ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (21 մայիս 2015)
Զատկի տոնից առաջ Հիսուս իմացավ, որ հասել է Իր ժամը, որպեսզի այս աշխարհից Հոր մոտ փոխադրվի. սիրեց յուրայիններին, որ այս աշխարհում են, իսպառ սիրեց նրանց։ Եւ ընթրիքի ժամանակ, երբ սատանան արդեն իսկ Սիմոնի որդի Իսկարիովտացի Հուդայի սրտի մեջ դրել էր, որ մատնի Նրան, Հիսուս իմացավ, որ Հայրն ամեն բան Իր ձեռքն էր հանձնել, և որ Ինքն Աստծուց էր ելել և Աստծու մոտ էր գնում։ Նա վեր կացավ ընթրիքի սեղանից, մի կողմ դրեց զգեստները և մի սրբիչ վերցնելով՝ մեջքին կապեց։ Եւ ապա ջուր վերցնելով՝ ածեց կոնքի մեջ և սկսեց Իր աշակերտների ոտքերը լվանալ և սրբել մեջքին կապած սրբիչով։ Մոտեցաւ Սիմոն Պետրոսին, և սա ասաց Նրան. «Տե՛ր, Դո՞ւ ես իմ ոտքերը լվանում»։

 

Հիսուս պատասխանեց նրան ու ասաց. «Ինչ որ Ես անում եմ, դու հիմա չես իմանում, բայց հետո կիմանաս»։ Պետրոսը նրան ասաց. «Իմ ոտքերը հավիտյան չես լվանա»։ Հիսուս պատասխանեց. «Եթե քեզ չլվանամ, Ինձ հետ մաս չունես»։ Սիմոն Պետրոսն ասաց Նրան. «Տե՛ր, ոչ թե միայն իմ ոտքերը, այլև իմ ձեռքերն ու գլուխն էլ լվա՛»։ Հիսուս նրան ասաց. «Լվացվածին ուրիշ բան պետք չէ, բայց միայն ոտքերը լվանալ, քանի որ ամբողջությամբ մաքուր է. և դուք մաքուր եք, բայց ոչ բոլորդ»։ Քանի որ Նա գիտեր նրան, ով Իրեն մատնելու էր, դրա համար ասաց. «Բոլորդ չէ, որ մաքուր եք»։ Եւ երբ նրանց ոտքերը լվաց, վերցրեց Իր զգեստները և դարձյալ սեղան նստեց ու ասաց նրանց. «Գիտե՞ք, թե այդ ինչ արեցի ձեզ։ Դուք Ինձ Վարդապետ և Տեր եք կոչում. և լավ եք անում, քանի որ իսկապես ե՛մ: Իսկ արդ, եթե Ես՝ Տերս և Վարդապետս, լվացի ձեր ոտքերը, դուք էլ պարտավոր եք միմյանց ոտքերը լվանալ, որովհետև մի օրինակ տվեցի ձեզ, որ, ինչպես Ես ձեզ արեցի, դուք էլ նույն ձևով անեք»:
(Հովհաննեսի ավետարան 13:1-15)

 

Ռուբեն աբեղա Զարգարյան