Ավարտվեց ԱԺ հերթական նստաշրջանը, ՀՀ հերթական կառավարության հերթական ծրագիրը հաստատվեց եւ կառավարության անդամները ,լսելով պատգամավորների քննադատությունը, գովեստը եւ մաղթանք-ցանկությունները, հեռացան աշխատելու:


Այս կառավարության ծրագրի քննարկումների ժամանակ ես ելույթ չունեցա, այդպես էր հարմար՝ ելույթները շատ էին եւ մենք մեծահոգաբար մեր ելույթ ունենալու իրավունքը զիջեցինք ընդդիմությանն ու այլոց, բայց դա կարեւոր չէ, կարեւոր է, որ ՀՀ այս կառավարությունը հաջողի եւ չերկնչի դժվարությունների առաջ, որ պարզերես անի իշխանությանը, որ հայ մարդու սոցիալական վիճակը զգալի լավանա, որ մեր երկրի տնտեսությունը բավարար աճ գրանցի, որ ՝մարդիկ, տեսնելով փոփոխությունները, չհեռանան, որ բարձրանան աշխատավարձերը, ուսուցիչներն ու բժիշկները, գյուղացին եւ բանվորը ավելի լավ ապրեն, որ այդ փոփոխությունները զգալի լինեն շատ արագ եւ լինեն տեսանելի,որ թղթին գրված իրատեսական բոլոր ծրագրերն արագությամբ դառնան իրականություն:


Որպես անուղղելի լավատես ես հավատում եմ, որ այդպես կլինի:


Հավատում եմ, որ եթե ոչ վաղը, կամ երկու ամսից, բայց՝ վաղը չէ մյուս օրը եւ մոտ հինգ-վեց ամսից մարդիկ կսկսեն զգալ փոփոխությունները: Կառավարության ծրագրի քննարկումները խորհրդարանում ավելորդ անգամ բացահայտեցին մի պարզ ճշմարտություն, որը հին է, որքան հին է մեր անկախ պետականությունը՝ ՀՀ հերթական կառավարության համար դժվար է լինելու ոչ թե ընդդիմության, ոչ թե ներքին խնդիրների, այլ՝ տնտեսության դժվարին վիճակի պատճառով:
Մեկ բան աներկբա է՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի կառավարությունն այլընտրանք չունի, այն դատապարտված է հաջողությունների: Եվ ես մաղթում եմ որ ՀՀ կառավարությունը հաջողությամբ կատարի իր առջեւ դրված խնդիրը՝ աշխատի հանուն ՀՀ քաղաքացու, հանուն արժանապատիվ կյանքի, որին մեր հասարակությունն արժանի է:


Հ.Գ.Արդեն երրրոդ օրն է , ընթերցում եմ Վազգեն Սարգսյանի բոլոր այն ելույթները, որոնցով նա հանդես էր գալիս ժամանակին, խոսելով իր կառավարության ծրագրի մասին, ցավոք՝ չհասցրեց իրականացնել անձամբ: Մեկ ընդհանրության այս եւ այն ծրագրի մեջ ես տեսնում եմ .այսօր նույնպես ՀՀ վարչապետը համարձակության ունեցավ հայտարարել, որ սկսելու է իր շրջապատից եւ բոլորին հորդորել ու պահանջել է ՝ գործել միմիայն օրենքի դաշտում:
Ես հաջողություն եմ մաղթում ՀՀ կառավարությանը, որովհետեւ նրա հաջողությունը նաեւ իմ ու իմ երկրի հաջողությունն է, իսկ պարտությունների լիմիթը մենք վաղուց ենք սպառել:

 

 

Մարգարիտ Եսայան