Գարնան արևը ժպտում էր իր ողջ ջերմությամբ, իսկ ծաղկած բալենիներն ու խնձորենիները ավետում էին նոր կյանքի ու զարթոնքի մասին: Նեղ արահետով մի տղամարդ էր դանդաղ քայլում, այնքան դանդաղ, որ թվում էր թե ինչ-որ բան է փնտրում: Բայց նա ոչինչ չէր կորցրել: Հյուրանոցում տեղավորելով ճամպրուկները' արագ դուրս էր եկել ու առաջին իսկ պատահած տաքսու վարորդին խնդրել, որ հասցնի իրեն այս փոքրիկ անտառը ու շատ էր ուրախացել, երբ գրեթե անփոփոխ էր տեսել այն: Հիմա անտառի փոքրիկ արահետով քայլում էր' վերհիշելով իր ողջ մանկությունը, անցյալը: Եվ այնքան հաճելի հուշեր էին արթնանում նրա հոգում, որ կրկին ուզում էր նույն արահետով նորից անցնել, նորից տեսնել այն ծառը, որն ինքն էր տնկել, մոտակա քարին իր անունը փորագրել...
Փոքրիկ ձորակը, որտեղ նրա ողջ մանկությունն էր անցել, շատ չէր փոխվել, բայց կարծես օտարացած լիներ: Այն չէր, ինչ ուզում էր տեսնել, ինչ սպասում էր զգալ այս հարազատ, բայց արդեն օտար վայրում: Ժամանակն իր գործն իհարկե արել էր, բայց իրեն թվում էր, որ միայն ինքն էր փոխվել ու կարծես երբեք էլ չէր եղել այն պատանին, որն այդքան սիրում էր այստեղ երկար ժամեր անցկացնել:
Հիշում էր՝ ինչպես դպրոցից հետո վազում էր այստեղ՝ երկար դասերից հետո մի փոքր հանգստանալու: Գալիս էր ու պառկում կանաչին, սկսում երազել ապագայի, իր կյանքի և ընդհանրապես այն ամենի մասին, ինչ այդ պահին միտքն էր գալիս: Խաղաղ ձորակն ու գետակի ձայնը նրան կտրում էին իրականությունից, տանում հեռուներ, հեռուներ, ուր միայն հեքիաթայինն ու մանկական խաղաղությունն էր տիրակալում, այնտեղ չկային ներկայի դաժանությունն ու հիասթափությունները, այստեղ միայն երազաներն էին շրջում:
Մանկության լավագույն գողտրիկ անկյունն ահա այն բլրակի ու գետակի մոտ էր, որտեղ ուռենին նազանքով իր ճյուղերն էր հպում գետակի ալիքներին: Այդ բնապատկերը հաճախ էր նա տեսնում իր երազում: Սակայն ամեն անգամ երազում հենց բլրակի հետևից գեղեցիկ պարսպով մի առանձնատուն էր տեսնում, սակայն ինքն համոզված էր' այնտեղ որևէ շինություն չկա: Համենայն դեպս, չկար այն ժամանակ: Այնտեղ միայն ծիրանի այգիներ էին ձգվում, որ նայելիս թվում էր' վերջ չկա նրանց շարքերին: Տասնհինգ տարի առաջ այստեղ ինքն էր վազվզում: Դեռ պատանի էր, կյանքը միայն ժպտում էր իրեն, ամեն ինչ առջևում էր: Նա միշտ էլ ազատ ժամանակ էր գտնում այստեղ գալու համար, հատկապես նրա' Նանեի հետ: Նանեն հենց գարունն էր ասես: Նա միշտ ժպտում էր, անգամ երբ աչքերում արցունքներ էին երևում: Թվում էր' նրա հոգու բարությունը արտահայտվում էր մեկ ուրախ, մեկ տխուր, բայց անկրկնելի ժպիտում: Հիմա էր հասկանում, թե որքան թանկ իր համար այդ ժպիտը, որքան թանկ էր Նանեն իր համար և որքան շատ էր սիրում ու դեռ սիրում է:
Տղամարդը մի պահ կանգ առավ ու նայեց շուրջը: Գարունը լիիրավ տիրակալ է դարձել: Անտառակի եզրից երևում էին ծաղկած ծիրանենիները:
Շարունակությունն՝ այստեղ