ՍԵՐԸ
Այսօր էլ կարողացար օրդ սկսել-ավարտել առանց Նրա.
Առավոտյան քեզ չարթնացրեց Սերը՝
Անիրական հպումներով,
Նա քեզ հետ չէր,
Երբ հագար օրդ սկսող կոկիկ հարդարված դիմակդ,
Նստեցիր նախաճաշելու,
Վերջին պահին ուղղեցիր ժամացույցդ՝ օրվա ռիթմին համաչափ,
Դուրս եկար փողոց՝ կարևոր մարդու շտապող քայլերով:
Սերը,
Նա քեզ հետ չէր,
Երբ մուրացկանի ձեռքը մի քանի թղթադրամ խցկեցիր մեծահոգաբար:
Նա չկար, երբ փողոցի շանը
Շոյեցիր առանց սրտխառնոցի
Ու զգացիր ոջլոտ մորթի տակ կուչ եկած անտերությունը:
Հիացմունքով նայեցիր անցնող զույգին,
Որ տանում էին Սերը զգուշորեն՝
Աղջկա մազերի ալիքներին
Ու տղայի թևերին նստած.
Նայեցիր նրանց, ու Նա կրկին չկար:
Սերը,
Նա չկար, երբ օրվա գեղեցկուհին տրվեց քեզ՝ հարմար մի տեղում.
Հոշոտեցիր մարմինը՝
Խուսափելով համբուրել շուրթերը:
Նա չկար,
Երբ Սիրո մասին կարծիքներ էիր հայտնում
Նյութը լավ իմացողի պես.
Քեզ ունկնդրում էին նրանք, որոնց դեռ չէր կամ հենց նոր էր այցելել Սերը:
Այսօր քեզ այցելեց մեկ ուրիշի Սերը.
Զգույշ շրջադարձերում՝
Նա կարող է խրտնել ամբողջ կյանքի համար:
Սերը,
Որին այսօր էլ շրջանցեցիր,
Վաղն արդեն քեզ չի բարևի՝
Պարզ պատճառով՝
Նրան բարևած կլինի ուրիշը: