ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Ոստիկանական տարբեր ստորաբաժանումների և պատասխանատուների ապօրինի և իրական ոստիկանին ոչ հարիր կեցվածքը կրկնակի մտահոգիչ է, երբ մտածում ես, որ իշխանության հակապետական գործունեությունը գաղափարական համախոհություն ունի նաև ոստիկանության շարքերում:
Այն մեծ խանդավառությունը, հաճախակի հանդիպող անհոգ և ուրախ էմոցիաները, որոնք ապրում են ոստիկանության տարբեր խմբեր' Փաշինյանի հանձնման քաղաքականությունը ապահովելու և սպասարկելու տեսանկյունից, իսկապես խորը տարակուսանք է առաջացնում:
Մյուս կողմից, երեկվա տեսանյութերից մեկից էլ երևում է, թե ինչպես են ոստիկանության մի շարք ծառայողներ, մարդկանց կողքից անցնելիս գլուխները կախում, գլխարկները դեմքը քողարկելու աստիճան իջեցնում ու դեմքը փախցնում, ինչը ցույց է տալիս, որ չնայած նրանք շարունակում են անպատիվ օպերացիաների մասնակից լինել, սակայն գիտակցում են իրենց քայլերի ստորացուցիչ լինելու հանգամանքը:
Խնդիրը ոչ այնքան նրանում է, որ ոստիկանությունը անկախ օրենքների գոյությունից իշխանության քմահաճույքներն է կատարում, այլ այն, որ այս ամենը վաղուց դուրս է եկել ներքաղաքական պայքարի տրամաբանությունից և վերածվել ազգային-ազատագրական պայքարի, իսկ ոստիկանների ու, առհասարակ, ուժայինների մի մասը, տարբեր դրդապատճառներով, կողմնորոշվել է ի օգուտ ադրբեջանական շահերի սպասարկմանը»