Ասում են՝ «Իսլամական պետություն» իսլամական ծայրահեղ արմատական կազմակերպությունն իր վերահսկողության ներքո գտնվող տարածքներում արգելել է բջջային հեռախոսների օգտագործումը: Նման արգելքի սահմանումը հիմնավորվում է այն պատճառաբանությամբ, որ հեռախոսների միջոցով ստացվող հետախուզական տվյալները կառույցի դեմ պայքարող միջազգային ռազմական կոալիցիայի կողմից կիրառվում են ռազմական նպատակներով:
Իսկ որպես պատիժ՝ օրինախախտներին սպասվում է 30 մտրակի հարված, ինչին արդեն իսկ մի քանի մարդ արժանացել է Իրաքի՝ մեծությամբ երկրորդ Մոսուլ քաղաքում ԻՊ-ի կողմից կազմակերպված տոնակատարության ընթացքում բջջայինով խոսելու պատճառով:

 

 


Մինչդեռ հետաքրքրական մի հանգամանք էլ կա՝ օրերս կառույցի գործունեությանն առնչվող մի շարք հոլովակներում երևում են բջջային հեռախոսներով նկարահանումներ կատարող մարդիկ, ինչից կարելի է եզրակացնել, որ կամ այդ նկարահանումներն իրականացվել են մինչև արգելքի սահմանումը, և որ առավել հավանական է՝ բջջային հեռախոսների օգտագործումը չի թույլատրվում կառույցի համար առանձնակի կարևորություն ունեցող բնակավայրերում:

 

 

Արմեն Պետրոսյան