Միշտ հարգել եմ ու կհարգեմ դերասանուհի Հիզեր Գրեմին: Նա չի վախենում տեսախցիկի առջև մերկանալուց, իսկ անկողնային տեսարաններում խաղում է աննկարագրելի իրական' միաժամանակ արտահայտելով իր կիրքը այն տղամարդու հանդեպ, ում հետ խաղում է: «Убей меня нежно» մելոդրաման ևս մեկ հիանալի ֆիլմ է, որը փորձում է բացահայտել այնպիսի հասկացություն, ինչպիսն է «հիմնական բնազդը»: Բայց կոնկրետ այս ֆիլմում այդ բնազդը գլխավոր հերոսուհի Էլիսի կյանքում առաջացնում է խառնաշփոթ:

 

Էլիսը մեգապոլիսում ապրող սովորական աղջիկ է: Նա աշխատում է, ապրում է իր ընկերոջ հետ, որի մեջ չի տեսնում իր կյանքի ուղեկցին: Բայց Էլիսը չի փորձում որևէ բան փոխել: Նրան շատ բան դուր չի գալիս, բայց համեստությունն ու կտրուկ քայլեր կատարելու վախը զսպում են նրան: Մի օր տուն վերադառնալիս Էլիսը հանդիպում է Ադամին և սիրահարվում առաջին հայացքից: Այդ խորհրդավոր տղան սեփական կյանքում մոլորված աղջկա համար բացահայտում է սիրո և վայելքների աշխարհը:

 

Ֆիլմը դիտելիս անընդմեջ նույն հարցն է առաջանում. արդյո՞ք արժե: Արժե՞ քանդել չափավոր ու հանգիստ կյանքը հանուն կրքերի: Հետո հասկանում ես. արժե: Հենց միայն այդպես էլ արժե ապրել:

 

Օր օրի մենք թպրտում ենք առօրյա կյանքի ճահիճում: Մեր յուրաքանչյուր օրը գրեթե ոչնչով չի տարբերվում թե նախորդող, և թե հաջորդող օրերից: Որոշներն այդպիսի կյանքն ընդունելի են համարում իրենց համար: Բայց օրերից մի օր կյանքը մեզ տալիս է ամեն ինչ փոխելու հնարավորություն և հենց այդտեղ է, որ յուրաքանչյուրը պետք է կատարի ի´ր ընտրությունը. կամ շարունակել ապրել առաջվա պես, կամ էլ խմել կյանքը մինչև վերջ' զգալով յուրաքանչյուր օրվա համը:

 

Զգալով այն, ինչ բախտ վիճակվեց ապրել Էլիսին, հասկանում ես, որ դու այլևս երբեք առաջվանը չես լինի…

 

Լինում է այնպես, որ կրքերին տրվելով մոռանում ես ամեն ինչի մասին. բարոյականություն, մտերիմներ, հարազատներ… Քեզ ոչինչ ու ոչ ոք պետք չէ' բացի Նրանից: Այդպիսի պահերին դու պատրաստ ես նույնիսկ կյանքդ տալ Նրա համար: Եվ դու մտածում ես, որ այն, ինչ անում ես, ճիշտ է:

 

Բայց հետո կրակը թուլանում է, կիրքը մարում է և դու սկսում ես Նրան նայել ոչ միայն որպես կրքերի ու ցանկությունների օբյեկտի: Դու սկսում ես տեսնել շրջապատող ամեն ինչը. այն, որ Նա նույնպես մարդ է' իր անցյալով ու տարօրինակություններով, և այն, որ Նա ամենևին էլ այնպիսին չէ, ինչպիսին դու սովոր էիր տեսնել:

 

 

 

Ֆիլմի բոլոր հերոսները գերազանց են, ամեն մեկն ունի իր պատմությունը, զգացմունքներն ու էմոցիաները: Դերասաններին 100 տոկոսով հաջողվել է այդ ամենը փոխանցել էկրանին: Բայց, այնուամենայնիվ, ֆիլմի ամենահետաքրքիր կերպարը Ադամի քույրն է: Նատաշա Մակելհոունի հայացքը, քայլվածքը… թվում է, թե նա իսկական վայրի կատու է: Հենց այդ գեղեցիկ խաղն է, որ կտրուկ հակասություն է ստեղծում նրա և նուրբ ու փխրուն Էլիսի միջև:

 

Այս գեղեցիկ և հետաքրքիր ֆիլմում հանելուկները հանդիպում են ամեն քայլափոխի, իսկ հանդիսատեսն անհամբեր սպասում է, թե վերջապես երբ Էլիսն ինչ-որ քայլեր կձեռնարկի, որպեսզի գոնե փոքր-ինչ պատկերացում կազմի, թե ով է իր կողքի անծանոթ տղամարդը, որի հետ նա ամուսնացել է:

 

«Убей меня нежно»-ն բազմաժանր ֆիլմ է, բայց հենց դետեկտիվի տարրերն են այն դարձնում ավելի ու ավելի գրավիչ:

 

 

Վահագն Արմենյան