Այսօր Բրազիլիա-Չիլի ու Կոլումբիա-Ուրուգվայ խաղերով մեկնարկում է ֆուտբոլի աշխարհի առաջնության փլեյ-օֆֆը:
Բրազիլիան այս ու ցանկացած առաջնության գլխավոր ֆավորիտներից մեկն է: Խմբային արգելքը հաղթահարել է հեշտությամբ: Այս հավաքականում է հանդես գալիս ընթացիկ առաջնության ռմբարկուներից մեկը՝ Նեյմարը:
Վիճակագրությունը ցույց է տալիս, որ բրազիլացիներն այս առաջնությունում հատկապես ակտիվ ու արդյունավետ են գործում առաջին խաղակեսի միջնամասում: Իհարկե, արագ գոլ խփելու ձգտումը հաճախ խանգարում է, որպեսզի բրազիլացիները կենտրոնանան պաշտպանության վրա. նրանք խմբային խաղերի երկու գոլերը բաց են թողել առաջին 30 րոպեներին:


Քչերն էին հավատում, որ Չիլիի հավաքականը կարող է հաղթահարել խմբային արգելքը՝ ֆավորիտներ համարելով Հոլանդիայի ու Իսպանիայի ընտրանիներին: Բայց նույն Իսպանիայի հավաքականին չիլիցիները հաղթեցին 2:0 հաշվով: Այս հավաքականը թիմային խաղ է ցուցադրում եւ ընդգծված ռմբարկու չունի:


Չլիի հավաքականը դարձյալ շեշտը դնում է արագ գնդակ խփելու մարտավարության վրա. հավաքականը խմբային մրցաշարի հինգ գոլերից երկուսը խփել է առաջին 15 րոպեների ընթացքում: Չիլիի հավաքականն, ըստ ամենայնի, որոշակի խնդիրներ ունի՝ ֆիզիկական պատրաստվածության հետ կապված. հավաքականն այս առաջնությունում երեք բաց թողած գոլերից երկուսը սեփական դարպասն ընդունել է խաղի վերջին 15 րոպեներին:


Ինչևէ, Vivaro-ի մասնագետները կանխատեսում են, որ այսօրվա խաղում հաղթելու են բրազիլացիները:
Կոլումբիա-Ուրուգվայ խաղում ֆավորիտ են համարվում կոլումբացիները: Ու սա բնական է:


Այս հավաքականը հաղթանակ է տարել խմբային բոլոր հանդիպումներում, արդյունավետությամբ զիջում է միայն Հոլանդիայի ընտրանուն: Կոլումբիայի թիմում խաղում են Խամես Ռոդրիգեսի ու Ջեկսոն Մարտինեսի պես ֆուտբոլիստներ, ովքեր հաջողությամբ եզրափակում են խաղընկերների գրոհները:


Կոլումբացիները ֆիզիկապես լավ են նախապատրաստված. նրանք իրենց 9 գնդակներից յոթը խփել են երկրորդ խաղակեսում:


Ուրուգվայի հավաքականը համեմատաբար դժվար է հաղթահարել խմբային արգելքը, բայց թիմն ընդգրկված էր ՙՙմահվան խմբում՚՚ ու հաղթել է ֆուտբոլային աշխարհի գիգանտներին՝ Իտալիայի ու Անգլիայի ընտրանիներին:


Հավաքականն ուներ ընդգծված առաջատար՝ Լուիս Սուարեսը, ով խփել է իր թիմի չորս գոլորից երկուսը: Հենց այստեղ է, որ առաջանում է այն հոգեբանական խնդիրն, որ այսօր ունենալու են ուրուգվայցիները: Սուարեսն որակազրկված է, այս առաջնությունը նրա համար ավարտված է, ու ուրուգվայցիները պետք է կարողանան հաղթահարել առանց նրա խաղալու բարդույթը:


Ուրուգվայցիները ֆիզիկապես լավ են պատրաստված, արդյունավետ են գործում երկրորդ խաղակեսի վերջնամասում, բայց նաև պրոբլեմներ ունեն պաշտպանությունում:


Այսօր սպասենք դիտարժան հանդիպումների, որոնցում ոչ-ոքին բացառված է....

 

 

Սուրեն Սուրենյանց