Հանրային կյանքում նոր օրակարգ ստեղծելու և այն իրականություն դարձնելու, իսկ ավելի կոնկրետ' հաջողության հասնելու գրավականը կարող է լինել բացառապես համերաշխ գոյակցության, քաղաքակիրթ երկխոսության և փոխադարձ հանդուրժողականության ձեռքի մեկնումը հասարակությանը' օրակարգի հիմքում դնելով ''Իշխանության հիմքը ներքևից, վստահությունը' վերևից'' բանաձևը:

 


Եթե սրան գումարենք նաև այդ հոսանքի հանրային վարքագծի անկանխատեսելիությունն ու ոչ ստանդարտ քայլերով հանդես գալու ունակությունը, շատ կարճ ժամանակ պետք կգա' ականատեսը լինելու, որ պետության հասարակական և քաղաքական էլիտան ինքնստինքյան հաշիվ է նստել այդ հոսանքի գոյության հետ:
Վերջին հաշվով, հասկանալի կլինի, եթե երկիրը կանգնի անխուսափելի համակարգային բեկման եզրին' բեկումն իրագործելու պատվախնդրությունը այդ հոսանքի թիկունքին դրած…

 


Անկախությունից ի վեր հասարակական հարաբերությունների կարգավորման ինստիտուտների տոտալ դեֆորմացիաների լույսի ներքո, երբ պետության զարգացման ընթացքը, մեծ հաշվով, դրված է հիմնարար հարցերի լուծումից խուսափելու տրամաբանության հիմքում, նոր պատկերացումներով հանդես գալու և նոր լուծումներ առաջադրելու պահվածքը դառնում է պարտադրված անհրաժեշտություն:
Այլ խնդիր է, թե այդ հոսանքը գաղափարաքաղաքական ինչ հայեցակարգ կիջեցնի հրապարակ և լուծման ինչպիսի միջոցներ ու մեթոդներ կնախանշի:

 


Հասարակությունն այսօր այդ հոսանքից սպասում է առաջին հերթին ձևակերպել Հայաստանի ունիվերսալ զարգացման ֆորմուլան, որն իր մեջ, անշուշտ, ներառում է նաև Արցախի հարցը:
Եվ ակնհայտ է, որ նման ռազմավարական հարցերի լուծման հիմքում նախևառաջ պետք է դնել իրավունքի գերակայության հիման վրա սահմանադրական կարգի աբողջական գործադրմամբ պետության կառուցման հարցը:

 


Ակնհայտ է նաև, որ այդ հոսանքի առաքելությունը միտված է լինելու Հայաստանի ունեցած դերի միջոցով տարածաշրջանում բալանս փոխելուն, որի առարկայական դեմքն արտահայտվելու է հրաժարումը ''Մշտական թշնամի, հավերժական ֆորպոստ'' իրեն ու Հայաստանի ռեսուրսները սպառած բանաձևից:
Հակառակ պարագայում, Հայաստանում ոչ միայն պրոգրեսիվ գործընթաց տեղի չի կարող ունենալ, այլև հակառակը' հետընթաց պրոցեսը կդառնա պետականության մսխման քաղաքականության անկյունաքար' իր չարագուշակ վերջաբանով հանդերձ: