Ամեն ինչ հեքիաթային կլիներ, եթե գոյություն ունենար բացարձակ անկեղծություն, և այն ինչ առաջարկվում է սոցիալական կայքերում՝ համապատասխաներ իրականությանը:
Խոսքը ինտերնետային բորբոքված կրքերի, պատկերավոր ու տպավորչ հաճոյախոսությունների, անհավատալի ու նախանձելի խոստումների, երանություն ու նվիրական երազանքներ փնտրողների ու առաջարկողների մասին է:

Ցանականում են ներկայանալ անթերի, ստեղծում են իրենց մասին ցանկալի ինքնանկարագիր, ընտրում մի քանի հաջողված նկար, նաև չեն մոռանում նշել, որ բնականից ավելի գրավիչ են: Բարձրաճաշակ մարդու տպավորություն թողնելու համար հաստատ իրենց նկարների մեջ կունենան բռենդային մի քանի ապրանքատեսականու (Chanel ,Dior , Burberry, Balmain, Frankie Morello ) գովազդային նկարներ: Ներկայանում ու ներկայացնում են իրենք իրենց՝ իրենց հարմար ու շահավետ տարբերակով: Լավ քաջատեղյակ են հարգի բարոյական չափանիշներից, իսկ եթե հեռու են այդ չափանշներից՝ ամեն կերպ ձգտում են պահպանել իրենց << կեղծ հեղինակային >> բարոյական կերպարի ինքնասիրությունն ու պատիվը: Իբրև վիրավորվում են մի փուչ խոսքից, ազատ թեմանների քննարկման ժամանակ առաջինն են իրենց ակտիվությամբ ու ամեն խոսքից հետո անբացակա կերպով դրվում է ամաչկոտ ՍՄԱՅԼԻԿ (որպես համեստւթան խորհրդանիշ):

Սեփական անձի վարկանիշը բարձրացնելու համար պարտադիր կերպով փակում են իրենց PROFILE- ը, բայց անխտիր ընդունում ընկերանալ ցանկացողների բոլոր առաջարկները, ունեն 8452 ընկեր ու համարում են, թե գտնվում են ուշադրության կենտրոնում: Մեկը նախապես տեղեկացնում է, որ ամեն ինչ պատմում է իր մայրիկին, մյուսը ձևացնում, թե հիասթափված է կյանքից ու էլ ոչ մեկին հավատալ չի կարող: Մեկը գերագնահատում է իր բնատուր գեղեցկությունը ու իր հասակը 1:50 սմ-ից դառնում է 1:72 սմ : Մյուսը ջանասիրաբար փորձում է համոզել, որ իր արտաքինը բարեկեցիկ է, իսկ ներաշխարհը դրախտային, որ կարևորը հոգու գեղեցկությունն է, իսկ սիրել պետք է հոգու մերկությունը(մոռանալով նշել, որ ամուսնացած է, կամ մարմինը կշռում է 130 կգ ):

Սոցիալական կայքը մի վայր է, ուր ներկայացված է ոչ թե իրականը, այլ՝ ցանկալին, ոչ թե առկա նյութականը, այլ՝ սպասվելիքը: Իրենք իրենց խաբելով և հավատալով, որ այնպիսին են՝ ինչպիսին ներկայանում են, իրենց պահում են այնքան գոռոզ ու վեհանձն, ասես միշտ գտնվում են հակառակ սեռի ուշադրության կենտրոնում, ինչպես ՊԲ զորամասի միակ կին աշխատակիցը:

Հավատում ու հավատացնում են միմյանց, որ երջանիկ լինելու համար հարկավոր է ուղակի հանդիպել: Հանդիպում, որը երբեք չի կայանա զուտ այն պատճառով, որ իրար են բախվելու երևակայությամբ ստեղծած կերպարը բնության ստեղծածի հետ, և երկուսն էլ խաբված զգալով գիտակցում են, որ անխուսափելի է հիասթափությունը: Փոխշահավետ է մնալ նույն մակարդակի վրա, բավարավել եղածով, հորինել հիմնավոր պատճառաբանություններ՝ միմյանց հավատացնելու, թե հանգամանքները ամեն անգամ չեն համընկնում հնարավորության հետ ու երկար սպասված հանդիպումը անժամկետ հետաձգվում է մի օր իրականանալու բաղձալի ակնկալիքով :

ՍԻՐԵՔ ՄԻՄՅԱՆՑ ՈՒ ՆՎԻՐԵՔ ԱՆՄՈՌԱՆԱԼԻ ՀՈՒՇԵՐ: ՍԻՐԵՔ ՏԵՍԱՆԵԼԻՆ ՈՒ ՇՈՇԱՓԵԼԻՆ, ՍԻՐԵՔ ԻՐԱԿԱՆԸ, ՍԻՐԵՔ ՄԱՐՄՆԻ ԲՈԼՈՐ ԶԳԱՅԱՐԱՆՆԵՐՈՎ, ՈՉ ԹԵ ՁԵՐ ՍՏԵՂԾԱԾ ԻԴԵԱԼԻՆ, ՁԵՐ ՍԵՓԱԿԱՆ ՑԱՆԿՈՒԹՅԱՆԸ, ԱՅԼ ՁԵՐ ԻՐԱԿԱՆ ԵՐԿՐԱՅԻՆ ՍԻՐՈՒՆ: