1878 թվականին Էդվարդ Մայբրիջը բազմաթիվ տեսախցիկների միջոցով նկարահանեց «Օցիդենտ» մականվամբ ձիուն վազելիս։

1888 թվականին ռեժիսոր Լուի Լեպրենսը նկարահանեց պատմության մեջ առաջին ժապավենային, պատումային, երկու րոպե տևողությամբ շարժանկարը՝ «Տեսարան Ռոունդհեյ այգում»։ Նույն թվին Լեպրենսը նկարահանեց նաեւ «Տրանսպորտի երթևեկությունը Լիդս կամրջի վրա» շարժանկարը։

Առաջին հրապարակային վճարովի սեանսը կայացել է 1895 թվականի դեկտեմբերի 28-ին, Փարիզում։ Ցուցադրման ժամանակ հանդիսատեսը դիտել է 10 շարժանկար։ Ամբողջ դիտումը տեւել է ընդամենը 20 րոպե։

 


20-րդ դարասկզբին կինոցուցադրումներն ուղեկցվում էին դաշնամուրի նվագակցությամբ։ 1920-ականներին ԱՄՆ-ում, Գերմանիայում և ԽՍՀՄ-ում ստեղծվեցին ձայնային ֆիլմերի լայն օգտագործման համակարգեր։ Կինովարձույթ մտած առաջին շարժանկարը «Ջազի երգիչն» էր (The Jazz Singer, 1927)։

Հայաստանում առաջին կինոնկարահանումներն արվել են 1910–1914 թվականներին։ 1910 թ․ դեկտեմբերին Էջմիածին է ժամանել կինոօպերատոր Ա․ Դիգմելովը՝ ժապավենին հանձնելու Ամենայն հայոց կաթողիկոս Մատթեոս Բ-ի թաղման արարողությունը։ Առաջին համաշխարհային պատերազմի (1914–1918) տարիներին Կովկասյան ռազմաճակատում նույնպես կատարվել են բազմաթիվ փաստագրական կինոնկարահանումներ։ 

 



Հայկական կինոյի առաջնեկը համարվում է «Խորհրդային Հայաստան» (1924թ․) փաստագրական կինոնկարը։ 1925-ի գարնանը էկրան բարձրացավ Համո Բեկնազարյանի «Նամուսը», որն ազդարարեց հայկական գեղարվեստական կինոնկարի ծնունդը։ Ա․ Մարտիրոսյանի «Գիքորը» (1932 թ․) վերջին համր ֆիլմն էր հայ կինոյի պատմության մեջ։

1935 թ․ ծնվեց հայ առաջին հնչյունային գեղարվեստական կինոնկարը՝ «Պեպոն» (սցենարի հեղինակ եւ ռեժիսոր՝ Համո Բեկնազարյան)։ Այս շարժանկարում առաջին անգամ հնչեց Արամ Խաչատրյանի երաժշտությունը, իսկ երգի խոսքերի հեղինակը Եղիշե Չարենցն էր։ Կինոնկարի հաջողությանը, փայլուն ռեժիսորական աշխատանքից բացի, նպաստեց նաեւ հայ դերասանների փայլուն խաղը (Հ․ Ներսիսյան, Ա․ Ավետիսյան, Հ․ Խաչանյան, Դ․ Մալյան, Հասմիկ, Տ․ Մախմուրյան)։

 



Հայե՛ր, գիտե՞ք, որ