Բաքվի բռնապետի վարչակարգը լրջորեն անհանգստացած է Ադրբեջանական Հանրապետության «Մահմեդական միություն շարժում» շիայական կազմակերպության ծավալած ակտիվ գործունեությամբ:


Իրանի և Իրաքի շիայական հոգևոր կենտրոններում կրթություն ստացած Թալե Բաղիրզադայի կողմից ղեկավարվող այս շարժումը մի քանի օր առաջ հենց Բաքվի արվարձաններում անհնազանդության ամենանշանակալի գործողություններից մեկն էր ձեռնարկել, որը ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից որակվել էր «խռովություն», իսկ դրա մասին «Հաղղին.ազ» կայքի հրապարակումը մեկ օր անց հեռացվել՝ հավանաբար հաշվի առնելով նույնիսկ անհնազանդության գործողության մասին լրատվության տարածման վտանգավորությունը Բաքվի բռնապետի համար:


Ուշագրավ է ևս մեկ հանգամանք՝ Թ. Բաղիրզադեն չնայած ծնվել է Բաքվում, սակայն արմատներով Լեռնային Շիրվանի ամենահռչակավոր թաթական բնակավայր Լահիջից է, այսինքն էթնիկական առումով կովկասյան պարսիկ (թաթ) է, ինչից կարելի է ենթադրել, որ նրա հետևորդների մեջ փոքր թիվ չեն կազմում հենց իր ազգակիցները:


Չնայած «Մահմեդական միություն շարժումը» որպես կազմակերպություն հիմնված է դավանական գործոնի առաջնայնության գաղափարի վրա, այսուհանդերձ պակաս կարևոր չէ, որ Ադրբեջանում, պատկերավոր ասած, իսլամական հեղափոխության առաջնորդը սերում է պարսկալեզու այն ավանից, որտեղ ըստ ավանդության՝ հանգչում է պարսից առասպելական արքա Քեյ-Խոսրովը:

 

Վարդան Ոսկանյան