Այսօր գեղեցիկ ու ճերմակ ատամները ոչ միայն առողջ լինելու նախապայման են, այլև մարդու բարեկեցության առաջին նախադրյալներից են, որի վառ ապացույցը համաշխարհային ճանաչում ունեցող մարդկանց՝ մինչ իրենց հայտնի դառնալը և դրանից հետո կատարված լուսանկարներն են, որտեղ անզեն աչքով կարելի է տեսնել նրանց ատամների ակնհայտ փոփոխությունները՝ շնորհիվ ճերմակափայլ վինիրների: Կարծում եմ՝ բոլորը կհամաձայնեն ինձ հետ, որ արդյունքն ապշեցնող է, և ամենակարևորն այն է, որ ամենևին էլ պարտադիր չէ՝ մարդը բնությունից օժտված լինի գեղեցիկ և ճերմակ ատամներով, քանի որ, շնորհիվ ժամանակակից ստոմատոլոգիայի, կարելի է հաշված ժամերի ընթացքում վերափոխել ծռմռված ու դեղին ատամները՝ դրանք դարձնելով ուղիղ ու ճերմակափայլ: Թե ինչպես է դա իրականացվում, կփորձենք պարզել բժիշկ-օրթոպեդ Նժդեհ Շադոյանից:

 

1. Ի՞նչ խնդիրների առկայության դեպքում են տեղադրվում վինիրները:
- Միկրոպրոթեզավորման տվյալ մեթոդը կազմում է էսթետիկ ստոմատոլոգիայի մի մասը, այսինքն՝ այս մեթոդը ապահովում է ատամների արտաքին տեսքը: Վինիրները հիմնականում օգտագործվում են ատամների ձևի խախտումների վերացման, մնացած ատամներից տարբերվող ատամնալիցքերի (պլոմբաների) հիմնովին փոխարինման, ատամի ճաքերի և վնասվածքների, միջատամնային տարածության խախտումների, սեպաձև թերությունների շտկման, մաշված ատամնաշարի վերականգնման, ատամների գունային փոփոխությունների կատարման նպատակներով: Վինիրները օգտագործվել են ԱՄՆ-ում դեռևս անցյալ դարի 30-ական թթ.-ին: Հեղինակը ֆրանսիացի հայտնի ստոմատոլոգ Չարլզ Պինկուսն էր: Հենց նա է կիրառել տվյալ տեխնոլոգիան՝ մի շարք աստղերի պարգևելով հոլիվուդյան ճերմակափայլ ժպիտ:

 

2. Ի՞նչ է իրենից ներկայացնում վինիրը:
- Վինիրները ճենապակյա, կերամիկական կամ կոմպոզիտային չափազանց բարակ շերտից պատրաստված պաշտպանիչ ծածկույթներ են, որոնք ամրացվում են դիմային ատամներին: Նորագույն տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ՝ վինիրները կարող են ծառայել բավական երկար՝ ապահովելով շլացուցիչ ժպիտ. դա է պատճառը, որ այսօր ատամների վերականգնման այս մեթոդը շարունակում է բարձր պահանջարկ ունենալ ողջ աշխարհում: Այս միջամտությունը շատ պարզ ու արագ ճանապարհ է՝ ձեռք բերելու ատամների ցանկալի գույն ու գեղագիտական տեսք, ինչը և ձևավորում է ժպիտի գեղեցկությունն ու ամբողջականությունը: Վինիրները հնարավորություն են տալիս ստանալ ատամների բնական տեսք: Ի տարբերություն պսակներով վերականգնման տարբերակի՝ վինիրների տեղադրումը կատարվում է ատամների մինիմալ հղկմամբ. դրանք չեն փոխում իրենց նախնական գույնը նույնիսկ սուրճից ու ծխախոտից, և ամենակարևորը՝ դրանք լիովին համատեղելի են բերանի խոռոչի հյուսվածքների հետ: Ի տարբերություն կոմպոզիտայինի՝ կերամիկական և ճենապակյա վինիրները հնարավորություն են տալիս վերականգնել ավելի շատ թվով ատամներ:

 

3. Ինչպե՞ս է կատարվում տեղադրման գործընթացը:
-Վինիրների տեղադրման համար բժիշկն առաջին հերթին կատարում է համապատասխան չափումներ և ընտրում ցանկալի գույն, այնուհետև ստացված մոդելն ուղարկվում է լաբորատորիա՝ վինիրի նախնական տեսքի պատրաստման համար, որին հաջորդում է ստացված նախնական մոդելի չափափորձարկման գործընթացը, իսկ եզրափակիչ փուլն արդեն վինիրի տեղադրումն է: Ողջ գործընթացի տևողությունը կազմում է մոտավորապես 3-5 օր:

 

4. Ի՞նչ խնամք են պահանջում տեղադրված վինիրները:
-Հիգիենայի մինիմալ կանոնների պահպանման դեպքում վինիրները կարող են ծառայել ավելի քան 10 տարի: Վինիրների ծառայելու ժամկետը մեծապես պայմանավորված է նրանց խնամքից, որը նրանց տեղադրման պահից մանրամասն բացատրվում է բուժվող հիվանդին: Ասեմ, որ վինիրների խնամքը ոչնչով չի տարբերվում սեփական ատամների խնամքից, դրանց պարզապես անհրաժեշտ է ամեն օր մաքրել ատամի խոզանակով և մածուկով: Ճիշտ է, վինիրները չեն ախտահարվում կարիեսով, սակայն հիգիենայի կանոնների անտեսման դեպքում կարիես կարող է առաջանալ ատամների այն հատվածներում, որոնք ծածկված չեն վինիրներով: Կարծում եմ՝ ավելորդ է հիշեցնել ատամներով ընկույզ կոտրելու և շշեր բացելու մասին:

 

5. Կա՞ն արդյոք հակացուցումներ վինիրների տեղադրման համար:
-Հակացուցումները շատ չեն. հիմնական հակացուցումը պարոդոնտոզը՝ լնդային բորբոքումներն են, որոնց ժամանակ ատամները շարժվում են: Վինիրներ խորհուրդ չի տրվում նաև տեղադրել այն ատամներին, որոնք ախտահարված են կարիեսով: Տեղադրելու համար առաջին հերթին անհրաժեշտ է բուժել տվյալ ատամը, այնուհետև տեղադրել վինիրը, քանի որ կարիեսով ախտահարված ատամները հիմնականում կորցնում են ամուր հյուսվածքի զգալի հատված, իսկ վինիրը չի կարող վերականգնել ատամի ամրությունը: Նմանատիպ խնդիրների դեպքում առավել նպատակահարմար տարբերակ կարող է հանդիսանալ շապիկի տեղադրումը: Վինիրներ խորհուրդ չի տրվում կիրառել նաև ատամի էմալի շերտի զգալի կորստի ժամանակ, քանի որ վինիրները տեղադրվում են էմալի շերտին, և եթե էմալի շերտը բավարար չլինի, ապա հնարավոր չի լինի ապահովել ցանկալի ամրություն: Գոյություն ունի նաև մի հասկացություն՝ «բրուկսիզմ»' մի սովորություն, որի ժամանակ մարդը մշտապես ամուր սեղմում է ատամները, տվյալ պարագայում նույնպես հակացուցված է վինիրների տեղադրումը, քանի որ բրուկսիզմի ժամանակ մարդը, տևական ժամանակ ամուր սեղմած պահելով ատամները, առաջացնում է ուժ, որը կարող է վնասել ինչպես ատամները, այնպես էլ տեղադրված վինիրները: