Գիտե՞ս՝ ինչու եմ տխուր: Տխուր եմ, որովհետև դու ու մյուսներն եք տխուր: Տխուր եմ, որովհետև սա չէր այն կյանքը, որ մենք պատկերացնում էինք: Սա նույնիսկ չէր կարող այն ֆիլմի անոնսը լինել, որը մենք ծրագրել էինք նկարահանել: Չգիտե՞մ՝ մենք ենք վատ ռեժիսորներ, թե՞ հմուտ դերասաններ ու օպերատորներ չկան մեր ֆիլմում հավուր պատշաճի խաղալու ու նկարահանումներն իրականացնելու համար: Իսկ միգուցե նկարահանման հրապարա՞կն է սխալ ընտրված: Կարծում եմ՝ ամեն տեղ էլ նույնն է. մի տեղ մի ծառ պակաս, մի տեղ մի ծառ ավելի. միթե՞ բան կփոխվի:
Ակամայից թվում է, թե նույնն է ամեն ինչ, բայց շատ բան է փոխվել... Փոխվել եմ ես, փոխվել ես դու, փոխվել են նրանք: Ոչ թե մեր մարդ տեսակն է փոխվել, այլ՝ մեր աշխարհայացքը, որ զգացմունքին ու բանականությանն անվերջ մենամարտի է հրավիրում: Մենք էլի նույնն ենք մնացել:
Ոչինչ առաջվանը չէ: Հիմա նույնիսկ իրերն են այլ անուններով կոչում: Այլ են մարդիկ ու մարդկային ամեն տեսակ հարաբերությունները: Եվ լուռ են նրանք: Լռում են ոչ թե նրա համար, որ ասելիք չունեն, լռում են նրա համար, որ չափազանց շատ բան ունեն ասելու:
Ասում են՝ յուրաքանչյուրի մեջ արև կա. միայն թե պետք է թողնել, որ այն շողա: Ես հավատում եմ դրան, և ես միշտ լավատես եմ: Իմ տխրության բոլոր բաց ու փակ անկյուններում լույս եմ տեսնում ու հավատ, սեր եմ տեսնում, որ ընկճախտով տառապող հուսահատի նման ազատություն է փնտրում...հոգու ազատություն: Ժպիտ եմ տեսնում, բայց ո՛չ, այն կեղծ չէ, պարզապես նրան էլ է ազատություն պետք:
Եվ ես կրկին ժպտում եմ: Բայց միևնույն է, տխուր եմ...