վերադարձավ անկողին ու կուչ եկավ: Այդպես էլ մնաց մինչև երեկո: Մթնշաղի հետ վեր կացավ, ներկեց շուրթերն ու դուրս եկավ: Մի պահ երկու կանանց աչքերը հանդիպեցին ու փախան իրարից: Այդպես սկսվեց անառակի նրա ոդիսականը ամեն օր, ամեն երեկո:
Հարևաններն սկզբում դարդարեցին բարևել, հետո ետևից սկսեցին բարձրաձայն խոսել, սկեսրոջն ամոթանք տալ:
Պառավը սովորաբար ոչինչ չէր պատասխանում: Երբ շատ էին նեղում, սկսում էր հարսին անիծել, հետո գրկում էր թոռներին ու անհնչյուն մի մեղեդու տակ օրորվում:
Անուշը չէր նեղանում:
- Այ բալա, ի՞նչ անեմ, որ չխոսամ' միսս կուտեն, – արդարանում էր պառավը:
Հետո հարևանները որոշեցին փրկել արդեն կուշտ երեխաներին ու քաղաքապետարան դիմեցին:
«Անչափահասների գծով» ինչ-որ տեսուչ եկավ' տարիքն առած մի օրիորդ: Մայրությունից – բանից խոսեց, հետո երեխաներին տարան մանկատուն, Անուշին էլ զրկեցին մայրությունից: Անուշի մայրական ուղեղը չկարողացավ հասկանալ, թե ո՞նց կարելի է կենդանի արարածին երկու տող բան գրելով զրկել իր էությունից. կատվին զրկել կատվությունից, օձին' օձությունից, կամ մորը' մայրությունից:
Գնացքը ցնցվեց: Անուշը բացեց աչքերն ու վերադարձավ իրականություն: Լողալով անցան Թագավորանիստն ու եկեղեցին:
Մոշի ու ազնվամորու ուսապարկերով բեռնված մարդիկ հրմշտոցով առաջ շարժվեցին: Խուսափելով կայարանի լույսերից' Անուշը քայլեց դեպի այգին: Ոտքերը ծանրացել ու ցավում էին: Ուզում էր ժամ առաջ պառկել, սակայն շրջանցեց շենքն ու ետնամուտքով ներս մտավ:
- Անու՞շ, – սկեսուրն ընդառաջ վազեց:
- Քոռանամ ես, էս որդե՞ղ էիր:
Անուշը կաղաց դեպի մահճակալն ու փլվեց անկողնուն: Սկեսուրն սկսեց զգուշորեն հանել հարսի շորերն ու տնքաց.
- Վա¯խ… էս ո՞ր անաստվածն ա արել… Վա¯խ, այ բալա: Էս ա, էս ա հաց – մաց կբերեմ, դու պառկի:
Անուշը պառավին մեկնեց ոլորված դրամները.
- Մամ, էս փողն առ, ահագին ա:
Շնչառությունն արագացավ ու ձայնը դողաց.
- Գագոյին պերեդաչի կտանես, լույսի փողը կտաս: Ես էլ կգնամ… կգամ էրեխեքին տենալու:
Վերջին բառերը հատկապես դժվարությամբ արտաբերեց. աչքերի առջև որդու խոժոռ ու մեծացող հայացքն էր:
- Գուհա¯ր, այ Գուհար…
Բնակարանի դուռն անկոչ բացվեց: Հարևանն էր: Սկեսուրը փութով ծածկեց Անուշի ննջասենյակի դուռն ու կաթվածահարի պես դուրս թռավ:
- Հը, ¬ ձայնը հանցավորի նման արհեստական ստացվեց:
- Կոֆե չունե՞ս, մի էրկու քթալ տաս, տանը մարդ կա:
Գոհարը մեկնեց սրճաղացն ու նստեց:
- Տար, ինչքան պետք ա վեր կալ:
Հարևանը ոտքը կախ տվեց.
- Գեղեցկուհին տանն ա՞…
Գոհարը լուռ էր:
- Ո՞նց էլ դու դրա հարամ ձեռիցը բան ես վեր ունըմ, զարմանըմ եմ:
Պատասխան չստանալով' հարևանը մի տեսակ նեղացավ, վերցրեց սրճաղացն ու գնաց:
Պառավն անմիջապես գործի անցավ:
Երբ տաք թեյով, հաց ու պանրով սկուտեղը ձեռքին ներս մտավ, Անուշն արդեն քնած էր: Խնամքով ծածկեց հարսին ու վերադարձավ խոհանոց: Ուղղեց Անուշի վաստակած փողերն ու սկսեց մտմտալ.
- Էս հացի, էս' լույսի, էս' Գագոյին, էս…
Առավոտը դեռատի արևի հետ Անուշը խանդավառության անսպասելի ալիք զգաց: Սիրտը նորահարսի նման տեղից թռչում էր, շտապում:
- Էսօր էրեխեքին կտենամ, – մի տեսակ ամոթխած ասաց ու սկսեց հավաքել խոհանոցը:
- Քու գործը չի, իմ գլուխը չմեռնի, ես կանեմ, – սկեսուրն առաջ ընկավ, – դու բանի ձեռ մի տա:
Անուշին կարծես մեխեցին հատակին: Հիշեց հարևանի երեկվա ասածն ու նայեց սկեսրոջ աչքերին:
«Զզվելի եմ, իհարկե, զզվելի եմ», – մտածեց ու փորձեց դուրս գալ խոհանոցից:
- Վա¯յ,- պառավը կարդաց հարսի մտքերն ու զարկեց ծնկներին:
- Ղուրբանդ ըլեն սաղ, բալա ջան: Էդ քու բերած փողովն առած հացն ու կոֆին չեն գալի ուզը՞մ, հը՞…
- Քոռանամ ես, – շարունակեց Գոհարը, – առանց քեզ օճորքս վաղուց փուլ էր եկել: Ես գլուխս ո՞ր պատովը տամ, բա ես կուզենայի՞, որ ըթենց ըլեր…
Պառավն աչքերը լցրեց ու սկսեց մտմտալ' վաղամեռիկ ամուսնու նկարի հետ խոսելով:
Անուշը խոսելու ճիգ արեց.
- Միլիցիա էլ տեմ գնալ: Գագոյին քիչ ա մնացել, էն տղի ուզած փողն էլ էսա կդզվի, տանք' ազատվի, գա:
Վերջին բառերն ասաց մի տեսակ անհաստատ ու կարմրելով:
Գոհարը չպատասխանեց:
Կեսօր էր: Մանկատան բակում եռուզեռ էր: Երեխաներից ոմանք խաղում էին, ոմանք էլ արևի՞ց, թե՞ մեկ այլ բանից պատսպարվել էին ստվերում:
Անուշը երկա¯ր նայեց ճաղերի արանքից ու տեսնելով դստերը' կանչեց:
Ձեռքերը պարզեց, որ պահ առաջ գրկի վազող աղջկան:
- Մա¯մ, մա¯մ…
Մայրը լռում էր: Գիտեր, որ եթե խոսի, արտասվելու է:
Ազատվելով մոր և երկաթե պարսպի գրկից' աղջիկը վազեց և վերադարձավ եղբոր հետ: Տղան դժկամությամբ էր գալիս:
Շուտով մոտեցավ նաև դայակներից մեկը.
- Էս ընչի՞ ես էկել, աղջի, մերությունդ բռնել ա՞, – արևածաղկի սերմ թքելով' խայթեց նա: – Գնա, գնա, քանի մարդ չեմ կանչել: Դավայ, ռադդ քաշի:
Անուշը նայում էր որդուն և ասես ոչինչ չէր լսում: Նրա մայրական հայացքը լպստում էր կոշտացող աղվամազով ծածկվող տղայի երեսը:
- Արմա¯ն, ջանիդ մեռնեմ, արի հլա տենամ ոնց ես…
- Խի՞ ես էկել, գնա, – մրթմրթաց որդին:
Եվ մինչ պատրաստվում էր հեռանալ, Անուշը ճանկեց որդու ձեռքն ու փող դրեց ափի մեջ: Տղան շրջվեց ու փախավ.
- Ինձ քու փողը պետք չի…
Երկու ճմրթված հազարանոց ընկան ասֆալտին ու չիմացան, թե որ կողմ գլորվեն: Աղջիկը լաց եղավ ու վազեց եղբոր ետևից:
- Տեսա՞ր, այ պոռնիկ… Քու հարամ փողերը վեր կալ ու ռադ էլի:
Դայակը հրճվում էր' ցնցելով բազմածալ որովայնը.
- Եսիմ որ աղբանոցըմ, ում տակին ես էդ փողերն աշխատել…
- Քեզ ի՞նչ, – վերջապես Անուշը պոռթկաց, – հենց գիտես չգիտե՞մ, որ նախանձից մեռնըմ ես… որ վրեդ նայող չկա: Դու էլ կասես' կնիկ ես, մարդ ունես, – Անուշը ձեռքերը տարածեց ու բարձրացրեց ձայնը, – մարդդ մինչև էդ բեգեմոտի թափանը վրիցդ վեր քաշի, խեղճի վրա էլ բան կմնա՞…
Հետո բռնազբոս ծիծաղեց ու հաղթանակածի տեսքով հեռացավ:
Երբ մանկատան բակը մնաց ետևում, նա կանգ առավ և հենվելով լքված տնակներից մեկին' լաց եղավ: Շուրջը ոչ ոք չկար, և ազատությունը Անուշի կցկտուր լացը դարձրեց մորթվող գազանի անսփոփ մի վայնասուն:
Ասֆալտին մոլորված երկու հազարանոցներն էլ երկար չմնացին այնտեղ: Զգուշորեն, կողքերը նայելով' հաստափոր դայակը աճպարարի ճարպկությամբ դրանք վերցրեց ու թաքցրեց ծոցում' ինչ – որ տեղ սրտի մոտ:
Մինչև երեկո ահագին ժամանակ կար: Անուշը վերադարձավ ու կանգնեց հայելու առջև: Մեջը դատարկ էր: Հայելին հրաժարվեց այդ ամայությունը ցուցադրելուց: Նա նայեց հայելու մեջ կանգնած կնոջն ու թքեց վրան:
Հետո մեխանիկորեն բացեց դարակները:
Ժամանակին բուժքույր էր (ե՞րբ էր դա…): Երբ «կրճատեցին», ներարկիչների տուփն ու էլի ինչ-որ բժշկական պարագաներ «թաղեց» դարակներից մեկում:
Շուտով փակվեց նաև ամուսնու գործարանը, Գագոն հաղորդալար գողացավ ու «նստեց»:
Անուշը սթափվեց: Աղմուկով փակեց օրինավոր անցյալի դարակներն ու դուրս եկավ: Փողոցն սպասում էր:
… Արդեն երկրորդ օրն էր' Անուշը չէր գալիս: Գոհարը որբի նման պատեպատ էր կպչում' վազելով մերթ մի, մերթ մյուս պատուհանը: Հետո չհամբերեց ու իջավ բակ: Նրան, չգիտես ինչու, թվաց, թե այդպես կարագացնի հարսի վերադարձը:
Փոքրիկ սև բզեզի նման Գոհարը կուչ եկավ նստարանի ծայրին ու աչքերը հառեց փողոցից սկսվող հորիզոնին: Կամաց – կամաց իրենց պարապ բնակարաններից իջան նաև շենքի մյուս բնակիչներն ու թառեցին Գոհարի կողքին:
- Գեղեցկուհին էս էրկու օր ա աչքովս չի ընկնըմ, – խոսք գցեց դիմացի հարևանը:
Գոհարը ոչինչ չպատասխանեց: Զգում էր, որ չորացած խոտի նման մեջն այրվում է:
- Այ կնի՞կ, էդ լայաղ չե՞ս անըմ պատասխանես… կարող ա՞ փախցրել են…
Հաջողված կատակը ծիծաղով վարակեց ներկաներին:
Կայծը գցված էր, և համատարած հռհռոցի ծովում Գոհարը բոցավառվեց:
- Հա, փախել ա, լավ ա արել: Էդ անծակ աչքներիդ լիսն էլ հանել ա: Հե – րի – քա,- Գոհարը ոտքի կանգնեց ու սկսեց գոռալ.
- Հերիք էլավ, բոլ էլավ, միսներս կերաք… Այ Անուշի ոտները ուտեք… Օրինավո՞ր եք… Որ բոզութինը թաքուն եք անը՞մ, օրինավո՞ր եք… Ձեր մարդ, ձեր կնիկ ասողի լիզուն չորանա, բոզի ցեղ… Էն Անուշի փողովը չե՞ք հաց ու ջուր անը՞մ, էրեխա պահըմ… Ձեր էրեխանց խերը չտենաք… Ընչի՞ իմ էրեխեքին որբանոց քցեցիք, ընչի՞…
Պառավը ծնկի իջավ, ձեռքերը պարզեց երկինք ու աղոթքի փոխարեն անիծեց:
Բակը պապանձվել էր: Պատուհաններից կախված անդեմ ու դիմակավոր դեմքերը նայում էին ու զարմանում.
ՙԱխր էս կնգան ո՞վ ա մի թթու խոսք ասել, ո՞վ ա ինչ արել…՚
Վերջապես արտառոց տեսարանը մոտեցավ իր ավարտին. հոգեբուժարանից մեքենա եկավ: Ոստիկանների ուղեկցությամբ ապշահար Գոհարի ձեռքերը ոլորեցին ու տարան:
- Խեղճ կնիկը դարդից խելքը եդ ա տվել. հարսի հախիցը չկարեցավ գա, – ամբոխը փսփսաց ու ցրվեց:
Մեկ-երկու օրից Գոհարին թվաց, թե երազ է տեսնում' Անուշին իր կողքին նստած: Երբ եկվորը խոսեց, երազն իրականություն դարձավ:
Գոհարը դեռևս աչքերին չէր հավատում: Անուշը նոր կապույտ զգեստ էր հագել և երբեք այդքան գեղեցիկ չէր երևացել:
Թևանցուկ դուրս եկան հիվանդանոցից և քայլեցին: Անուշն առաջինը խոսեց.
- Մամ, էրկու օրից Գագոն կգա, ու էրեխեքին էն անտեր տեղը մի ժամ էլ չթողաք:
Գոհարը կանգ առավ ու հարցական նայեց հարսին:
- Իմ թղթերը պատրաստ են, գնըմ եմ Թուրքիա… Խումբ են տանըմ:
- Ո՞նց, այ բալա…
Պառավի հարցականը մնաց օդում: Անուշը շարունակեց քայլել.
- Ես… Ես Գագոյին շատ եմ սիրըմ:
Հետո նորից դադար:
- Կամ պտի մեռնեմ, կամ գլուխս առնեմ' կորչեմ գնամ: Գագոն էդ նամուսի տերը չի:
Հասան ու նստեցին քաղաքային այգում:
Թանձրասաղարթ սոճիների տակ հանգիստ էր, ու Գոհարին թվում էր, թե երազը շարունակվում է:
Սկեսրոջ գոգին Անուշը դատարկեց պայուսակի պարունակությունը:
- Էս փողով կապրեք: Կաշխատեմ, կուղարկեմ: Ոչ ոք թող ոչ մի բան չիմանա:
Հետո երկու կանայք գրկախառնվեցին, ու Անուշը հեռացավ, ավելի շուտ' փախավ' իր ետևից թողնելով կապույտ եթերի մի ամպ:
Գոհարը մինչև ուշ երեկո այդպես էլ տեղից չշարժվեց' սպասելով, թե երազը կավարտվի, և ամեն ինչ կլինի առաջվա պես:
Երազը չվերջացավ, և Գոհարն այլևս Անուշին չտեսավ: Հեռուներից եկող հակասական լուրերն էլ մի օր մարեցին: Շատերի համար Անուշը կորավ ու մոռացվեց:
Միայն մի օր երազում Գոհարը ճարճատուկի ծաղիկներ տեսավ' Անուշի զգեստի նման կապույտ ու նուրբ: Ծաղիկները չէին սազում ծռմռված մետաղալար հիշեցնող թփին: Նրանք պարզապես օտար էին իրենց ցողունի վրա:
Նարինե Կռոյան