Պատմաբան, քաղաքական գիտությունների դոկտոր Արմեն Այվազյանը Facebook-ի իր էջում գրում է.

Հայրենիքի պաշտպանությունը շիզոֆրենիա համարող այս հոգեպես թուրքահպատակը հեռացավ։ Այժմ հարկ է անել մի շարք կարևոր եզրակացություններ.

 

1. Նա աշխատանքից վտարվեց ոչ թե իր վերադասի իսկույնևեթ կայացրած՝ դատապարտում պարունակող համապատասխան որոշմամբ, այլ միմիայն ապրիլյան հեղափոխության շնորհիվ արթնացած հասարակության առողջ հատվածի ուժգին ճնշման արդյունքում։

2. Փաշոյանը հեռացավ հոխորտանքով։ Դույզն իսկ կասկած չկա, որ ինքն ու իր համախոհ-թիմակիցները, որոնք վերջին օրերին ատամներով պաշտպանում էին նրա հակապետական մտքերը, շարունակելու են կատաղի պայքարը հայրենասիրական բոլոր տեսակի դրսևորումների դեմ։ Այս հինգերորդ շարասյանը ապագայում ևս կտրամադրվեն մեծ ռեսուրսներ՝ դրսից։

3. Հայկական խոշոր քաղաքական կուսակցություններից և ոչ մեկը չհամարձակվեց պաշտոնական դիրքորոշում հայտնել այս կարևոր ՔԱՂԱՔԱԿԱՆ հարցով։ Ինչպես միշտ, հասարակությանը հուզող հրատապ հարցերը նրանց համար հետաքրքրություն չեն ներկայացնում (վերջին օրինակներից է նաև Ամուլսարը)։ Ժողովուրդը պետք է վերջիվերջո գիտակցի, որ հետխորհրդային շրջանում Հայաստանում քաղաքական կուսակցություններն այդպես էլ չեն կայացել, դրանք ընդամենը խմբային նեղ շահեր արտահայտող կոռումպացված միավորումներ են։ Ըստ այդմ, կուսակցությունների վրա հիմնվող խորհրդարանական մոդելը Հայաստանի Հանրապետության համար խստորեն հակացուցված է։ Պատմական այս փուլում և առավել ևս մեզ պես պատերազմող պետության համար շատ ավելի ճիշտ ու հարմար է նախագահական կամ կիսանախագահական մոդելը։ Լավագույն ու ամենաքիչ տվայտանքներ պարունակող լուծումն այն կլիներ, եթե ամբողջովին կեղծված արդյունքներով ընդունված գործող սահմանադրությունը չեղյալ հայտարարվեր։ Այդպիսով, մեխանիկորեն կվերադառնայինք նախորդ սահմանադրությանը՝ կիսանախագահական մոդելին:

 

4. Ամեն դեպքում, այս ապազգային տարրի վռնդումը հասարակության հաղթանակն է։ Հաղթանակ, որ նախկին ռեժիմի օրոք հնարավոր չէր պատկերացնել։