Երբ Հիսուսը Փիլիպպոսի կառուցած Կեսարիայի կողմերը եկավ, իր աշակերտներին հարցրեց.
- Մարդիկ ի՞նչ են ասում Մարդու Որդու մասին. ո՞վ եմ ես։
Նրանք պատասխանեցին.
- Ոմանք կարծում են, թե Հովհաննես Մկրտիչն ես, ոմանք՝ Եղիա մարգարեն, իսկ ուրիշները՝ Երեմիան կամ մարգարեներից մեկը։
Հիսուսը հարցրեց նրանց.
- Իսկ դո՞ւք ինչ եք կարծում, Ո՞Վ ԵՄ ԵՍ։
Սիմոն Պետրոսը պատասխանեց.
- ԴՈՒ ՔՐԻՍՏՈՍՆ ԵՍ՝ ԿԵՆԴԱՆԻ ԱՍՏԾՈՒ ՈՐԴԻՆ։
Հիսուսը նրան ասաց.
- Երանի՜ է քեզ, Սիմո՛ն, Հովնանի՛ որդի, որովհետև դա քեզ հայտնողը մի մարդ չէր, այլ իմ Հայրը, որ երկնքում է։ Եվ ես քեզ ասում եմ, որ դու ժայռ ես, և այդ ժայռի վրա պիտի շինեմ իմ եկեղեցին, որ մահն անգամ իր ամբողջ զորությամբ չկարողանա հաղթահարել։ Քեզ պիտի տամ երկնքի արքայության բանալիները, և ինչ որ կապես երկրի վրա, կապված պիտի լինի երկնքում, և ինչ որ արձակես երկրի վրա, արձակված պիտի լինի երկնքում։


(Մատթեոսի ավետարան 16:13-19)

 

Ռուբեն վարդապետ Զարգարյան