Երեկվա սահմանային լարվածությունը խլեց մեր 3 քաջերի կյանքը։ Ցավակցություններս նրանց հարազատներին։ Իսկ մեր 4 վիրավոր տղաներին շուտափույթ ապաքինում եմ մաղթում։
«Ֆեյսբուքը երեկն»-ն այսօր բացառապես կանդրադառնա էրդողան-ալիև զույգի հիստերիային և հոգեբանական բարդույթներին:
Այս զույգն անցել է ագրեսիվ պայքարի: Միջազգային ֆորումներում հայտարարում են, որ իրենք տարածաշրջանում խաղաղության կողմնակից են, բայց նրանց գործողություններն ու իրենց պետությունների ներսում արած հայտարարություններն այլ բանի մասին են վկայում: Կամ այս երկուսը ջայլամի սինդրոմով են տառապում, մտածում, որ Թուրքիայում կամ Ադրբեջանում, արված հայտարարությունները ոչ ոք չի տեսնում ու չի լսում, կամ էլ լուրջ հոգեբանական խնդիրներ ունեն՝ անձի երկակիություն։ Մի իրավիճակում նրանք հլու հնազանդ գառներ են, մյուսում՝ բորենիներ: Ինչևէ, թե՛առաջին, թե՛ երկրորդ դեպքում էլ նրանց մոտ հիստերիան ակնառու է: Ջղաձգումների արդյունքում նրանք այլևս չեն գիտակցում իրենց անելիքը։
Եվրանեսթից հետո աշխարհը տեսավ, թե որ պետությունն է տարածաշրջանում խաղաղության կողմնակից և պատրաստ՝ իր վրա վերցնելու ԵՏՄ ԵՄ բանակցությունների ծանր բեռը: Այս ամենը թուրքական քույրիկ պետությունները չկարողացան մարսել և անցան սադրիչ գործողությունների:
էրդողանն իր սադրանքը կառուցեց հայտարարության միջոցով: Նա զգում է, որ միջազգային ասպարեզում իր Գալիպոլիի ապրիլքսանչորսյան ֆարսն անկում է ապրում։ Այդ պատճառով ջղաձգված հայտարարությունների է անցել: Վերջինս հայկական սփյուռքին կոչ է անում ներկայացնել այն փաստաթղթերը, որոնք կապացուցեն հայոց ցեղասպանությունը: Այս մարդը մտածում է, թե ԻԼԻՊԻ զորքի միջոցով կարող է վերացնել հայոց ցեղասպանությունը փաստող բոլոր փաստաթղթերը, ինչպես դա արեց Դեր Զորի սուրբ Նահատակաց հայկական եկեղեցում: Այս հիստերիկ հայտարարության հեղինակին պետք է բացատրել, որ իր ձեռքերն այդքան երկար չեն:
Ջայլամի սինդրոմի կրողներից ալիևը մարտական գործողությունների անցավ, որ օգնի իր մեծ քրոջը և այս կերպ փորձեց միջազգային հանրության ուշադրությունը շեղել ցեղասպանության հարցից և Եվրանեսթի հայտարարություններից: Ազերական կողմը 14 և ավելի զոհ ունի։ Սա ևս մեկ անգամ ապացուցեց է, որ այս հոգեբանական բարդույթներ ունեցող զույգը պարտվում է թե՛ մարտի, թե՛ դիվանագիտության դաշտում։
Էդգար Խաչատրյան